Ժամանակն է թացը չորից տարբերել. Կարինե Աճեմյանը՝ Արմեն Աշոտյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան շատ լինեն կրթության ու մշակույթի գումարները, այդքան այդ ոլորտում հաջողությունները մեծ կլինեն: Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի պետական կոնսերվատորիային՝ նշելով, որ այնտեղ պետք է կառավարման համակարգը փոխվի: «Անընդունելի եմ համարում, որ երկար տարիների պրոֆեսորը կարող է 60 հազար աշխատավարձ ստանալ կամ ավելացումով 80 հազար, շատ քիչ են վճարվում: Ռեկտորն էլ վերջերս ասել էր, որ վիրահատական միջամտության կարիք կա: Կարծում եմ, որ պետք է այնպիսի ռազմավարություն մշակվեր, որ ընթացքում կառավարման մեթոդները նորացվեին: Դասական երաժշտությանն առհասարկ նուրբ պետք է մոտենալ ու խիրուրգիական միջամտությունը կարող էր ավելի վատ հետևանքների բերել», – ընդգծեց նա:

Ի պատասխան Արմեն Աշոտյանը նշեց. «Ցանկացած բժշկական միջամտություն ողջունում եմ, դրանով եմ զբաղվել իմ նախարարի պաշտոնավարման հինգ ու կես տարիների ընթացքում: Այդ միջամտությունը կլինի ուլտրաձայնային, ճառագայթային, թե օմեոպատիկ, այս պահին տեխնիկայի հարց է: Կոնսերվատորիայի մասին եթե խոսենք, պետք է արձանագրենք, որ բոլոր թերություններով հանդերձ այն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգին շարմ հադորդող բուհ է, որի կադրերի որակն իրականում բարձր է: Շատ մեծ է նրա դասախոսական կազմը, նման կազմով հնարավոր չէ հավակնել բարձր աշխատավարձի, մենք վարձատրում ենք մարդու աշխատանքը, ոչ թե նրա կոչումը, պաշտոնը», – նշեց նա:

Աշոտյանը կատակեց, որ եթե մի քանի դասախոս կրճատեն, ապա լրատվամիջոցները կրկին կգրեն, որ ջարդ է սկսել:

Շատ հետաքրքիր է, որ կոնսերվատորիայի թեմայով դուք դեռ կարողանում եք հումոր անել, որովհետև իրականում շատ տխուր է իրավիճակը: Կտրուկ քայլերը վաղուց պետք է արվեին, քանի որ դասախոսը մեկ դասաժամի համար վարձատրվում է 750 դրամ», – հայտարարեց նա՝ հավելելով, թե ժամանակն է թացը չորից տարբերել և ապահովել այդ նորմալ վարձատրությունը:

Աշոտյանը պատասխանեց, որ հումորի զգացումը միշտ իրեն փրկել է: Նախարարը նշեց, որ մի շարք բուհերի խնդիրների մասին պետք է բոլորով միասին մտածել: Որպես լուծման տարբերակ նա առաջարկեց վարձերի բարձրացումը, միաժամանակ նշելով, որ դա իր սրտով չէ:




Լրահոս