ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՅՈՒՆ ՀԵՏԱՄՆԱՑ
Արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականին, թե 2011 թվականը մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի էր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «Կայուն է այն առումով, որ ինչքան հեռու էինք աշխարհի միջինից, այնքան էլ շարունակում ենք  հեռու մնալ, մեր հետամնացությունն է կայուն: Այս առումով կայուն բառը ճիշտ է օգտագործվել: 2011-ին Հայաստանն իր հարեւան երկրների համեմատ չի կարողացել ապահովել գոնե փոքր առաջընթաց աճ: 2011-ին Հայաստանի բնակչությունը շարունակել է աղքատանալ: Եթե 2010-ին 31 տոկոս էին աղքատները, ապա 2011-ին 35,8 տոկոսի են հասել: Ի՞նչ կայունության մասին կարող է խոսք լինել, եթե աղքատների թիվը մեծացել է»:

ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ
«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ` ՀԷՑ-ի հարկային պարտավորություններն ավելացվել են 1 մլրդ 960 մլն ՀՀ դրամի չափով, որից 840,4 մլն դրամը կազմում է մայր գումարը, 1 մլրդ 119 մլն դրամը` տույժերն ու տուգանքները: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը 2011-ի վերջին քրեական գործ էր հարուցել ՀԷՑ-ի դեմ: ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատակիցները հոկտեմբերին խուզարկություններ էին սկսել ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում, որի ընթացքում առգրավվել էին կարեւոր փաստաթղթեր։ ՊԵԿ-ը համոզված էր, որ ՀԷՑ-ը պետական բյուջե չի վճարել շահութահարկի, եկամտահարկի, ավելացրած արժեքի հարկի եւ պարտադիր սոցվճարների մի մասը։ Ի պատասխան՝ ՀԷՑ-ը բողոք էր ներկայացրել ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով:

ՎՈՎԱՅԻՑ ԳՈՀ ԵՆ   
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկան նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին, ինչպես եւ ոստիկանության տարածքային մարմիններին «այն աջակցության համար, որը տրվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանն ԱԺ ընտրությունների ընթացքում»:

Ո՞Վ Է ԱՆԳՐԱԳԵՏ
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հակադարձել է վարչապետի կողմից երեկ արած այն հայտարարությանը, թե Օսկանյանի տնտեսական քննադատությունն անգրագետ է:  «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ»: Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, եւ դա բավարար կլինի հասկանալու, թե կառավարության վարած «գրագետ» քաղաքականությունն ինչ արդյունքներ է տվել»։

ԷՊԻՍՏՈԼՅԱՐ
Ինչպես եւ կանխավ խոստացել էր,  թիվ 7 ընտրատարածքում հաղթած  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր մրցակից Նիկոլ Փաշինյանին մայիսի  21-ին հրավիրել է  «Փարվանա» ռեստորան` նշելու ընտրություններում իր հաղթանակը: «Հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը»,-մասնավորապես ասված է Ալեքսանյանի հրավերքի  նամակում, որին նույն ֆորմատով պատասխանել է Նիկոլ Փաշինյանը` Ալեքսանյանին վերստին հրավիրելով հեռուստաբանավեճի. «Պարո՛ն Ալեքսանյան. Ի սրտե ուրախացա՝ տեսնելով Ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան Ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում: Ես վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու՝ Ձեզ ուղղված իմ հրավերը: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք եւ համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում Ձեր խնջույքի հրավերի քննարկումն իմաստ կունենա»:




Լրահոս