ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՄԱ ԷԼ ՀԱԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԵՆ ՄԻԱԿԱՐԾԻՔ

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ հայտարարել է, թե ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար իրենց նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբն իր աշխատանքները կսկսի երկուշաբթի օրը:

Մարգարյանը նշել է, որ սեպտեմբերից ՕԵԿ-ը նախաձեռնել էր հանդիպումներ քաղաքական ուժերի հետ, որպեսզի միասին աշխատանքային խումբ ստեղծեին եւ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված քննարկումներ սկսեին.«Բոլոր քաղաքական ուժերի հետ եղան հանդիպումներ, որոնց արդյունքում կայացվեց որոշում, որ ստեղծվի աշխատանքային խումբ: Այդ խմբում ներառված կլինեն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, որպեսզի կարողանանք մոտ ժամանակներս իրականացնել համապատասխան փոփոխությունները»,-հայտարարել է պատգամավորը:
ՕԵԿ-ականը շեշտել է, որ փոփոխությունների հիմքում պետք է լինի 100 % համամասնական ընտրակարգին անցումը: Նշված աշխատանքային խմբում խորհրդարանական խմբակցություններից ընդգրկված են ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանը, ՕԵԿ-ից էլ հենց ինքը՝ Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերում է ԱԺ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցություններին, ապա նրանք հրաժարվել են մասնակցել այդ քննարկումներին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբկացությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչու են հրաժարվել մասնակցել ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Նկատենք, որ եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանություններին առաջադրվող պահանջների թվում առաջնահերթ նշել էր ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Եվ այս դեպքում անհասկանալի է, թե եռյակի անդամներից ՀԱԿ-ն ինչո՞ւ է հրաժարվում մասնակցել այդ քննարկումներին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել չմասնակցել մի հարցի քննարկմանը, որը ՀՀ իշխանություններին առաջադրված Ձեր գլխավոր պահանջներից մեկն է: Մշտապես հայտարարվել է, որ այդ հարցի հետ կապված պետք է կոնսոլիդացիա լինի, ինչո՞ւ եք այժմ հրաժարվում Ձեր իսկ պահանջներից:
-Իմ կարծիքով ՀԱԿ-ը չի միացել, որովհետեւ կարծում է, որ այս իշխանությունների օրոք ընտրական օրենսգրքում դժվար թե փոփոխություններ իրականացնեն, երեւի իրատեսական չի համարում: Մանրամասներին տեղյակ չեմ: Իսկ ՀՀԿ-ն էլ միանշանակ չի ցանկանում, որ նման փոփոխություններ տեղի ունենան, ու դա էլ վառ ապացույցն է, որ հրաժարվել են մասնակցել այդ քննարկումներին: Իրենք հակված չեն այժմ ինչ-որ բան փոխելուն: Կարծում եմ, որ ՀԱԿ-ն ավելի քան վստահ է, որ այդ նախաձեռնությունն այդպես էլ օդում կախված է մնալու, ու նաեւ չեմ բացառում, որ այդ նախագծում կան դրույթներ, որոնց հետ ՀԱԿ-ը համամիտ չէ: Ավելի քան վստահ եմ, որ պառլամենտական կառավարման համակարգը նույնպես ներառված է այդ առաջարկությունների մեջ:
-Բայց եռյակի մյուս ներկայացուցիչները մասնակցելու են այդ քննարկումներին, այդ դեպքում ստացվում է, որ եռյակում կոնսոլիդացիա չկա՞:
-Մենք ասել ենք, որ մենք կողմ ենք կիսանախագահական կառավարման համակարգին, որքան հիշում եմ՝ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ «Ժառանգություն»-ը կողմ են պառլամենտական կառավարման համակարգին, եթե, իհարկե, համամասնական ընտրակարգով կատարվեն ընտրությունները: Հավանաբար, ենթադրում եմ… բայց ես տեղեկություն չունեմ, թե դա ինչ փաթեթ էր:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
-Պարո՛ն Բաղդասարյան, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը որոշել են երկուշաբթի օրը քննարկում սկսել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ձեր խմբակցությունը ինչո՞ւ է հրաժարվել մասնակցել այդ քննարկումներին:
-ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը նման քննարկումներ սկսել են ու եթե ցանկություն ունեին, թող այդ քննարկումները շարունակեին իրենց հետ, իրենք չգիտեմ ինչ ֆորմատով են ուզում… Արդարադատության նախարարությունում այդ քննարկումը կա, որը մենք ենք առաջարկել, եթե իրենք ցանկանում են, կարող են գնալ ու մասնակցել այդ քննարկումներին: Ժամանակը կգա, մենք ընտրական օրենսգրքի վերաբերյալ շատ ակտիվ մասնակցություն կունենանք:
-Այսինքն՝ ՀՀԿ-ն կարծում է, որ այդ հարցն այժմ արդիական չէ՞, ու անիմաստ է նման ֆորմատներով քննարկումներ անցկացնելը:
-Համենայնդեպս մենք չենք պատրաստվում այդ ֆորմատով քննարկումների մասնակցել: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նույն այդ հարցով զբաղվում է, ի՞նչ են իրենք անում, այսինքն՝ իրենք մեր առաջարկով չեն ցանկանում ինչ-որ բան անե՞լ:
-Սկզբունքի հա՞րց է ընդդիմադիր ուժերի հետ դա չքննարկելը:
-Ես բացատրեցի, որ մենք ենք առաջարկել, իրենց համար է սկզբունքային, որ այդ հարցը մեզ հետ չքննարկեն: Մենք երկու անգամ առաջարկել ենք, այդ մարդիկ ցանկանում են առանձին քննարկել, թող գնան քննարկեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ անգամ է, ինչ հանդիպում է կազմակերպում Հայաստանի խոշոր գործարարների հետ` հստակեցնելու ՀՀ կառավարության աշխատանքի հետ նոր կանոնները: Աբրահամյանը դեռեւս առաջին հանդիպման ժամանակ էր պարտավորություն ստանձնել սկսելու առաջին հերթին հենց իրենից ու իր մերձավորներից, այդպիսով, փաստորեն, ընդունելով իր գործարար լինելու փաստը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ ստվերային գործունեություն ծավալող ոլորտների եւ դրանց վերահսկողությունն ապահովող լծակների մասին:
-Պարո՛ն Սաֆարյան, ՀՀ վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ անգամ է հանդիպում հայ գործարարների հետ` հորդորելով դուրս գալ ստվերային դաշտից: Հայաստանում ստվերային տնտեսությունն արդեն այդ մակարդակո՞ւմ է, որ կառավարության ղեկավարը գործարարներից պարբերաբար պահանջում է դուրս գալ ստվերից:
-Ստվերային գործունեությունն աշխարհի որեւէ երկրում չի կարող ի սպառ վերանալ: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել եւ կշարունակվի: Երբ խոսում ենք ստվերային տնտեսության մասին, պետք է խոսենք նմանօրինակ տնտեսության չափերը կրճատելու, վերահսկողությունն այդ ոլորտում ավելի տեսանելի ու հստակ դարձնելու մասին: Կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է ստվերային տնտեսություն, չեմ կարող նշել. դա վերաբերում է հարկային վարչարարությանը: Այս բնագավառի մարդիկ կարող են հստակ բաներ ասել: Նաեւ ասեմ, որ այդ ոլորտում պետք է վերահսկողությունն ավելի խստացվի:
-Ձեր գործընկերոջ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի դիտարկմամբ` ամենամեծ ստվերը բենզինի ներկրման եւ առքուվաճառքի ոլորտում է: Ի՞նչ կասեք:
-Անկեղծ ասած, ինքս նման վերլուծություն չեմ կատարել, ուստի չեմ կարող ասել, որ դա իրոք այդպես է: Բայց չեմ կարծում, որ հենց բենզինի բնագավառում է իրականացվում ընդգծված ստվերային գործունեություն:
-Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ «Շրջանառության հարկի մասին» օրենքը, բայց այն, ըստ էության, չի կիրառվում: Օրենքի անկատարությունը որքա՞ն է շարունակվելու:
-Այդ հարցը բավականին շատ է քննարկվել, հաշվի են առնվել կողմ եւ դեմ արտահայտված կարծիքները: Չնայած այն հանգամանքին, որ դրույքաչափն իջել է, միեւնույն է՝ մարդիկ բողոքում են, որ իրենք կհայտնվեն ծանր դրության մեջ: Քննարկումներ են գնում այդ առնչությամբ: Որոշակի ընդմիջում է հայտարարվել, որպեսզի այդ բողոքողները համոզված լինեն, որ օրենքի այդ նորմն ուղղված չէ իրենց դեմ, այլ հակառակը` մեծ բիզնեսին է ավելի խանգարում: Ինչքան կտեւի այս գործընթացը, չեմ կարող ասել: Հավանաբար 5-6 ամսից պարզություն կլինի, եւ օրենքն էլ կկիրառվի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՇ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեկատարողական հիմնարկում կրքերը չեն հանդարտվում: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հոկտեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դատապարտյալներից մեկը ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի դեմ ցուցմունք է տվել` նրան մեղադրելով դատապարտյալներից գումար վերցնելու մեջ: Չնայած ՔԿՀ պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ, որ դատապարտյալներն իր անուն են տվել, «Կոշից» ստացված տեղեկություններն այլ զարգացումների մասին են վկայում: Ըստ այդ տեղեկությունների՝ օրերս ՔԿՀ պետին հրավիրել են դատախազություն: Իսկ նախօրեին էլ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության աշխատակիցներն են այցելել ՔԿՀ:

 

ԻՆՔՆԱՀՈՒՍԱԴՐՎՈՒՄ ԵՆ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեանին չի մտահոգում վերջին` հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքում արված այն հայտարարությունը, որ նրանք կողմ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Այդ հայտարարության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ԵՄ դեսպանը պատասխանեց. «Ո՛չ, մեզ համար դա ընդհանրապես մտահոգություն չէ: Երբ անցած տարի Հայաստանը որոշում կայացրեց, Եվրոպական միությունն ասաց, որ հարգում է Հայաստանի քաղաքական ընտրությունը: Այն փաստը, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի միջեւ համաձայնություն կա, դա ես գտնում եմ, որ դրական երեւույթ է հենց Հայաստանի համար»: Իսկ երբ ԵՄ դեսպանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ԵՄ-ն իրեն մեղավոր չի համարում Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությունը ընտրելու գործում, նա պատասխանեց. «ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը չի դադարեցնում իր գործընկերությունը ԵՄ-ի հետ: Ճիշտ հակառակը՝ ես գտնում եմ, որ այն, ինչի վերաբերյալ համաձայնության ենք եկել Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, այսօր էլ մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում»: Այլ կերպ ասած՝ դեսպանը դիվանագիտորեն հրաժարվեց մեր հարցին պատասխանելուց:

 

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԻԲՐ ԱՃԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն են ժամանել 941 հազար 151 զբոսաշրջիկներ: Ըստ ԱՎԾ-ի՝ 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը 13.6 տոկոսով աճել է: Նկատենք, որ 2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազար 251 մարդ: Ի դեպ, այս ցուցանիշն էլ է 2013 թվականի համեմատ աճել 12.5 տոկոսով:

 

 




Լրահոս