Աղջիկ փախցնելու գործին մասնակցած ոստիկանը չէր ուզում շրջապատի աչքից ընկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սպիտակի պահպանության բաժանմունքի ոստիկան 23-ամյա Նելսիկ Սարգսյանն աղջիկ փախցնելու գործին մասնակից լինելու մեղադրանքով (պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշով) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով տուգանվել է 200 հազար դրամով: Իսկ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ Նվեր Զարգարյանին դատարանը դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով (մարդու առևանգում հատկանիշով), սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, այլ սահմանվել է 1 տարվա փորձաշրջան:

Armlur.am-ը տեղեկանում է, որ առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և խնդրել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Մեղադրական եզրակացության համաձայն՝  Նվեր Զարգարյանը Սպիտակ քաղաքի բնակչուհի Մ. Ա.-ին բազմիցս ամուսնության առաջարկություններ անելուց և մերժում ստանալուց հետո, 2013 թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մ. Ա.-ին ամուսնության նպատակով ցանկացել է առևանգել. բռնել է վերջինիս ձեռքերից, հրելով և քաշքշելով՝ փորձել է նստեցնել իր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Պատճառն այն է, որ ընկերն ու քույրը միջամտել և կանխել են նրա հանցավոր գործողությունները:

Գործով մյուս ամբաստանյալ Նելսիկ Սարգսյանը մեղադրվում է նրանում, որ աշխատելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սպիտակի պահպանության բաժանմունքում որպես ոստիկան՝ դեպքի օրը ներգրավված լինելով շուրջօրյա ծառայության «Սև կակաչ» արտադրական կոոպերատիվի տարադրամի փոխանակման կետում, ժամը 24-ի սահմաններում, առանց վերադասի թույլտվության, թողնելով պահակակետը, իր համագյուղացի և ընկեր մյուս ամբաստանյալի առաջարկով, գնացել է  Մ. Ա.-ի ընկերոջ` Հրաչիկ Բադալյանի հետ հանդիպման:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ ոստիկանության նշված աշխատակիցը, կրելով ոստիկանության համազգեստ, ներկա է եղել նաև այն ժամանակ, երբ նրա ընկեր Նվեր Զարգարյանն ու վերջինիս քեռորդին վեճի են բռնվել Հրաչիկ Բադալյանի հետ, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով ու հայհոյելով` ծեծի են ենթարկել նրան:

Ոստիկանը սա բացատրել է նրանով, թե չի ցանկացել իր մտերիմ ընկերոջ հետ փչացնել փոխհարաբերությունները կամ համագյուղացիների մոտ իր անձի նկատմամբ վատ համբավ ստեղծել, նրանց «աչքից ընկնել»: Այսպիսով՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ ոստիկանը  հեղինակազրկել է իշխանության մարմինը` ՀՀ Ոստիկանությունը:




Լրահոս