Ծեծկռտուքի մասնակից դեռահաս աղջիկների վարքում առկա են խուլիգանության տարրեր. Նելլի Դուրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 102 դպրոցի մոտ տեղի ունեցած դեռահաս աղջիկների ծեծկռտուքի դեպքը, որի տեսանյութը տարածվել էր համացանցում, բացահայտվել է երեկ` մայիսի 22-ին, ներկայումս ընթանում է նախաքննություն: Այդ մասին, այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, դեպքի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ գալուն պես, իրենք կտեղեկացնեն: Հարցին, թե ծեծկռտուքի մասնակից աղջիկներին ինչ պատիժ է սպասվում, նա պատասխանեց, որ նախ տեղի ունեցածում առկա են խուլիգանության տարրեր, ապա հավելեց, որ չի կարող ասել, թե ինչ պատժի կարժանանան, քանի որ ընթանում է նախաքննություն, բայց աղջիկներն անպայման հաշվառման կվերցվեն:
Ինչ վերաբերում է նմանատիպ մյուս տեսանյութերին, Ն. Դուրյանն ասաց, որ դրանք դեռ ուսումնասիրվում են, նոր բան չկա: Հարցին, թե նմանատիպ դեպքերը վերջին շրջանում ավելացե՞լ են, հասարակությունն է սկսել ավելի շատ խոսել դրա մասին, նա արձագանքեց, որ հակված է երկրորդ տարբերակին եւ համոզմունք հայտնեց, որ աղջիկների կողմից նման վարքագիծը շատ հազվադեպ է հանդիպում:
“Ընդհանուր առմամբ, նման դեպքերը բացահայտելու եւ կանխելու նպատակով, միայն ոստիկանության գործողությունները քիչ են, անհրաժեշտ է սերտ համագործակցություն դպրոցի եւ ծնողների հետ, որպեսզի կարողանան փոխել երեխայի վարքագիծը: Դրա համար բարի կամքի դրսեւորումներ են պետք”,-ընդգծեց Նելլի Դուրյանը:




Լրահոս