ՀՅԴ ներկայացուցիչը դատապարտել է փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների կիրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպայի Երիտասարդ ընկերվարականների կազմակերպության (ECOSY) նախաձեռնությամբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, մայիսի 18-20-ին, կայացել է սեմինար` “Պայքար աջ-ծայրահեղականության դեմ եւ գաղթականության ու համարկման խնդիրները” թեմայով: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ սեմինարը հյուրընկալում էր Շվեդիայի ընկերավար-ժողովրդավարական կուսակցության (SAP) երիտասարդական կազմակերպությունը (SSU): ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել է ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության անդամ եւ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի աշխատակից Անահիտ Հարությունյանը: Սեմինարին մասնակցել են պատվիրակներ եվրոպական երկրներից, ինչպես Չեխիայից, Բելգայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից եւ այլն: Նշենք, որ Սեւծովյան տարածաշրջանի պետություններից սեմինարին մասնակցում էր միայն Հայաստանը: Սեմինարի ընթացքում քննարկվել են ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների դերը եւ կարեւորությունը աջակողմյան ծայրահեղական եւ նեո-նացիստական շարժումների դեմ պայքարելու գործընթացում: ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի տեսակետը այս խնդրի վերաբերյալ` դատապարտել է ցանկացած գործողություն ուղղված փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառմանը եւ ճնշման գործադրմանը, նշելով որ ցանկացած ժողովրդավարական պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով փոքրամասնությունների ազատ համարկումը հասարակություն: Քննարկումներին մասնակցելուց բացի ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պատվիրակների հետ, որտեղ քննարկվել են երկուստեք համագործակցության եզրերը։




Լրահոս