ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՆԻ՞ ԲԱՆԿ ԿՍՆԱՆԿԱՆԱ

Բանկային համակարգը Ռուսաստանում խորը ճգնաժամ է ապրում: Ռուբլու արժեզրկումն ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը այս երկրի ֆինանսական շուկաների վրա, ինչպես նաեւ օտարերկրյա կապիտալի արտահանումը լուրջ ցնցումներ են առաջացրել բանկային համակարգում:

Մինչ այդ էլ տեղեկություն տարածվեց, որ ՌԴ կենտրոնական դրամատունն արդեն հասցրել է մի քանի բանկերի զրկել գործունեության լիցենզիայից: Այս կտրուկ քայլը շատ նման է այն իրավիճակին, որում մեր երկիրը հայտնվել է 90-ականների կեսերին, այսպես կոչված՝ բանկային բումի ժամանակ: Տարեվերջին խոշոր համարվող մոսկովյան մի քանի բանկեր անսպասելիորեն հայտարարեցին սնանկացման մասին:
Ռուսական ֆինանսական շուկաներից մեծապես կախված (թեկուզեւ տրանսֆերտների մասով) հայկական բանկերի սնանկացման հավանականությունը մեր երկրի կենտրոնական դրամատունն, իհարկե, բացառում է: Այս կառույցից երեկ «Ժողովուրդ»-ին հավաստիացրեցին, որ գործող 21 բանկերը ընդհանուր վերահսկողության դաշտում են գտնվում ու առայժմ ապահովում են կապիտալի եւ իրացվելիության նվազագույն պահանջները: «Ինչպես բանկային համակարգի, այդպես էլ առանձին բանկերի ֆինանսական վիճակը գնահատվում է բավականին կայուն»,-վստահեցրին կառույցից: Նշվում է նաեւ, որ վարկերի վերադարձելիությունը շարունակում է մնալ բավական բարձր, թեեւ, ըստ այլ աղբյուրներից ճշտված տեղեկությունների՝ դեռեւս հունվար ամսվա վերջի դրությամբ հայկական բանկերում ժամկետանց վարկերը 25,3 մլրդ դրամ են կազմել:
Այսպիսով՝ կարելի է հասկանալ, որ մեր բանկերին ամենաշատը երկարաձգված կամ չվերադարձվող վարկերի խնդիրն է անհանգստացնում: Ասել է թե՝ նրանք հեշտությամբ վերցնում են, բայց մեզ դժվարությամբ են տալիս: Չնայած սա դեռ հարցի միայն մի կողմն է:
Նշենք, որ տարբեր ժամանակներում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած եւ ՀՀ-ում գործող բանկերի մեծ մասը ռուսականների հայկական «կատարումներն են»: Նույնանուն ֆինանսական կառույցների կարելի է հանդիպել հյուսիսային երկրի ամբողջ տարածքում: Հենց այդ պատճառով էլ հայկական բանկերի մեծ մասի պաշտոնական կայքէջերում այդպես էլ չհայտնաբերեցինք հայ սեփականատերերի անուններ. այնտեղ մեծամասամբ ռուս բաժնետերերի անուններ են: Կամ էլ կայքերը նման բաժին պարզապես չունեն: Ճիշտ է, հաճախ է ասվում, թե սկսած երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանից մինչեւ ամենատարբեր օլիգարխներ այս կամ այն բանկի սեփականատերերն են, բայց իրականությունն այն է, որ մերոնք բանկի բաժնեմասի գոնե կեսին չեն տիրապետում: Այսինքն՝ ֆինանսական ճգնաժամի ալիքը Հայաստանում նույնպես անխուսափելի կարելի է համարել:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կենտրոնական բանկից պարզել, թե սնանկացող կամ առնվազն խոշոր կորուստներով աշխատող ռուսական բանկերի կրած վնասներն ինչպե՞ս կարող են չանդրադառնալ հայկական մասնաճյուղերի ֆինանսական վիճակի վրա: Սակայն Կենտրոնական բանկից այս հարցեը չմեկնաբանեցին:
Իհարկե, ԿԲ-ի կարգավիճակն հասկանալի է, քանի որ «այս գլխից» վատ կանխատեսումներ անելը կարող է խուճապ առաջացնել ֆինանսական կառույցների մոտ: Բայց միաժամանակ, չի կարելի անտեսել աշխարհում՝ այդ թվում եւ մեզ համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող զարգացումները: Եթե «մայր ձեռնարկությունների» գործերը լավ չեն, ինչպե՞ս կարող են «ուստրերն ու դուստրերն» իրենց լավ զգալ:

ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՄԵՆԱԿ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Այս կիրակի ՀՀ Տավուշի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Զորական համայնքի ղեկավարի ընտրության համար մինչ այս առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մեկն ինքնաբացարկ է հայտարարել: Պայքարի մեջ մնացել է միայն համայնքի գործող ՀՀԿ-ական ղեկավարը՝ Սուրեն Մարտիրոսյանը: Խաչարձանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար նույնպես պայքարելու է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Գագիկ Շահնազարյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց երկու համայնքապետերի հետ:

Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյան
-Հետաքրքրվե՞լ եք, թե Ձեր մրցակիցն ինչու է ինքնաբացարկ հայտարարել:
-Չէ, չեմ հետաքրքրվել:
-Մենակ եք պայքարելո՞ւ:
-Հա, մենակ ենք պայքարելու: Ինքը հաշվարկ է արել, իր ձայները քիչ են եղել, դրա համար ինքնաբացարկ է հայտարարել:
-Դուք հաշվարկե՞լ եք Ձեր ձայները:
-Չէ, ձեզ եմ կանչելու, որ հաշվարկ անեք (ծիծաղում է-Ս.Հ.):
-Պարոն Մարտիրոսյան, լարվածություն կա՞ր Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ:
-Հա, լարված ենք, թուր ու թվանք ենք:
-Ինչո՞ւ:
-Դե, համերաշխություն մտցնող չկա:
-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Տասը:
-Հավատո՞ւմ են Ձեզ զորականցիները:
-Այո: Կասկածո՞ւմ եք:
-Չեմ կասկածում: Տասը տարվա մեջ ի՞նչ խնդիր եք լուծել գյուղի համար:
-Ոչ մի: Դեռ սաղ կիսատ է:
-Ինչո՞ւ: Գումար չկա՞:
-Չէ: Չի հերիքում գումարը:
-Մարզպետը, պետությունը չե՞ն օգնում:
-Չէ… օգնում են, չի հերիքում:

Խաչարձանի գյուղապետ՝ Գագիկ Շահնազարյան
-Պարոն Շահնազարյան, Դուք նույնպես մենակ եք պայքարում:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչու է ինքնաբացարկ հայտարարել, որովհետեւ իմ հարաբերությունները, որ սուտ չասեմ, նրա հետ այդքան էլ լավ չեն:
-Առաջին անգամ էր Ձեզ հետ պայքարում:
-2003-ից ես անընդմեջ գյուղապետ եմ ընտրվել, բայց սա առաջին դեպքն էր, որ մենակ եմ լինելու որպես թեկնածու: Ես էլ եմ զարմացած:
-Լա՞վ է այդպես:
-Իմ համար շատ լավ է, բայց մարդկանց համար այդքան էլ չէ: Ասում են, որ հետաքրքրություն չկա:
-Վերընտրվելուց հետո ի՞նչ խնդիր եք լուծելու:
-Ծրագրում եմ դպրոցի վերանորոգումը, բայց մի կարեւոր խնդիր էլ կա՝ խմելու ջուրը: Իմ ուժերից վեր է: Մարզպետն էլ խոստացել է հնարավորության սահմաններում օգնել:
-Ինչի՞ց են շատ մտահոգվում Ձեր գյուղի բնակիչները:
-Դե, իհարկե, մտահոգվում են էլեկտրաէներգիայի, գազի բարձր գներից: Այսօր էլ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն էին քննարկում: Ամեն ինչից մտահոգվում են:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԴԵՌ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ Է

150 աշխատող ունեցող Իջեւանի «Բենտոնիտ» գործարանը 2013թ. նոյեմբերի վերջից արտադրանք չի թողարկում: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության չաշխատելու պատճառները շուտով կվերացվեն, եւ 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել: Նա վստահեցրել էր, որ լիցենզիա ձեռքբերելու հետ կապված աշխատանքների մեծ մասն արվել է, փետրվար ամսվա մեջ ընկերությունը լիցենզիա կստանա եւ կսկսի արտադրանք թողարկել: Արդեն մարտն է, սակայն լիցենզիան դեռ չի տրամադրվել: Մ.Թոփալյանը մեզ հայտնեց, որ լիցենզիա ձեռքբերելը բավականին երկարատեւ գործընթաց է, քանի որ դա համաձայնեցվում է 3 նախարարությունների հետ: Կոմերցիոն մենեջերի վկայությամբ՝ գործարանը թողարկված արտադրանքի՝ բենտոնիտային կավերի փոշու զգալի պաշար ունի, որն այժմ արտահանում է Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ գործող ընկերությունը, որն էլ ղեկավարում է Իջեանի «Բենտոնիտ» կոմբինատը, իրականացնում է արտադրանքի առաքումը տարբեր կազմակերպություններին: Մարտիրոս Թոփալյանն ասաց, որ առաջիկա 15 օրվա ընթացքում կոմբինատը հանքանյութ արդյունահանելու լիցենզիան կստանա եւ կվերսկսի արտադրությունը:
Իսկ մինչ այդ ձեռնարկության աշխատակազմի մեծ մասը՝ արտադրության մեջ ընդգրկված բանվորները, անգործության են մատնված: Տավուշի մարզում խոսակցություններ են տարածված, որ մարզի բարձրաստիճան մի պաշտոնյա խոչընդոտում է «Բենտոնիտ» կոմբինատին լիցենզիա տրամադրելու գործընթացին: Այդ մասին մեր հարցին ի պատասխան՝ «Բենտոնիտ» կոմբինատի կոմերցիոն մենեջերը վստահեցրեց, որ նման բան չկա, իրենց որեւէ մեկը չի խանգարում եւ չի էլ կարող խոչընդոտել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԶՐԿՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներն առաջիկայում կզրկվեն իրենց բնակարաններից, որոնք գտնվում են «Դեպո»-ի տարածքում կառուցված հանրակացարաններում: ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ նրանց պետք է տեղափոխեն այլընտրանքային բնակության վայր, որի հետեւանքով առաջացել է աշխատակիցների դժգոհությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Վահե Դավթյանը տեղեկացրել է, որ շուրջ 101 աշխատակից 1990-ականներից ապրում է «Դեպո»-ի տարածքում գտնվող այդ հանրակացարաններում եւ անվտանգության նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ, որպեսզի այդ հանրակացարաններում մարդիկ ապրեն: Այս պահի դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղու» եւ նախարարության համար առաջին խնդիրը բնակիչների անվտանգությունն ու բարեկեցությունն է: Նա նաեւ նշում է, որ աշխատակիցների մոտ դժգոհություններ կան տեղափոխման հարցի շուրջ, բայց նրանց հետ տարվում են իրազեկման աշխատանքներ:

Ն. Պ.




Լրահոս