ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՏԻ 8-Ը

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային տոնը, որը նշվում է 1911 թ.-ից։ Ու, չնայած արդեն քանի տարի մեզ մոտ տոն է համարվում նաեւ Ապրիլի 7-ը՝ որպես Մայրության եւ գեղեցկության օր (այն սահմանվել է Հայ եկեղեցու Ավետման տոնի հիման վրա, խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի սուրբ հղիության ավետման օրը), սակայն գրեթե բոլորը շարունակում են առաջնայինն ընդունել Մարտի 8-ը։ Ներկայացնում ենք կանանց տոների շուրջ մեր փոքրիկ հարցազրույցը երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի հետ։

-Սովորաբար ինչպե՞ս եք նշում Մարտի 8-ը։
-Վերջին, երեւի թե, քսանհինգ տարիներին անընդհատ համերգների, ինչ-որ այլ միջացառումների հրավերներ են լինում Երեւանի քաղաքապետարանից, Մշակույթի նախարարությունից, պաշտոնական այլ մարմիններից, որոնց, բնականաբար, ես փորձում եմ մասնակցել։ Այնպես որ՝ այդ օրվա մեծ մասը հիմնականում տանը չեմ լինում։ Իհարկե, հաճելի նվերներ են լինում բացիկների, ծաղիկների տեսքով։ Իսկ արդեն ընտանեկան միջավայրում ընտանիքի անդամները, ամուսինս է անպայման այդ օրը գեղեցիկ նվեր մատուցում։
-Օրինակ՝ անցյալ տարի նա ի՞նչ է նվիրել, եւ արդյոք գուշակում եք, թե այս տարի ինչ նվեր կստանաք:
-Ամուսնուս բոլոր նվերները կոնկրետ այս պահին չեմ կարող հիշել։ Անցյալ տարի վզնոց էր նվիրել, իսկ այս տարի՝ դեռ չգիտեմ։ Ամեն դեպքում` ծաղիկները պարտադիր են, դրանք անպայման լինում են։
-Ի՞նչ ծաղիկներ եք սիրում ։
-Վարդեր եմ սիրում։
-Ի՞նչ գույնի։
-Ամեն գույնի։
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ՝ դիմացինին հաճույք պատճառելու ակնկալիքով, թե՞ ինքներդ հաճույք ստանալ նվեր ստանալուց։
-Կարծում եմ՝ չկա կին, որ չսիրի նվեր ստանալ ու նաեւ նվիրել։ Երկու դեպքում էլ գերագույն հաճույք եմ ստանում, մանավանդ, եթե գիտեմ, որ իմ նվերը ինչ-որ կերպ պետքական է լինում ու նաեւ դուր է գալիս դիմացինին։
-Նախօրոք հետաքրքրվո՞ւմ եք ինչ նվիրել, այսինքն՝ թեկուզ կենցաղային իր, որն անհրաժեշտ է տվյալ կնոջը։
-Բնականաբար, հարազատ մարդկանց եմ նվերներ տալիս ու, ինչպես էլ լինի, այդ ամիսների ընթացքում նախապես հարցուփորձ եմ անում, թե ինչի կարիք ունեն կամ ինչ են ցանկանում։ Այնպես` որ դա ցանկալի նվեր լինի։
-Ապրիլի 7-ն է Ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ Մարտի 8-ը։
-Հիմնականում նշում ենք Մարտի 8-ը, որը, կարծում եմ, միշտ էլ կմնա հիմնական տոն։ Որքան էլ Ապրիլի 7-ը փորձում ենք մերը դարձնել, բայց Մարտի 8-ից է սկսվում կանանց տոնը։ Հաճելի է, բնականաբար, որ այն մեկ ամիս է տեւում. ո՞ր կնոջը դա հաճելի չէ։ Բայց ես ցանկանում եմ, որպեսզի տղամարդկանց տոն, այն պետականորեն նշելու կոնկրետ օր նույնպես լինի։ Ոչ թե որպես տղամարդկանց տոն նշվի արհեստականորեն ստեղծված փետրվարի 23-ը (մենք ինչ կապ ունենք նախկին Սովետական բանակի օրվա հետ), այլ մեկ ուրիշ օր։
-Իսկ գուցե Հայոց բանակի ստեղծման օրը՝ Հունվարի 28-ը համարենք տղամարդկանց տոն։
-Ոչ, ոչ, պետք չէ տղամարդկանց տոնը պարտադիր կապել բանակի հետ, կարծում եմ՝ պետք է կոնկրետ տղամարդկանց տոն լինի, ինչպես որ կանանց տոն կա։
-Որոշ երկրներում նշվում են տղամարդկանց տոներ, որոնց մասին մեզ մոտ գրեթե ոչ ոք չգիտի։
-Մենք մերը կարող ենք ընտրել ու ամեն տարի նշել։ Ինչո՞ւ պիտի անպայման ուրիշինը վերցնենք։ Կարելի է այդ ուղղությամբ մի բան մտածել։
Հ.Գ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Տղամարդկանց միջազգային օր, որը նշվում է նոյեմբերի 19-ին: 1999թ.-ին այն առաջին անգամ տոնել են Տրինիդադ եւ Տոբագոյում, ապա Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում: ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի առաջարկով էլ որոշ միջազգային կազմակերպությունների կողմից նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է որպես Տղամարդկանց համաշխարհային օր։

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱՃԵՑՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ԿՑԱՆԵՆՔ»

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Մոնրեալի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի եւ այլ կինոփառատոներում: Նա նկարահանել է «Խաղեր», «Հոսք», «Սուրբ ծեսերի երկիր», «Մարիամ» ժապավենները, «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը, որը 2010թ. Մեծ Բրիտանիայի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն եվրոպական դոկումենտալ ֆիլմ» մրցանակին: Այդ ֆիլմի համար ռեժիսորն արժանացել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Ռեժիսորն այսօր դառնում է 50 տարեկան։

Շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ եւ նոր ստեղծագործական բարձունքներ մաղթելով` ներկայացնում ենք նրա կարծիքը հայկական կինոյի վերաբերյալ.
«Նույնիսկ խորհրդային, ինչպես շատերին է թվում, «ոսկե» կինեմատոգրաֆիական ժամանակներում հայկական կինոն ոչ շատերին էր հետաքրքրում: Ես նույնիսկ չեմ ասում համաշխարհային էկրանների մասին, հայկական կինոն ոչ միշտ էր ունենում համամիութենական «պրոկատ» առաջին էկրաններին եւ գոյատեւում էր բազմազգ արվեստի կրթության ազգային քաղաքականության հարացույցում։ Հայկական կինոյի` միջազգային ասպարեզներում լինել-չլինելու հարցը որոշվում էր Մոսկվայում: Դրա մասին, չգիտես ինչու, մոռանում են խորհրդային անցյալի որոշ գաղափարախոսներ։ Այսօր աշխարհագրությունն անհամեմատ լայն է, եւ կան լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզում: Այլ հարց է` ինչպես գոյատեւեն Հայաստանի նման երկրները ամերիկյան կինոյի տոտալ մենիշխանության պայմաններում, ինչպես չկորցնեն սեփական դեմքը կինոյում ընթացող գլոբալիզացիոն գործընթացներում։ Իսկ որ դրանք կան, վայրկյան անգամ մի՛ կասկածեք: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է ինտեգրվել համաշխարհային կինեմատոգրաֆիական դաշտին, որը նույնպես ինքնին բարդ խնդիր է, քանի որ քեզ ոչ ոք ուրախությամբ չի սպասում. դու քչերին ես հետաքրքրում: Այսպես ասած, ամերիկյան տոտալ կինոէքսպանսիայի պայմաններում ամեն մի երկիր լուծում է սեփական խնդիրները, եւ մենք էլ պիտի լուծենք մերը: Առաջին հերթին պետք է մեր անտարբեր խորհրդարանին արթնացնենք, որ վերջապես ընդունի օրենք կինոյի մասին, ինչն արդեն շրջանառվում է գրեթե քսան տարի: Եվ միայն դրանից հետո այդ դաշտում պետք է աճեցնենք այն, ինչ որ կցանենք»:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում յոթերորդ անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների գեղեցկության մրցույթը: Ըստ նրա՝ այս տարվա մրցույթի ձեւաչափը մի փոքր փոփոխված է: Եթե նախկինում մրցույթն անցկացվում էր մասնակիցների ուղարկած նկարների հիման վրա եւ Ժյուրին ընտրում էր լավագույն տասնյակին, այս տարի արդեն փորձելու են անցկացնել իրական գեղեցկության մրցույթ: «Հեղինակավոր ժյուրին լուսանկարներով կընտրի լավագույն տասնյակին, իսկ այնուհետ արդեն բեմում այդ տասնյակից կընտրվեն հաղթողները»,-տեղեկացրել է Ա. Ալավերդյանը:
Ավելացնենք, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 40 հոգի: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 14-ն է: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:

 

ՄԱՅՐԱՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

2013 թվականի հոկտեմբերին ամուսնացած Մարինա Թագակչյանն ու Ալեքսանդր Քալանթարն այս տարվա հուլիսին ծնողներ կդառնան: Երգահան-հեռուստահաղորդավարուհին հաստատել է իր հղիության մասին լուրը եւ հայտնել, որ ըստ բժշկական հետազոտության, դուստր է ունենալու:

 

ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԶԱՆԳԵՐ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գարնանային անակնկալ է պատրաստել իր բաժանորդների համար: «Ալո մենք», «ԵՍ» եւ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն 2014թ. մարտի 8-ից ապրիլի 7-ն ուղարկել *024# հրահանգը եւ կատարել անսահմանափակ զանգեր ցանցի ներսում՝ օրական ընդամենը 150 դրամով:
Ծառայության ավտոմատ երկարացումն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:
Տեղեկացնում ենք, որ ռոումինգում գտնվելիս ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում կատարված զանգերի համար վճարը հաշվարկվում է ռոումինգում գործող սակագներով:

 




Լրահոս