ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ «ԼՔՈՒՄ» ԵՆ ՑՈՒՑԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունից 69 հոգի ինքնաբացարկ է հայտնելու: Երեկ փորձեցինք զրուցել այն ՀՀԿ-ականների հետ, որոնք պարտադիր պետք է ինքնաբացարկ ներկայացնեն կամ էլ արդեն ներկայացրել են: Որոշ ՀՀԿ-ականներ մեզ հետ զրույցի ժամանակ «նեղված» էին իրենց ինքնաբացարկի համար եւ հազիվ էին պատասխանում մեր հարցերին:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ
-Դուք էլ եք ինքնաբացարկ ներկայացրել, ինչո՞ւ չեք ուզում Ազգային Ժողով գնալ:
-Խնդրում եմ, էլի՛, հարցեր մի՛ տվեք, մի երկու օրից բոլոր հարցերին պատասխան կտրվի:
-Բայց ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եք ընդգրկված, հիմա էլ ինքնաբացարկ եք հայտնել, խնդրում եմ ասե՛ք` ի՞նչն է դրա պատճառը:
-Համամասնականից հանվել եմ, այո՛, որովհետեւ ես աշխատում եմ գործադիրում:
-Օրենսդիրում Ձեզ չե՞ք տեսնում:
-Այս պահին ո՛չ: Կուսակցությունով ենք ընդգրկվել համամասնական ցուցակ, իմ որոշումով եմ ընդգրկվել, հետո հարցը կուսակցությունով քննարկել ենք: Ամեն ինչի պատասխանը կլինի մի քանի օրից, էլի:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
-Ինչո՞ւ եք ինքնաբացարկ հայտնել, ժողովուրդը Ձեզ քվե է տվել, որպեսզի գնաք ԱԺ:
-Ես, այո՛, ինքնաբացարկ հայտնել եմ, որպեսզի կուսակցությունում շարունակեմ իմ աշխատանքը, իսկ մյուսները կգնան Ազգային Ժողով, մյուս մասն էլ կգնա կառավարություն, դա Ձեզ բավարարո՞ւմ է:
-Բայց ի՞նչն էր պատճառը, որ հրաժարվեցիք Ձեր մանդատից:
-Ես ինձ տեսնում եմ ընդեղ, որտեղ կուսակցությունը կորոշի, որտեղ նպատակահարմար կգտնի, եւ այնտեղ, որտեղ իմ հնարավորություններն ավելի արդյունավետ կօգտագործեմ կուսակցության աշխատանքների համար:
-Այսինքն՝ կուսակցությո՞ւնն է որոշել, որ Ձեր մանդատը պետք է վայր դնեք:
-Չէ՛, ես ինքս եմ որոշել:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ
-Պարո՛ն Զախարյան, Դուք էլ եք Ձեր մանդատը վայր դրել եւ հրաժարվել ԱԺ գնալուց, ինչո՞ւ:
-Գիտեք ինչ, եկե՛ք պայմանավորվենք՝ այդ մասին կուսակցությունը կասի:
-Բայց ինքնաբացարկը Դուք եք հայտնել…
-Վերջնական որոշում որ կլինի, ես կասեմ, հաջողություն:

ԱԺ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
-Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ համամասնական ցուցակի մինչեւ 111 համարն է անցողիկ, իսկ Դուք 114 համարն եք, այսինքն՝ Դուք չեք լինի ԱԺ-ում:
-Համարն ի՞նչ կապ ունի, դա Գալուստ Սահակյանի՛ն հարցրեք, ի՞նչ ասեմ: Ի՞նչ ինքնաբացարկի մասին է խոսքը:
-Այսինքն՝ ԱԺ-ում լինելո՞ւ եք:
-Ուզո՞ւմ եք տեսնեք: Եթե ուզում եք` կտեսնեք:

ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-ՀՀԿ-ականներն արդեն ինքնաբացարկ են ներկայացնում, մեր տեղեկություններով՝ 69 հոգի իրենց մանդատը վայր են դնելու:
-Ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, որպեսզի ավելի պարզ լինի ձեր ընթերցողների համար, ասեմ՝ պառլամենտում 131 տեղ է, եթե մենք ներկայացրել ենք 253-հոգանոց ցուցակ, ապա հավակնություն չենք ունեցել 131 հոգու տեղ ունենալու, բնականաբար, շատ պարզ էր, որ ցուցակից ոչ բոլորը կլինեին պառլամենտում: Եւ տրամաբանական է, որ մեր հաղթանակից հետո հիմնականում  ինքնաբացարկի դիմումներ կգրեն մարզպետներ, փոխմարզպետներ եւ այլն:
-Կասե՞ք՝ կոնկրետ այսօր քանի հոգի է ինքնաբացարկի դիմում ներկայացրել:
-Կոնկրետ չեմ կարող ասել, որովհետեւ ինձ մոտ չեն գրում, կարեւորը պրոցեսն է, մարդ կա՝ այսօր է գրելու, մարդ կա՝ վաղն է գրելու: Մարդիկ, դա գրելով, չեն նեղանում կուսակցությունից, մեզ մոտ որ գրում են, շարունակում են աշխատել կուսակցության համար:

ԱԺ պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Դուք ե՞ւս որոշել եք Ձեր մանդատը վայր դնել:
-Ամեն մարդ իր կարծիքն ունի,  ամեն մարդ ինքն է որոշում՝ ինքնաբացարկ անելու է, թե ոչ: Օրը կգա` կորոշենք, ի՞նչ կա այդտեղ, ես հրատապ բան չեմ տեսնում, ի՞նչ եք էդպես խառնվել իրար:
-Կուսակցությո՞ւնը պետք է որոշի Ձեր ինքնաբացարկի հարցը, թե՞ Դուք:
-Կուսակցությունը երբ որ իր վերջնական որոշումը կայացնի, թե ով է, ինչ է, քանի հոգի է գնալու, բնական է, որ ամեն մարդ իր վճիռը կկայացնի: Դեռ ոչ մի բան որոշված չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս