ԱՐԱ՛Մ ՋԱՆ, ՀԱԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ՄԻ՛ ԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էին եկել մի խումբ կանայք, որոնք նշեցին, թե ցանկանում են իրենց խոսքն ասել խաբված ժողովրդին: Նրանք շատ վրդովված էին հատկապես Ազգային Ժողովի կեղծված ընտրություններից եւ նրանից, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դուրս է եկել Կոնգրեսից:
«Մեր վրդովմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից դուրս է գալիս եւ քննադատում է Լեւոն-Տեր Պետրոսյանին: Լեւոնի նմանները հարյուր տարին մեկ են ծնվում: Երբ 90-ական թվականներին Եվրոպա էինք գնացել, տեսանք,  որ միտինգներ են անում, մոտեցանք տեսնենք՝ ինչ է, մի լեհ կին, տեսնելով մեզ, հարցրեց՝ դուք հա՞յ եք, ասացինք՝ հա՛, ասաց՝ մենք նախանձում ենք ձեզ, դուք այնպիսի նախագահ ունեք: Ու ասաց՝ ի վերջո հայ ժողովուրդը մոռացել է լացել: Մենք մեզ այնքան լավ զգացինք, որ մեր նախագահին ամբողջ Եվրոպան գիտի»,-նշեցին մեր զրուցակիցները:
Ըստ նրանց՝ Արամ Սարգսյանը շատ սխալ է արել, որ ՀԱԿ-ից դուրս է եկել. «ՀԱԿ-ը Լեւոն չի, ՀԱԿ-ը ժողովուրդ է, Արամ Սարգսյանը կարա Լեւոնից նեղանա, բայց ժողովրդից իրավունք չունի նեղանալ, որովհետեւ մենք 2003 թվականին «Արդարություն» դաշինքի համար պայքարել ենք, Դեմիրճյանը, Սարգսյանը գնացել են, ԱԺ պատգամավորներ են դառել, ճիշտ է, իրենց հետ քաշ են տվել սրիկաների՝ Արշակ Սադոյանին, Վազգեն Մանուկյանին, Դեմկուսի Արամ Սարգսյանին, Շավարշ Քոչարյանին, որոնք Դեմիրճյանին առաջին դավաճանողներն են, հիմա նույնը կրկնվում ա»,-ասացին կանայք:
«Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան մեծ մարդ ա, որ մի օր չասաց` լսի՛, Արա՛մ, ես քո ախպոր քաշվածն եմ, քո ախպերը ստիպեց, որ ես հրաժարական տամ, քո ախպերը Քոչարյանին բերեց ու մեր այս գյոզալ երկիրը այլանդակեց: Ու դրանից հետո մեր ազգը դարձավ ստրուկ: Ինչ-որ մենք տեսանք էս ընտրությունների ժամանակ… երեւի էն ամենահետամնաց ազգերում սենց ընտրություն չէր եղել, մարդկանց քարշ տալով բերում էին ընտրությունների»,-պատմեցին նրանք: Կանայք նշեցին նաեւ, որ «Հանրապետություն» կուսակցությունում շատ մարդիկ կան, որոնց  համար  իրենց սիրտն ավելի կցավա, եթե կուսակցությունը որոշի դուրս գալ ՀԱԿ-ից. «Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը, Արտակ Զեյնալյանը… շատ լավ կորիզ ունի, մենք չենք ուզում, որ գնան… Երբ Գրետա մայրիկը նստել էր նախագահի նստավայրի մոտ, ոչ մեկ չեկավ, էլի ժողովուրդը նրա կողքը հավաքվեց, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Դեմիրճյանի ընտանիքն էին իր կողքին, Արամի ընկեր Նեմեց Ռուբոն չկար: Բա էսքանից հետո, Գրետա՛ մայրիկ, դու գնում ես Շուշի ու Սերժից մեդա՞լ ես ստանում»,-հռետորական հարց ուղղեցին մեր զրուցակիցները:
«Մենք ասում ենք՝ Արա՛մ ջան, ՀԱԿ-ից դուրս մի՛ արի, չե՞ս ուզում ԱԺ գնալ, էլի մի՛ գնա, բայց դու ներսում պայքարի, ասա չէ՛, սենց պետք է լինի, ժողովրդի մոտ էդ հարցը բարձրացրու ու մինչեւ վերջ պայքարի: Էն էլ ասենք, որ Լեւոնը ԲՀԿ-ի հետ սիլի-բիլի չի արել, սխալ բաներ են խոսում»,-վստահեցրին կանայք:
Անդրադառնալով ԱԺ ընտրություններին, ՀԱԿ համակիրները նշեցին, որ իրենք վստահված անձինք են եղել եւ իրենց աչքերով են տեսել, թե ինչ ընտրակեղծիքներով են անցել ընտրությունները, եւ շատ են ափսոսում մեր հայ ազգի համար, որի մեծ մասն ընդամենը գրոշներով վաճառեց իր երեխաների ապագան:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս