ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. հոկտեմբերի 2-ի Այրումի սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350-մետրանոց հատվածը մինչ այժմ չի վերականգնվել: Մարտի կեսերից «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սկսել է սողանքից  փլված  ճանապարհահատվածի վերականգնումը, պետք է հեռացվի հողի հսկայական զանգվածը: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է 550 միլիոն դրամ: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ ղեկավար Էդվարդ Բեզոյանն ասաց, որ իրենց ընկերությունն ունի անհրաժեշտ տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները, որպեսզի պայմանագրով նախատեսված ժամկետից՝ հուլիսի 16-ից շուտ վերականգնի քանդված  ճանապարհը:
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերին՝ ձմռան ցրտին, պետբյուջեի ֆինանսավորմամբ Իջեւանում, Կողբում, Նոյեմբերյանում համայնքային նշանակության ճանապարհներ էին ասֆալտապատում, իսկ միջպետական ճանապարհի սողանքից քանդված հատվածում մեծ լռություն էր: Հնարավո՞ր չէր այդ 550 միլիոն դրամն ավելի շուտ հատկացնել, ներհամայնքային ճանապարհների ձմեռային ասֆալտապատումը միջպետական ճանապարհի վերականգնումից հրատա՞պ էր:
Այրումի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: 40-50 տոննա քաշով մեքենաների ճնշումից Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց հատվածներում ասֆալտի ծածկույթը շարքից դուրս է եկել:  Հավելենք, որ Այրումի սողանքից քանդված հատվածում վթարվել է Դեբեդի հովտի 8 համայնքների ավելի քան 1000 հա տարածքն ինքնահոս ոռոգող ջրագիծը: Այդ ջրագծի վերականգնումը պետք է կատարվի միջպետական ճանապարհի վերականգնումից հետո: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ի պատասխան Դեբեդի հովտի գյուղապետերի խնդրանք-հորդորների, հավաստիացնում էր, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը սողանքից փլուզված ինքնահոս ջրագիծը վերականգնված կլինի: Ոռոգման սեզոնը սկսված է, սակայն ճանապարհի նորոգումը դեռ չի ավարտվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս