ԴԺԳՈՀ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց նամակ Հայկական համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանին, առաջին փոխնախագահ պարոն Մհեր Շահգելդյանին.
Այս նամակով ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում Հայկական համաշխարհային կոնգրեսի 2009թ., 2010թ., 2011թ. գրական մրցանակաբաշխության արդյունքների վերաբերյալ: Իմ հեղինակած «Հեղափոխական դար» վեպով 2010-2011թթ. ես մասնակցել եմ մրցանակաբաշխությանը:
2011թ. մրցանակաբաշխության համար գործերը վերցրել են մինչեւ սեպտեմբերի 15-ը (ըստ համաշխարհային կոնգրեսի աշխատակցի): Գրական թերթն արդյունքները հայտարարել է հոկտեմբերի 6-ին: Այսինքն՝ հանձնաժողովն աշխատել է ընդամենը 18-19 օր: Բայց չէ՞ որ, օրինակ, 2010թ. ներկայացվել է 10-20 գործ (ըստ հանձնաժողովի նախագահ Ա. Դոլուխանյանի, ում հետ ինքս անձամբ եմ խոսել): Եւ ի՞նչ. նշանակում է, որ իմ գիրքը կարդալու համար հանձնաժողովի 5 անդամները 2 օր ժամանակ էլ չունեին: Այնպես է ստացվում, որ 180-էջանոց վեպը նույն օրվա ընթացքում, մեկը մյուսին փոխանցելով, պիտի կարդար մի քանի մարդ: Այսպիսի անհեթեթություն մի՞թե կարող է լինել: Ավելի մանրամասնել չեմ ուզում:
Հիշեցնեմ նաեւ մեկ այլ եղելության մասին: Ա. Դոլուխանյանն ինձ նաեւ ասաց, որ մրցանակի շնորհումը կատարվել է այսպիսի կարգով. ամփոփիչ հավաքի ժամանակ ինքն ասել է՝ ներկայացրե՛ք թեկնածուներ, եւ հանձնաժողովի մյուս 4 անդամները միաձայն տվել են մեկ թեկնածուի անուն եւ քվեարկել նրա օգտին: Ա. Դոլուխանյանը միաժամանակ ասաց, որ մյուս գործերի մեջ էլ արժանավորներ կային: Ուրեմն ինչպե՞ս հասկանալ այս կազմակերպված միաձայնությունը…
Հարգելի՛ Արա Աբրահամյան, հարգելի՛ Մհեր Շահգելդյան, եթե այդ մրցանակաբաշխությունները կազմակերպվում են, եւ այդ գումարները ծախսվում են հանուն գրականության, ապա այդ ամենը Գրողների միության միջոցով չպետք է կազմակերպել՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ միության նախագահը Լեւոն Անանյանն է: Այնպես որ, մրցանակաբաշխությունը կարելի է կազմակերպել ՀՀ մշակույթի նախարարության ձեւավորած հանձնաժողովի միջոցով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ




Լրահոս