ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՔԿՀ ՊԵՏԸ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ ՄԱՍԻՆ

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը կամ նույն ինքը՝ «Զապը», նոյեմբերի 1-ից պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ո՞վ է Զապը, ի՞նչ ռեժիմով են նրան պահում քրեկատարողական հիմնարկում եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան:

Օրենքով գողի թագադրումը
Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, իր մականունը ստացել է մանկուց՝ «Զապորոժեցի» հետ նմանության համար: Վերջինս գյումրեցի է, «օրենքով գող» թագադրվել է 1994-ին Մոսկվայում, Նիգալ Բարսեղյանի (Նիկոլ) երաշխավորմամբ:
2013թ. փետրվարի 28-ին Չեխիայի Հանրապետության դատարանը Անդրանիկ Սողոյանին հեռակա դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրվել ՉՀ ՔՕ 219-րդ հոդվածի 1 եւ 2 մասերով` սպանութուն, 235 հոդվածի 1-ին մասով` շորթում («ռեկետ»): 2014-ի հոկտեմբերի 20-ին նրա նկատմամբ տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցում ձերբակալեցին Զապին: Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ Զապը մեկ տարի շարունակ Հայաստանում է եղել: Armlur.am-ի տեղեկություններով՝ Զապն ազատ տեղաշարժվել է Հայաստանում, հիմնականում բնակվել է Գյումրիի «Նա-նե» հյուրանոցում, իսկ ԱԺ մի քանի պատգամավորներ եղել են նրա մշտական հյուրերը: Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչու հիմա որոշեցին նրան ձերբակալել:

Հիվանդ է, թե փորձում են «փրկել»
Նկատենք, որ երբ Անդրանիկ Սողոյանի կալանավորման որոշումը կայացվեց, նրան անմիջապես չտեղափոխեցին ՔԿՀ, այլ ստամոքս-աղիքային տրակտի սուր խանգարման պատճառաբանությամբ տեղափոխեցին Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Չգիտես ինչու՝ Սողոյանին, ով դատարանի որոշմամբ այլեւս կալանավորված անձ է եղել, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխել: Էրեբունի ԲԿ-ում հետազոտվելուց հետո ժամեր անց Սողոյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Միգուցե այս աղմուկը միտումնավոր ստեղծեցին, որ հետագայում ավելի բարդացնեն նրա հիվանդության պատմությունը եւ ի վերջո այդ հիմքով նրան ազատեն պատասխանատվությունից: Բացառված չէ, որ Զապն իրականում առողջական ոչ մի խնդիր էլ չի ունեցել, իսկ նրան բժշկական կենտրոն են տեղափոխել մտերիմների եւ իրավապահների ոչ պաշտոնական համաձայնությամբ` նրան հետազոտելու եւ նրա լիարժեք առողջ լինելու փաստն արձանագրելու համար: Նման եզրակացության կարիք կարող էր առաջանալ կալանավայրում «պատահմամբ, առողջական խնդիրների բերումով» նրա մահը թույլ չտալու համար:

Քրեական աշխարհի «ռազբորկաները» թեւակոխում են նոր փուլ
Այս տարվա մարտին տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «օրենքով գող Օշականցի Գեւորիկը»՝ Գեւորգ Մելիքյանը: Նրան ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի «Տույ» մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը: Իրավիճակը կարգավորելու համար Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հանդիպում էր կազմակերպվել արտասահմանից Հայաստան ժամանած մի քանի «օրենքով գողերի»՝ Զապի, նրա եղբորորդու, Լենինականցի Սուրոյի, Օշականցի Գեւորիկի եւ նրա եղբորորդու, Լյովիկի ու Տույի միջեւ: Որոշվել էր, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը, ինչին Զապը համաձայնել էր: Իսկ, ահա, «գողերի» աշխարհի ներկայացուցիչներին սա, մեղմ ասած, այնքան էլ դուր չէր եկել: Ավելին՝ նշենք, որ քրեական աշխարհի վերոնշյալ խմորումներն իրենց հետքն էին թողել նաեւ ՔԿՀ-ներում: Այդ ժամանակ ՔԿՀ-ների պետերին հաջողվել էր իրենց ՔԿՀ-ների ներսում զսպել հնարավոր բախումները: Սակայն անհայտ է, թե Զապի՝ ՔԿՀ-ում հայտնվելու դեպքում իրավիճակը որքանով հնարավոր կլինի վերահսկել:
ՔԿՀ-ի պետը «օրենքով գողի» մասին
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նուբերաշեն ՔԿՀ-Ի պետ Ռուբեն Ստեփանյանն ասաց, որ «օրենքով գողը» պահվում է խիստ ռեժիմային պայմաններում.«Կարանտինում է, իրեն կտեղափոխենք համապատասխան խուց, ինքն առավելություն չի ունենա մնացածի նկատմամբ»:
-Ձեզ մոտ այլ «օրենքով գողեր» կա՞ն:
-Մենակ ինքն է, այլ «օրենքով գողեր» չունենք:
-Արդյո՞ք հնարավոր եք համարում, որ այլ քրեակատարողական հիմնարկների քրեական հեղինակությունները փորձեն նրա հետ առնչություն ունենալ, ինչն էլ կդառնա նոր «ռազբորկայի» առիթ:
-Ոնց որ օրենքն է ասում՝ այդպես էլ կլինի: Նա հիմա կարանտինում է, կարանտինից կգնա համապատասխան կամեր:
-Քրեական հեղինակությունները չե՞ն այցելել նրան:
-Կարանտինի ժամանակ այցելություն չկա:
-Իսկ ինքը փորձե՞լ է աղմուկ բարձրացնել կամ սկանդալ սարքել:
-Չէ, նման կատեգորիայի մարդիկ ոնց կարող են իրենց վատ պահել, վատ պահեն, ավելի վատ կլինի, ամեն ինչ նորմալ է: Ընդհանրապես նման բան չկա, որ գան հավաքվեն, ինքը խիստ ռեժիմային պայմաններում է:
-Որպես ՔԿՀ պետ՝ այցելե՞լ եք «օրենքով գող»-ին:
-Ո՛չ, այցելեմ՝ ինչ անեմ:

Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Սողոյանին
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար: Արդարադատության նախարարը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածների հիման վրա պետք է որոշի՝ արտահանձնում է Զապին Չեխիայի իրավապահներին, թե ոչ: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ»-ին ասացին, որ դատախազությունից ուղարկված նյութերը դեռ չեն ստացել եւ հաղորդագրությունից միայն գիտեն, որ դրանք ուղարկվել են իրենց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները հակված չեն հանձնելու Զապին Չեխիայի իրավապահներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ ՄՈՏ

Երեկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Անատոլի Թադեւոսյանի նախագահությամբ շարունակվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հրապարակումը:

Նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիեւը ցուցմունք է տվել այն մասին, որ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանի վիզը ոլորել՝ սպանելու նպատակով: Գուլիեւը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, սակայն, ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելո՞ւ, թե՞ բռնության նշան էր:
«Արցախպրեսսը»-ը հաղորդում է, որ Ասկերովը, մեկ անգամ եւս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել, նշել է, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշվում էր, թե որտեղ է եւ ինչ նկարահանումներ պիտի իրականացնի: Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում եղել են նաեւ Ադրբեջանում գերի ընկած, պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին, Ասկերովի խոսքով, ինքը տեղյակ չի եղել:
Պատասխանելով դատավոր Ա. Թադեւոսյանի՝ «մահացած Ս. Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք» հարցին՝ Ասկերովն ասել է, որ չեն ցանկացել, որ պատանին իմանա, թե իրականում ովքեր են իրենք եւ ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ նա կարող էր հայտնել պատկան մարմիններին: Դատարանի հարցադրման ժամանակ, անդրադառնալով Գուլիեւի ցուցմունքներին, Ասկերովն ամբողջությամբ սուտ է համարել հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրությունները:
Մասնավորապես, Գուլիեւը կրկին պնդել էր նախաքննության եւ դատաքննության ընթացքում իր տված այն ցուցմունքները, համաձայն որոնց՝ ինքնաձիգի կրակահերթ լսելուց հետո շրջվել ու տեսել է Հասանին՝ զենքն ուսին, Դ. Ասկերովին՝ նստած` ինքնաձիգի փողն ուղղած դեպի սպանված պատանին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆԱԿ ՄՈՐՍ

23.05.2014թ. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ Սուրիկ Մնոյանի) կայացրեց արդար եւ օբյեկտիվ որոշում, որով վերացրեց «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից իմ մասին կազմված բացասական բնութագիրը եւ մերժման որոշումը՝ պարտավորեցնելով դրական չափանիշներով ինձ վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին:
23.07.2014թ. անկախ հանձնաժողովը, հակասելով դատարանի վերը նշված որոշմանը, մերժեց միջնորդագիրը՝ գտնելով, որ ես դեռ պատիժ կրելու կարիք ունեմ, այնինչ դատարանի՝ վերը նշված որոշմամբ՝ հաստատված հանգամանք է, որ ես այլեւս պատիժ կրելու կարիք չունեմ, իսկ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 3 մասի՝ «նույնիսկ նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած դատարանի իրավական ակտին», իսկ անկախ հանձնաժողովը գործում է ՀՀ նախագահի հրամանագրով եւ չպետք է հակասի որոշմանը, որով իմ ուղղված լինելը ապացուցված է:
Ես բողոքարկեցի մերժման որոշումը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, նախագահությամբ նույն դատավորի (Սուրիկ Մնոյանի), չի քննել իմ բողոքի այն մասը, որով ես հիմնավորում եմ, որ անկախ հանձնաժողովի որոշումը հակասում է ՀՀ օրենքին, եւ 07.10.2014թ. կայացրել է իր առաջին արդար որոշմանը հակասող բողոքս մերժելու որոշում՝ քննարկելով բողոքս միայն սահմանված կարգն անկախ հանձնաժողովի կողմից խախտած լինելու մասով: Նշեմ, որ ի սկզբանե ՀՀ նախագահի հրամանագրով նախատեսված էր անկախ հանձնաժողովի որոշման բողոքարկում միայն հրամանագրով սահմանված կարգի խախտման դեպքում: 05.02.2008թ. սահմանադրական դատարանը 733 որոշմամբ այս սահմանափակումը ճանաչում է հակասահմանադրական եւ վերացնում այն՝ սահմանելով, որ անկախ հանձնաժողովի որոշումը ենթակա է բողոքարկման նաեւ օրենքին հակասելու դեպքում, իսկ իմ դեպքում անկախ հանձնաժողովի որոշումը հակասում է օրենքին, սակայն դատարանը, չգիտես ինչու, համառորեն խուսափում է բողոքիս այդ մասից:
Ես գտնվում եմ հուսահատ, ծանր հոգեվիճակում, սակայն չեմ պատրաստվում հանձնվել եւ 16.10.2014թ. բողոքարկել եմ վերը նշված դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարան եւ հույսով եմ, որ գործը վարող դատավորը բողոքս կքննի ամբողջությամբ ու կկայացնի արդար եւ օբյեկտիվ որոշում: ՀՀ գլխավոր դատախազին խնդրում եմ հանձնարարել, որ ստուգվի անկախ հանձնաժողովի որոշման օրինականությունը: Ես առաջին հայացքից կատաղի կերպով պայքարում եմ իմ իրավունքների համար, քանի որ ես իրավացի եմ եւ գտնվում եմ գերու կարգավիճակում, քանի որ ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ վաղաժամկետ ազատման իրավունքից՝ հիմնվելով հոդվածի վրա (175 ավազակություն) եւ հաշվի չառնելով ոչ մի հանգամանք՝ դարձնելով ինձ հոդվածային խտրականության զոհ:
Հուսով եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանը կբավարարի բողոքս եւ կկայացնի արդար որոշում՝ իհարկե բողոքս լրիվ ծավալով քննելուց հետո՝ թույլ տալով ինձ հասնել միայնակ մորս:
ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Գրիգորի Ամատունուց

 




Լրահոս