Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը հանդիսատեսի համար նոր երգ է պատրաստել, որը, ոմանց գնահատմամբ, աննախադեպ է լինելու: Նա նաեւ շարունակում է հիթեր գրել գործընկերների համար, սակայն իր երգացանկին շատ ընտրողաբար է մոտենում: Ինչպես Երգի թատրոնի շատ երգիչների՝ Գրիգորին էլ սպառնում է թատրոնի ավանդույթներից շեղվելու վտանգը, սակայն նա դեռ զսպում է իրեն:
-Գրիգո՛ր, շուտով հանդիսատեսին կներկայացնենք Ձեր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Գնում ենք պարելու» երգի հիման վրա: Նշվում է, որ այն աննախադեպ է հայկական շոու-բիզնեսի համար: Կպատմեք՝ ո՞րն է գաղտնիքը:
-Երբ իմ հեղինակած երգն առաջին անգամ ցույց տվեցի գործիքավորող Մարտին Միրզոյանին, նա նկատեց, որ փոփ-հաուս ոճի այդ ստեղծագործությունը գործիքավորման ոլորտի նոր տենդենցներին հետեւելու հնարավորություն է տալիս, եւ դրա շնորհիվ երգը կդառնա աննախադեպ:
-Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Կուբայից ժամանած մոդել, պարուհի Ինդիրա Ռեյեսն է. նրա մասնակցությունը «թանկ չնստե՞ց»:
-Ինդիրային ես չեմ հրավիրել, նա աշխատանքային պայմանագրով առաջին անգամ եկել է Հայաստան: Մոդելի հետ ծանոթացա պատահաբար, ակումբում: Ասեմ, որ իր կատարած աշխատանքի դիմաց նա չնչին փոխհատուցում ստացավ, տասն անգամ քիչ, քան ես պատկերացնում էի:
-Վերջին շրջանում արտասահմանյան շուկա դուրս գալու ին՞չ նոր հնարավորություններ են ընձեռվել:
-Վերջերս, որպես երաժշտական պրոդյուսեր, «Մանկական Նոր ալիք» երաժշտական մրցույթի շրջանակներում գործուղվել էի Ղրիմ: Այնտեղ ինձ տրվեց ուկրաինական շուկայի համար աշխատելու հնարավորություն, երգեր եմ գրել այս տարվա «Նոր ալիքի» հաղթող Անդրեյ Բոյկոյի եւ այս տարի «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի հնարավոր ներկայացուցիչ, հավակնորդ երգչուհի Վիկտորյա Պետրիկի համար: Բացի այդ՝ ԱՄՆ-ից միջազգային փառատոնի մասնակցելու հրավեր ունեմ:
-Հաճախ հանդես եք գալիս որպես միջազգային մրցույթների մասնակիցների երաժշտական պրոդյուսեր, իսկ ինքներդ չե՞ք պատրաստվում մասնակցել որեւէ միջազգային մրցույթի, օրինակ՝ հենց «Եվրատեսիլին»:
-Ես չեմ հավատում բոլոր այն երգիչներին, ովքեր ասում են, որ չեն ուզում այդ մրցույթին մասնակցել. նրանք, պարզապես, հնարավորություն չունեն: Բայց մի բան է ուզել, մեկ այլ բան է պատրաստ լինել: Պետք է աշխատել այնքան, որ քո մեջ տեսնեն ֆավորիտի եւ առաջարկեն մասնակցել մրցույթին:
-Այնպիսի տպավորություն է, որ ուրիշների երգացանկը հարստացնում եք կոմերցիոն երգերով, իսկ Ձեր երգերի դեպքում շեշտը որակի վրա եք դնում:
-Կարելի է ասել նաեւ այդպես: Երբեմն ավելի շատ ստեղծագործում եմ ուրիշների, քան ինձ համար: Բայց դա սիրով եմ անում, աշխատում եմ գումար, որը ծառայեցնում եմ իմ արվեստին:
-Դուք բախտ եք ունեցել միեւնույն բեմում կանգնել աշխարհահռչակ երգչուհի Հելենա Սեգարայի հետ: Էլի նման մասշտաբի աստղերի հետ համագործակցություններ սպասվու՞մ են:
-Այո՛, դա ինձ պես սկսնակ երգչի համար հեքիաթի պես մի բան էր…Ասեմ, որ գրել եմ հայկական մոտիվներով մի նոր երգ, որը պատրաստվում եմ ներկայացնել Հելենա Սեգարային, եւ չի բացառվում, որ նրա հետ հետագայում հանդես գամ զուգերգով:
-Տնտեսագետի Ձեր մասնագիտությունն օգտագործո՞ւմ եք:
-Այո՛, հենց թեկուզ բիզնես-մտածողություն ունենալու առումով: Իսկ մասնագիտական հմտություններս հետագայում էլ ավելի կզարգացնեմ:
-Բայց այդ բիզնես-մտածողությունն արվեստին չի՞ խանգարում:
-Եթե մենք ապրեինք, օրինակ, Վերածննդի դարաշրջանում, գուցե խանգարեր: Իսկ հիմա պետք է մտածել նաեւ պրոդուկտը վաճառելու մասին, եւ ուզած թե չուզած՝ կոմերցայի գործոնը չես կարող անտեսել:
-Արթուր Գրիգորիչի ձեռքի տակով անցած սերնդի ներկայացուցիչներից շատերն այսօր բավական շեղվել են Երգի թատրոնում քարոզված արվեստից, Ձեզ նման վտանգ սպառնո՞ւմ է:
-Այն երաժշտությունը, որ ես եմ ներկայացնում, բացարձակ եկամտաբեր չէ: Ինքս էլ կարող եմ կատարել հիթեր, որոնք գրում եմ ուրիշների համար, այդպիսով հեշտ կլինի ֆինանսական կայունություն ապահովել, ճանաչում ստանալ, բայց դեռ զսպում եմ ինձ, պետք է հատուկ նյարդեր ունենաս, որ դիմանաս ու նման երգեր չերգես:
-Ձեր երգերից մեկի հերոսուհին «սրտի կաթվածի» է հասցնում սիրած տղային. Ձեր կյանքում նման դեպքեր շա՞տ են եղել:
-Դե, դա անխուսափելի է (ծիծաղում է): Եղել է մի աղջիկ, որ անընդհատ իրեն այդպես է պահել, բայց դա ինձ դուր է եկել, այդպիսի հարաբերությունները հետաքրքիր են ու անկեղծ: Ինքս անձնական կյանքում միապաղաղություն չեմ սիրում:
-Եղե՞լ է նման աղջիկ, թե՞ կա:
-Կա, բայց Հայաստանում չէ. հուսով եմ՝ շուտով կհադիպենք: Չգիտեմ, թե ի վերջո այդ հարաբերությունների արդյունքում ինչ կստացվի, դեռեւս որեւէ հստակ բան չկա:
Աննա Բաբաջանյան