Դատապարտյալն ուզում է հասնել միայնակ մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23.05.2014թ. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ Սուրիկ Մնոյանի) կայացրեց արդար եւ օբյեկտիվ որոշում, որով վերացրեց «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից իմ մասին կազմված բացասական բնութագիրը եւ մերժման որոշումը՝ պարտավորեցնելով դրական չափանիշներով ինձ վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին:
23.07.2014թ. անկախ հանձնաժողովը, հակասելով դատարանի վերը նշված որոշմանը, մերժեց միջնորդագիրը՝ գտնելով, որ ես դեռ պատիժ կրելու կարիք ունեմ, այնինչ դատարանի՝ վերը նշված որոշմամբ՝ հաստատված հանգամանք է, որ ես այլեւս պատիժ կրելու կարիք չունեմ, իսկ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 3 մասի՝ «նույնիսկ նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած դատարանի իրավական ակտին», իսկ անկախ հանձնաժողովը գործում է ՀՀ նախագահի հրամանագրով եւ չպետք է հակասի որոշմանը, որով իմ ուղղված լինելը ապացուցված է:

Ես բողոքարկեցի մերժման որոշումը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, նախագահությամբ նույն դատավորի (Սուրիկ Մնոյանի), չի քննել իմ բողոքի այն մասը, որով ես հիմնավորում եմ, որ անկախ հանձնաժողովի որոշումը հակասում է ՀՀ օրենքին, եւ 07.10.2014թ. կայացրել է իր առաջին արդար որոշմանը հակասող բողոքս մերժելու որոշում՝ քննարկելով բողոքս միայն սահմանված կարգն անկախ հանձնաժողովի կողմից խախտած լինելու մասով: Նշեմ, որ ի սկզբանե ՀՀ նախագահի հրամանագրով նախատեսված էր անկախ հանձնաժողովի որոշման բողոքարկում միայն հրամանագրով սահմանված կարգի խախտման դեպքում: 05.02.2008թ. սահմանադրական դատարանը 733 որոշմամբ այս սահմանափակումը ճանաչում է հակասահմանադրական եւ վերացնում այն՝ սահմանելով, որ անկախ հանձնաժողովի որոշումը ենթակա է բողոքարկման նաեւ օրենքին հակասելու դեպքում, իսկ իմ դեպքում անկախ հանձնաժողովի որոշումը հակասում է օրենքին, սակայն դատարանը, չգիտես ինչու, համառորեն խուսափում է բողոքիս այդ մասից:

Ես գտնվում եմ հուսահատ, ծանր հոգեվիճակում, սակայն չեմ պատրաստվում հանձնվել եւ 16.10.2014թ. բողոքարկել եմ վերը նշված դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարան եւ հույսով եմ, որ գործը վարող դատավորը բողոքս կքննի ամբողջությամբ ու կկայացնի արդար եւ օբյեկտիվ որոշում: ՀՀ գլխավոր դատախազին խնդրում եմ հանձնարարել, որ ստուգվի անկախ հանձնաժողովի որոշման օրինականությունը: Ես առաջին հայացքից կատաղի կերպով պայքարում եմ իմ իրավունքների համար, քանի որ ես իրավացի եմ եւ գտնվում եմ գերու կարգավիճակում, քանի որ ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ վաղաժամկետ ազատման իրավունքից՝ հիմնվելով հոդվածի վրա(175 ավազակություն) եւ հաշվի չառնելով ոչ մի հանգամանք՝ դարձնելով ինձ հոդվածային խտրականության զոհ:

Հույսով եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանը կբավարարի բողոքս եւ կկայացնի արդար որոշում՝ իհարկե բողոքս լրիվ ծավալով քննելուց հետո՝ թույլ տալով ինձ հասնել միայնակ մորս:

ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Գրիգորի Ամատունուց




Լրահոս