Ինչո՞ւ է «անհետացել» Արթուր Բաղդասարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 25-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով «անհետանալու» է քաղաքական դաշտից: Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որեւէ գործառույթ չի իրականացնում` չնայած այն բանին, որ իշխանությունից ընդդիմության ճամբար տեղափոխվելուց հետո Ա. Բաղդասարյանը խոստանում էր փողոցից տուն չգնալ:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի նախկին` իշխանական, կարգավիճակն ու կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով քաղաքական գործունեություն ծավալել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ խրոխտ քայլերով` իր ընդդիմադիր ելույթներով փորձելով ժողովրդին ապացուցել, որ ինքն այլեւս արմատական ընդդիմություն է:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ՝ պարզելու համար, թե որտեղ է այժմ գտնվում Ա. Բաղդասարյանն ու ինչո՞ւ անձամբ որեւէ գործունեություն չի իրականցնում քաղաքական դաշտում:
«Պարոն Բաղդասարյանը Հայաստանում է, պարոն Բաղդասարյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, քաղաքական գործունեությամբ է զբաղված, կուսակցական գործունեությամբ է զբաղված, համակարգում է մեր կուսակցության աշխատանքները ԱԺ-ում, կառույցներում, մեր ծրագրերի, օրնեսդրական նախաձեռնությունների աշխատանքներն է համակարգում: Այնպես որ` ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում, ամեն ինչ բնականոն հունով է ընթանում»,-վստահեցրեց ՕԵԿ մամլո խոսնակը:

Ա. Միսակյանը նաեւ նշեց, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները հնչեցնում են ՕԵԿ-ի տեսակետը. «Այն, ինչ կատարվում է, կատարվում է իր անմիջական գիտությամբ, կառավարմամբ, իսկ անմիջականորեն իր կողմից տեսակետ դուք առաջիկայում կլսեք, ականատեսը կլինեք, բայց դա բոլորովին չի նշանակում, որ պարոն Բաղդասարյանը, այսպես ասած, անմասն է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»:
Մեր հարցին՝ արդյո՞ք ՕԵԿ-ն առաջիկայում հրապարակային քաղաքական ակցիաներ կամ հանրահավքներ անելու է, ՕԵԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Հուլիս ամսին մենք մի հանրահավաք արեցինք ու, բնականաբար, էլի հանրահավաքներ կանենք, որովհետեւ մենք քաղաքական պայքարի ձեւ ենք համարում հանրահավքներ կազմակերպելն ու անցկացնելը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս