Տ. Մարգարյանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ իր պատգամավորական գործունեությամբ նույնպես կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանը, լինելով Երևանի ավագանու անդամ, քաջածանոթ է տեղական ինքնակառավարման համակարգին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին: 
“Մայրաքաղաքի համաչափ զարգացումը պայմանավորված է յուրաքանչյուր վարչական շրջանում տարվող աշխատանքներով: Վստահ եմ, որ, պահպանելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերումները, հետևողական աշխատանքի շնորհիվ Աջափնյակն ամբողջությամբ կկերպարանափոխվի: Շարունակելով ներկա ծրագրերը պետք է նպաստել ինչպես վարչական շրջանի, այնպես էլ մայաքաղաքի զարգացմանը”,-նշել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը հատկանշել է նաև բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը և վստահություն է հայտնել, որ նոր ղեկավարի աշխատանքային փորձի և հմտությունների շնորհիվ կարճ ժամանակում բնակչությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ արդյունքներն ակներև կլինեն:




Լրահոս