ԲՀԿ խմբակցությունը մեր խորհրդարանում ամենաէկզոտիկն է: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է ոչ միայն չնեղացնել մտերիմներին եւ իրենով հրապուրվածներին, այլեւ նրանց, ովքեր մոտ են սպորտին եւ իր թիմն են ներկայացնում: Հենց այս տրամաբանությամբ է Բազմասեր Մանաֆասի Առաքելյանը հայտնվել խորհրդարանական խմբակցությունում: Իհարկե, գյուղապետի տեղակալ չէ եւ ոչ էլ սկսնակ մեղվապահ, իր շատ ջահել հասակում էլ հասցրել է «առաջ գնալ»: Երեւի դարձյալ Գագիկ Ծառուկյանն է օգնել:
Երեւի հենց իրեն օգնողներն էլ հուշել են, որ պետք է բազմակողմանի զարգացած լինել, այդ պատճառով էլ տասնվեց տարեկան հասակում նա ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, անմիջապես ընդունվել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետ: Ավարտել է քսան տարեկան հասակում, մեկ տարի ծառայել բանակում, ապա վերադարձել ու անցել մարզչի պարտականությունների կատարմանը: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հենց այնպես չի սկսել հովանավորել փարպեցի պատանուն: Բազմասերը 1992 թվականից եղել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, դարձել է հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր:
Ճիշտ է՝ բախտը նրան երբեք չեմպիոնական ուրախություններ չի պարգեւել. Բազմասերին տրված չի եղել սպորտում առաջիններից լինելու երջանկությունը, բայց հո բոլորը չե՞ն ծնվել չեմպիոն դառնալու համար: Չեմպիոնությունը չի ստացվել, սակայն հավաքականի կազմում գտնվելու ժամանակ ստացվել է կրթություն ստանալը: Սա էլ կարեւոր բան է, մանավանդ որ քիչ չեն այսօր այն պատգամավորները, որոնք բարձրագույն կրթություն են ստացել միայն պատգամավորական մանդատն իրենց գրպանը դնելուց հետո եւ այն էլ ինչ-որ կասկածելի բուհերում, կասկածելի որակավորումներով… Իսկ Բազմասերը ողջ կյանքում սովորել է, անգամ պատգամավոր դառնալուց հետո էլ է սովորել՝ 2013-ին ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Դե, հո մարդն ամբողջ կյանքում մարզիչի չնչին աշխատավարձով չէր ապրելու, պատգամավորի մանդատն էլ հավերժական չէ: Իսկ տնտեսագետի դիպլոմը շատ բան կտա իրեն, պաշտոնական կենսագրության մեջ էլ կառանձնանա իր շուքով ու փայլով:
Բանակից զորացրվելուց հետո Բազմասեր Առաքելյանն ընթացավ «նորմալ» ճանապարհով. 1999 թվականին աշխատանքի անցավ ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցում, եղավ մարզիչ, ապա՝ փոխտնօրեն: Ու սրանից հետո էլ կյանքը Բազմասերին վազքով սկսեց բարձրացնել կարիերայի աստիճաններով: 2003 թվականին, ընդամենը 24 տարեկան հասակում, Բազմասերը դարձավ ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզային կոմիտեի նախագահ: Արագածոտնում բազմափորձ ու վաստակաշատ մարդիկ չկայի՞ն, չկայի՞ն ֆիզիկական կուլտուրայի կառավարման գործում ավանդ ունեցող մարդիկ: Իհարկե, կային, սակայն ինչ-որ մեկն անընդհատ օգնում էր Բազմասերին եւ նպաստում այն բանին, որ երիտասարդն առաջ ընթանա: Չորս տարի հայրենի Արագածոտնում նախագահ լինելուց հետո Բազմասերը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: Մեր երկրում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդականները ոչինչ չեն անում եւ որեւէ գործառույթ չեն իրականացնում, բայց, դե, պաշտոնի անունը հնչեղ է, զրնգուն: Կարեւորն այն է, որ նախարարության շենքում սենյակ ունի…
Մինչեւ 2010 թվականը՝ խորհրդականի աշխատավարձ ստանալուց հետո, Բազմասերն ընտրվեց «Սեւան» մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ: Սա արդեն շատ բան էր նշանակում, գրեթե մի նոր նախարար, որովհետեւ այս ընկերությունը, խորհրդային տարիների իներցիայով, գյուղական մարզական ընկերությունների համահավաքն է: Թե ինչ հաջողություններ գրանցեց Բազմասերն այս ասպարեզում, ինչպես կարողացավ մեր գյուղական սպորտին զարկ հաղորդել, հայտնի չէ: Համենայն դեպս մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բացարձակապես ոչինչ չի արվել, ոչ մի գյուղական մարզադպրոց չի կառուցվել, գյուղական վայրերում ապրող որեւէ մարզիկ հանրապետական առաջնություններում չի ընդգրկվել, «Սեւան» ընկերության նախագահը որեւէ գյուղում չի եղել, որեւէ ծրագրով հանդես չի եկել: Պարզապես փքուն ու հնչեղ պաշտոն է՝ նախագահ, մարդն էլ ջահել-ջահել կամեցել է մի քիչ կուրծքը դուրս ցցած ապրել: Իսկ գյուղական սպորտը նրան ի՞նչ…
Ի դեպ, այնքան է ոչ կարեւոր դիտվել «Սեւան» ընկերությունը, այնքան է ոչ պիտանի համարվել գյուղական սպորտը, որ Բազմասեր Առաքելյանը համատեղությամբ այս շրջանում հանդիսացել է նաեւ ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Մինչդեռ այս երկու պաշտոնն էլ պահանջում են լարված աշխատանք, կենտրոնացում, ի վերջո ահռելի ծավալ են ընդգրկում, եւ պարզ չէ, թե ինչպե՞ս է կարողացել երիտասարդը համատեղել…
2012թ. մայիսի 6-ին Բազմասեր Առաքելյանը ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել: Ի՞նչ է անում նա խորհրդարանում, օրենսդրական ի՞նչ գործունեություն է ծավալել: Ըստ էության, գրեթե ոչ մի: Մինչդեռ լինելով մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի անդամ՝ գոնե կարող էր մարզաշխարհի խնդիրները բարձրաձայնել, օգտագործելով պատգամավորական մանդատը՝ աջակցել մեր սպորտին, մարզիչներին, լինելով ՀԱՕԿ խորհրդի անդամ՝ զբաղվել մայրաքաղաքից դուրս գտնվող մարզական կառույցների թշվառ վիճակով:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այնուհանդերձ օրենսդրական մի նախաձեռնությամբ Բազմասերը հանդես է եկել, բայց մեկ տարի առաջ հրապարակ հանված այդ նախաձեռնության ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց…
Եվ վերջում ուշագրավ մի հանգամանք՝ ըստ շրջանառվող տեղեկությունների` 2012 թվականին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն Արագածոտնի մարզում աշխատանքներ էր տանում ՀՀԿ-ի համար, ինչի պատճառով էլ լուրջ տարաձայնություններ էին առաջացել մարզպետ Սարգիս Սահակյանի ու պատգամավորի միջեւ, որովհետեւ մարզպետը խանդի զգացումներ էր ապրում: Գուցե նաեւ այդ երկակիությունն է օգնում Բազմասերին, ի վերջո, նա բազմասեր է եւ կարող է սիրել թե՛ ԲՀԿ-ին, թե՛ ՀՀԿ-ին… մանավանդ, որ դա նպաստում է նրա փոքրիկ բիզնեսին…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ