ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԺԵԼԱՅԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ»-Ն Է
Henaran.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի դատավարությունից: Պարզվում է՝  Արայանի տեղադրած 11 լուսանկարները փորձագիտական հանձնաժողովը պոռնոգրաֆիկ բնույթի չի համարել: Իսկ Անժելա Սարգսյանի այդ բնույթի  լուսանկարներն ավելի շուտ էին հայտնվել համացանցում: Ա. Սարգսյանը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ է, իսկ վերջինս համացանցային «պրովայդեր» է: Կայքը չի բացառում, որ հենց Անժելայի իմացությամբ լուսանկարները ներբեռնված լինեին համացանցում: Գործով վկա անցնող «Արմենիա» հ/ը «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի օպերատորները, դերասանները,  ռեժիսորները չեն ներկայանում դատարան: Henaran.am-ի տեղեկություններով՝ վկաներին ահաբեկում են, ինչը  կայքի  աղբյուրները եւս կապում են «Կյանքի խոսք»-ի հետ: Այս կազմակերպության անդամները, որոշ տեղեկություններով,  իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

ՉԵ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ համար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ ԲՀԿ-ն խորհրդատվություններ է վարում՝ ապագա կոալիցիայի ձեւավորման եւ պայմանների շուրջ: Այս մասին Հմայակ Հովհաննիսյանն ասել է Tert.am-ին. «Եթե կառավարության անդամները (ԲՀԿ-ական-Tert.am) չեն հեռանում, մնում են իրենց պաշտոններին, չեք՞ հասկանում…. եւ դրա մասին հայտարարվել է, որ քաղաքական սակարկություններ են ընթանում՝ ինչպես կկազմավորվի, ինչ պայմաններում»:

ՍՊԱՌՎԵՑ
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը նամակով դիմել է իր նախկին գործընկերներին` ցավով նշելով, որ իր հնարավորությունները՝ պաշտպանել բուհի բարի համբավը անհարկի եւ անհիմն ոտնձգություններից, այս պահին սպառված են:

SMS՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՌԱՋ
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը  տեղեկացրել է, որ  ճապոնացիների հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շուտով մեր համաքաղաքացիները տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկատվությունը կարճ հաղորդագրությամբ հաշվված րոպեների ընթացքում կստանան բջջային հեռախոսներին: Նա նաեւ հորդորել է բնակչությանն ականջ չդնել մոտ ապագայում «սպասվող երկրաշարժերի» վերաբերյալ խուճապարարների տարածած ասեկոսեներին:

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
armlur.am-ի տեղեկացմամբ՝ մայիսի 18-ին Երեւանի Խաչիկ Դաշտենցի փողոցում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի եւ «Տոյոտա» մակնիշի 007 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի արդյունքում «Տոյոտա»-ի ուղեւոր  64-ամյա Գալուստ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գալուստ Սահակյանը ծանր վնասվածքներ չի ստացել եւ նույն օրը բուժօգնություն ստանալով` տուն է գնացել:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը վատ է զգում, որ քաղաքական ուժերը հեռանում են ՀԱԿ-ից. «Հատկապես մի քաղաքական ուժի համար, որի մեջ բազմաթիվ քաղբանտարկյալ ընկերներ ունեմ»։ Պարոն Ջհանգիրյանին հասկանալի չէ Լիբերալ եւ «Հանրապետություն» կուսակցությունների որոշումը, նրան մնում է հարգել նրանց որոշումը եւ աղոթել առ Աստված, որ հետագա քաղաքական գործունեության մեջ ճիշտ դուրս գան: «Ողբերգություն էլ չարժե դրանում տեսնել, որովհետեւ քաղաքական պայքար է»,-«Ա1+»-ին ասել է ԱԺ անցած Ջհանգիրյանը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՆՌՆԱԿԻՑ
Մայիսի 20-ին Գյումրու Նորավան թաղամասի իր տնակից հարազատները  հուղարկավորեցին 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանին, ով բանակ էր զորակոչվել 2011-ի դեկտեմբերի 28-ին: Ըստ հարազատների պատմածների՝ զինվորը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով: «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական, ոչ վտանգավոր նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն, զոհվել է այդ նռնակի պայթյունից»,-ասել են զինվորի հարազատները:




Լրահոս