ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 86 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր դժգոհությունը արտահայտեց Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանից:
Հիշեցնենք, որ այս մանկապարտեզում անցկացվող ստուգումների արդյունքում տնօրենն իրեն վատ էր զգացել եւ մայիսի 14-ին նախաինֆարկտային նշաններով տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն:
«Երկուշաբթի օրն ինձ մոտ եկան մի խումբ մարդիկ, որոնցից մեկին ես ճանաչում եմ որպես Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության կոմիտեի նախագահ Արմեն Սիմոնյան: Կոպիտ ասած, արագ անցան հարձակման` պահեստ, խոհանոց եւ այլն: Եւ ոչ մի կոպիտ խախտում չհայտնաբերեցին»,-պատմեց տիկին Մելանյան: Նրա խոսքերով՝ ստուգողները ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել: Իսկ երբ փորձել է հետաքրքրվել, թե ում հետ գործ ունի, պատասխանել են. «Ի՞նչ պարտադիր է՝ իմանաք»:
Հաջորդ օրը նույն մարդիկ գնացել են մանկապարտեզ` առանց Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի եւ սկսել դռները բացել-փակել, մտել են պահակատուն, նկարել գրադարանը: «Հարցնում են, թե որտեղ եք գրադարանի սեղանները պատվիրել: Ձեզ մոտ ցեխ կա՞, ինչքա՞ն վարձ եք վերցնում գրադարանից, եւ շատ տհաճ հարցերով ինձ սկսում են նյարդայնացնել: Բայց նման բան չկա: Գրադարանը թաղապետի հրամանով արդեն երրորդ-չորրորդ տարին է, ինչ կա: Դա մեր գյուղի գրադարանն է»,-վրդովված պատմեց մեր զրուցակիցը:
Այդ հարձակումների անտրամաբանական ընթացքին չդիմանալով՝ տնօրենը ստուգողներից կրկին պահանջել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որից հետո Ա. Սիմոնյանը բերել է փաստաթուղթը եւ կես ժամ անց նորից հետ է եկել ու վերցրել այն: «Բայց ես հասցրել եմ այդ թուղթը պատճենահանել: Այնտեղ գրված է, որ քաղաքապետ Մարգարյանի կողմից դուրս են եկել ստուգման, բայց վերջինիս ստորագրությունը չկա: Չեմ հասկանում, թե որն է իմ մեղքը, որ ինձ գցել են այս օրը: Ովքե՞ր են այդ մարդիկ: Ո՞ւմ կարգադրությամբ եւ ինչո՞ւ են եկել ինձ ստուգելու»,- անկեղծացավ տնօրենը` նշելով, որ այդ փաստաթուղթը կեղծ է:
Երբ տնօրենին ասացինք, որ ստուգողներին զայրացրել է հանգամանքը, որ մանկապարտեզում պահակն է բնակվում, վերջինս ասաց, թե նախկինում պահակներին թույլատրվել է ապրել մանկապարտեզներում, սակայն անցյալ տարի հրաման է ընդունվել, որ նրանք դուրս գան: «Մանկապարտեզն այնպիսի բակ ունի, մեծ տարածք, որը միայն պահակն է մշակում: Այգեպանի, փականագործի, էլեկտրիկի հաստիք չունեմ, բայց կարիք ունեմ նման մասնագետների: Այդ բոլոր գործառույթները պահակն է կատարում: Երեխաները շատ են օգտվում այդ այգուց` ծիրան եւ այլ մրգեր են ուտում: Բայց գան, մտնեն նրա տուն, կնոջը նկարե՞ն, խուզարկո՞ւ են, ինչ է»,-տարակուսեց տնօրենը՝ ավելացնելով, որ եթե պահակի բնակվելը մանկապարտեզում խախտում են համարել, ապա պետք է նկատողություն գրեին կամ աշխատանքից հեռացնեին: «Ես պատրաստ եմ գնալ Տարոն Մարգարյանի, Գայանե Սողոմոնյանի մոտ, դիմում գրել, հեռանալ աշխատանքից, միայն թե նման մարդիկ այդպիսի ստուգումներ չանցկացնեն մանկապարտեզներում ու մարդկանց չհասցնեն ինֆարկտային վիճակի: Կամքից ուժեղ կին եմ, բայց արդեն էլ չեմ կարողանում դիմանալ»,-ասաց տնօրենը:
«Եթե դուք գտնում եք, որ ես անմարդկային բան եմ արել, կարող եք ինձ աշխատանքից հեռացնել: Ես արդեն կիսամարդ եմ դարձել, նույնիսկ ոտքիս հետ ինչ-որ անորոշ բան է կատարվել, դեռ ոչինչ չեն հասկանում: Զոնդավորումից հետո ես այնպիսի շոկային վիճակի մեջ եմ ընկել, որ ճնշումս դարձել է 20/30: Իմ հարազատներից ոչ ոք չի հավատացել, որ ես կարող էի փրկվել»,-դժգոհեց նա:
Խնդրի առնչությամբ դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանին, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել, քանի որ «իր պարտականություններն էր իրականացնում եւ տեղում չէր»: Դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին, որի պատասխանատու Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց. «Այդ ստուգումների մասին որեւէ մեկին նախապես չի զգուշացվում: Անսպասելի են գնում: Տիկնոջ բողոքը հիմքեր չունի: Ես չեմ կարծում, որ Արմեն Սիմոնյանը ճղճիմ մարդ է: Սա առաջին դեպքն է, որ նման բողոք եմ լսում նրանից»: Իսկ ո՞վ հավատաց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս