Մի շարք ֆիլմերից եւ սերիալներից հայտնի Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն այսօր կեսգիշերից չի դադարում ստանալ շնորհավորական զանգեր ու մաղթանքներ: Նա, սովորաբար, իր ծննդյան տոները նշում է լայն շրջապատով, սակայն այս տարի որոշել է իր համար հատկանշական օրն անցկացնել ընտանիքի հետ՝ մտերմիկ միջավայրում: Դերասանուհուն դեռեւս կեսգիշերին շնորհավորել է ամուսինը, ով գործուղումից վերադառնալով՝ անակնկալ է մատուցել կնոջը, թե ինչ՝ Նարինեն չցանկացավ մանրամասնել:
Դերասանուհուն շատ են տպավորել, հատկապես, զավակների շնորհավորանքները. «Արդեն մեկ շաբաթ է՝ նրանք իմ ամեն օրը տոն են դարձնում, շատ հետաքրքիր ձեւով՝ նկարների, նկարազարդումների միջոցով: Դուստրս անգամ պատկերել էր ինձ՝ իմ խաղացած վերջին կերպարով՝ դքսուհու տեսքով: Շատ հուզվել էի երեխաներիս վերաբերմունքից»,-ArmLur.am-ի հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց Նարինեն:
Նրա խոսքով՝ ինքն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի իր տարեդարձն ընդունում է ոչ միայն որպես ուրախանալու օր, այլեւ՝ ապրած կյանքը վերլուծելու, մի շարք հարցերի շուրջ մտորելու առիթ:
Անդրադառնալով 29-ում իրականացնելիք նպատակներին՝ դերասանուհին առանձնացրեց մեկ ամսից Դրամատիկական թատրոնում կայանալիք պրեմիերան. «Նոր ներկայացման՝ «Հոլիվուդի» շրջանակներում ինձ լիովին դրսեւորելու հնարավորություն կունենամ, հիմա ողջ ջանքերս ներդնում եմ այդ ուղղությամբ»,-եզրափակեց նա:
Լուսանկարը` BRAVO.am-ի
Աննա Բաբաջանյան