Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանն աշխատանքից ազատվելու մասին անտեղի աղմուկ է բարձրացրել, քանի որ նրա ազատումը եղել է օրենքի սահմաններում:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներով տարածված այն լուրերին, թե Վլադիմիր Խոեցյանին ինքն աշխատանքից ազատել է ապօրինաբար:
«Եթե նա կարծում է, որ օրենքի խախտումով է ազատվել, թող դիմի դատարան, վերականգնվի: Նա ազատվել է միայն աշխատանքային խնդիրների հետ կապված: Այստեղ դատական և իրավական խնդիր է, աղմուկ բարձրացնել, մամուլին խառնել պետք չէ»,- ասաց ռեկտորը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ աշխատանքից ազատվել է նաև Խոեցյանի մորեղբայրը՝ Աշոտ Խաչատրյանը, ռեկտորը պարզաբանեց, որ Խաչատրյանն աշխատանքից իրականում չի ազատվել, պարզապես բուհի մի շարք հաստիքների կառավարման խնդիրներից ելնելով հանվել է պրոռեկտորի շտատը: Ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը շարունակում է աշխատել:
Նշենք, որ տարածված լուրերի համաձայն՝ Վլադիմիր Խոեցյանը համոզված է, որ իրեն ազատել են Աշխատանքային օրենսգրքի խախտումով, և պատրաստվում է նկատողությունը և աշխատանքից հեռացնելու որոշումը վիճարկել Վարչական դատարանում:
Ըստ Վ. Խոեցյանի՝ ռեկտորն իրեն երկրորդ նկատողությունը տվել ու աշխատանքից հեռացրել է, երբ նրա տված առաջին նկատողությունը դեռ դատական վարույթի մեջ է:
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ համացանցում հայտնվել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, թե իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի ուշ Վլադիմիր Խոեցյանը ահազանգել էր, որ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ և խուզարկում դրանք: