ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել` տարբեր ձեւերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները: Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի եւ ընդհանրապես խորհրդարանի ղեկավարության եւ լրագրողների հարաբերությունները վերջին շրջանում բավական լարվել են: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանին ժամանակին մեծ դժվարությամբ են համոզել, որ Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակեն: Եվ եթե Թովմասյանը կարճ ժամկետում չկարողանա լրագրողների հետ իր հարաբերությունները կարգավորել, եւ նրա անձի նկատմամբ դժգոհությունները շարունակվեն, ապա նա իր պաշտոնում երկար չի մնա: Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Արսեն Բաբայանը երեկ պատասխանել է. «Ես ենթադրություններին չեմ կարող արձագանքել»:

ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի եւ չճանաչի: Ըստ լուրերի՝ նա անգամ առավոտյան «ռազվոդն» է այնպես անցկացնում, որ իր դեմքը չտեսնեն: Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով, որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երեւանում: Ըստ լուրերի՝ նա փորձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին՝ ասում են՝ նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է եւ նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել: Ի դեպ, Հարությունյանը մինչեւ ՃՈ պետ նշանակվելը եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը:

«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռեւս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միստր Շեդո» ձեռնարկության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է ընկերությունից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար: «Միստր Շեդո» ԱՁ-ն հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Սակայն դատարանում որպես պատասխանող հանդես են գալիս Վիգեն Չատինյանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի փեսան, եւ նրա մայրը` Մարինա Չատինյանը: Ի դեպ, Մարինա Չատինյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Բարս» ընկերության հիմնադիր-տնօրենն է: Նրա մյուս որդին էլ 2013-ին ամուսնացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր հետ:

«Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի եւ Սերժ Սարգսյանի փեսա, ներկայումս Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի` դեռեւս 2007թ. նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման մասին: Ըստ փաստաթղթի` այդ հանդիպման ընթացքում Փենինգտոնը իր զրուցակիցներին տեղեկացրել է, որ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն լրջագույն սեւ բիծ կգցի Հայաստանի հեղինակության վրա: ԱՄՆ դիվանագետի նման դիտարկման պատճառը եղել են 2007-ին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից «Ազատության» հասցեին հնչեցված սպառնալիքները: Մինասյանը խոստացել է ԱՄՆ դիվանագետի մտահոգությունները հասցնել Գեւորգյանին ու մեղմել նրա կոշտ դիրքորոշումը: 2008-ի գարնանից մինչեւ այս տարվա հոկտեմբերը Արմեն Գեւորգյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը: Այժմ նա ղեկավարում է «IDeA» հիմնադրամը:

ՀԱՄԱՐԺԵՔ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտն ու հանրությունը զբաղված են եռյակի առաջնորդների հանրահավաքային ելույթների քննարկմամբ, կեղծ եւ իրական ընդդիմության տարազանմամբ եւ մասնակի կամ ամբողջական իշխանափոխության պահանջների առաջադրմամբ, Հայաստանի իշխանությունները բարեհաջող կերպով ավարտին են հասցնում երկրի նեոգաղութացման «անշրջելի» գործընթացը: Արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականությունը կքննարկի նոյեմբերի14-ին, ինչից հետո այն սահուն կերպով կվավերացվի հայրենի Ազգային ժողովում:
Այն, որ ԵՏՄ-ի դեմ Հայաստանի որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ չի խոսելու, այլեւս հայտնի է բոլորին, սակայն այն, որ այդ ուժերից եւ ոչ մեկն այդպես էլ լրջորեն չմտահոգվեց, թե այդ ինչ փոխզիջման գնաց Սերժ Սարգսյանը հոկտեմբերի10-ին ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ, անկեղծ ասած` անսպասելի էր: Հիշեցնենք, որ խոսքը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի կողմից արված այն հայտարարության մասին է, թե Հայաստանի անդամակցության հետ կապված վիճահարույց հարցի շուրջ հաջողվել է փոխզիջման հասնել:
Հաշվի առնելով Նազարբաեւի նախորդ հայտարարությունները Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանների հետ կապված՝ դժվար չէ կռահել, թե ինչ բնույթի փոխզիջման մասին կարող էր լինել խոսքը: Դա, սակայն, պարզվեց՝ Հայաստանում որեւէ մեկին չի հուզում: Ոչ իշխանական ուժերի նկատմամբ ամենաբացասական եւ կանխակալ տրամադրվածության դեպքում անգամ դժվար էր հավատալ, որ Հայաստանի ապագայի մասին տարբեր ամբիոններից հուզիչ ելույթներով հանդես եկող կեղծ կամ իրական ընդդիմության ներկայացուցիչները կարող են այդքան անտարբեր լինել այս կարեւորագույն խնդրի շուրջ:
Եվ եթե ոմանք դեռ ակնկալում են, որ ոչ իշխանականներն այդ հարցը կբարձրացնեն ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի` Աժ-ում քննարկման ժամանակ, ապա պետք է արձանագրել, որ դա ընդամենը կարվի «գալոչկայի համար», եւ որեւէ առարկայական նշանակություն այլեւս չի կարող ունենալ: Եվ այս իրավիճակում ամենեւին պետք չէ զարմանալ կամ վրդովվել ռիժկովների, կիսիլյովների, կամ նրանց է՛լ ավելի ճղճիմ մոդիֆիկացիաների` հայկական ազգանվամբ, սակայն անհասկանալի ազգությամբ տարբեր քաղաքագետների հայտարարությունների բովանդակության եւ տոնայնության վրա: Այսպիսի քաղաքական իշխանություն եւ ընդդիմություն ունեցող երկիրն արժանի չէ ավելի հարգալից տոնի:




Լրահոս