ԱՅՍ ԵՐԵՔԸ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այսօր որեւէ ընդդիմադիր առաջնորդի չի տեսնում, որի հետեւից իսկապես ժողովուրդը կգնա: Ըստ մեր զրուցակցի՝ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերն այսօր այն քաղաքական ուժերը չեն, որոնք կարող են Հայաստանում իրավիճակ փոխել: Ստորեւ ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի հետ մեր զրույցը:
-Պարո՛ն Մանուկյան, Դուք հետեւո՞ւմ եք, թե ՀՀ քաղաքական դաշտում ինչ է կատարվում: ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը փողոց են դուրս եկել ու իշխանափոխության պահանջով են հանդես գալիս: Ըստ Ձեզ՝ այդ իշխանափոխության պահանջը որքանո՞վ է իրական այսօրվա դրությամբ:
-Ինձ թվում է՝ բավականին խառնաշփոթ դաշտ է ստեղծվել, այդպես ուշադիր ես չեմ հետեւում ընթացքին, բայց ես գիտեմ, որ շատ պրոբլեմներ կան Հայաստանում, որոնք որ պետք է բարձրացվեն, ես գիտեմ, որ ընդդիմադիրները ինչ-որ հարցեր բարձրացնում են, բայց ես Հայաստանի ապագայի հույսերը, անկեղծ ասած, ճանաչելով ներկայիս ընդդիմադիրներից շատերին, այնքան էլ չեմ կապում իրենց հետ:
-1996 թվականին Դուք ժողովրդական շարժման առաջնորդն էիք, ու կարելի է ասել՝ փողոց էիք դուրս եկել նույն պահանջով, ինչ պահանջով այժմ ՀՀ ընդդիմադիրներն են բողոքի ակցիաներ անում: Ըստ Ձեզ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լա՞վ առաջնորդներ են:
-Գիտեք՝ ինչ կարեւոր է, թե ժողովրդի որ հատվածն է ձեր ասած առաջնորդի հետեւից գնում, ժողովրդի մի հատված կա, որը կա՛մ ծանր վիճակում է, կա՛մ այնքան խռոված ուղղակի պետությունից, որ կգնա ցանկացածի հետեւից, եթե մեկը տանող լինի: Բայց այդպիսի շարժումը, այդպիսի հոսանքը ոչ մի օգուտ Հայաստանին չեն կարող բերել: Շատ կարեւոր է, որ հույս կապեն այն մարդիկ, ովքեր Հայաստանում արդեն իրենից ինչ-որ մի բան ներկայացնում են, որոնք տեսնում են պրոբլեմները, տեսնում են լուծումները եւ լցված չեն ֆանատիկ ատելությամբ կամ չարությամբ: Այդպիսի առաջնորդ, որն այդպիսի մարդկանց առաջ կտանի, ես հիմա չեմ տեսնում: Ատող մարդկանց առաջ տանող միշտ էլ կգտնվի, այդտեղ որեւէ պրոբլեմ չկա:
-Բայց, ըստ Ձեզ, այսօր Հայաստանում հասունացե՞լ է իշխանափոխությունը:
-Ես կարծում եմ, որ ոչ: Իհարկե, պետություններում իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն, այդ թեզը որեւէ մեկը կասկածի տակ չի կարող դնել: Իսկ դրա համար կան ընտրություններ, որի ժամանակ էլ այդ ամենը կատարվում է: Իսկ եթե չի ստացվում, ապա չի նշանակում, որ դա պետք է ընտրությունների արանքում անել: Իսկ այն խոստումները, որոնք իրենք տվեցին, թե պետք է իշխանություն փոխեն եւ այլն, դրանք կատարվող բաներ չեն: Իրենք նախապես էլ գիտեն, որ մինչեւ ընտրությունները ոչ մի փոփոխություն իրենք չեն կարող անել: Ինձ համար զարմանալի է, թե իրենք ինչպես են իրենց վրա վերցնում նման պատասխանատվություն՝ նման հայտարարությամբ հանդես գալով: Հա, լինեն ընտրություններ, ընտրությունների ժամանակ… նամանավանդ, որ առաջիկայում Ազգային ժողովի ընտրություններն են, ու ես կողմ կլինեմ, որ շատ տարբեր քաղաքական ուժեր ներկայացված լինեն խորհրդարանում ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ, ձեւավորվի նոր մի կոալիցիա, երկիրն առաջ տանեն: Դրան ո՞վ է դեմ, բայց իշխանափոխություն հիմա՞, ընտրությունների ուղիղ արանքո՞ւմ, ո՛չ հնարավոր է եւ ո՛չ էլ օգտակար Հայաստանի համար:
-Բայց այժմ Հայաստանի քաղաքական դաշտում «լճացում» է, քանի որ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունը որեւէ կոնկրետ քայլով հանդես չեն գալիս: Գուցե իսկապես իշխանափոխություն է՞ հարկավոր:
-Գիտեք ինչ՝ անկախության ժամանակաշրջանից միշտ էլ ինչ-որ լճացում կա, որովհետեւ զգացվում է, որ շատ քայլեր կան անելու, բայց այդ քայլերի չնչին մասն է կատարվում, շատ բան գլորվելով է գնում, ու շատ բան կարելի է, իհարկե, փոխել: Դա բոլոր իշխանությունների ժամանակ էլ զգացվել է:
-Իսկ ինչո՞ւ եք այդ դեպքում բացառում, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «ժառանգությունը» կարող են այդ լճացումից երկիրը դուրս բերել:
-Ես չեմ ուզում մարդկանց մասին անձնական գնահատականներ տալ: Բայց դուք ինքներդ մի օր սուրճը վերցրեք, խմեք ու նայելով առաստաղին մտածեք, թե երեքով ի՞նչ փոփոխություն պետք է անեն. ընտրությունները պետք է դառնան արդա՞ր, թե՞ կոռուպցիան պետք է չլինի, ի՞նչը պետք է փոխվի այս պետության ներսում: Այդ ինչի՞ սիմվոլներ են, այ, դրանք:
-Իրենք ցանկանում են, որ իշխանությունը չվերարտադրվի, պահանջ են դնում…
-Ամեն ձեւի բան էլ կարող ես դնել, Հայաստանում Դուք դրեք պրոբլեմները ու դրեք այդ 3 մարդկանց, ու երբ որ հանդիպենք, ասեք, թե այդ պրոբլեմները ո՞վ կարող է լուծել, ու եթե կարող էր լուծել, ինքն ինչո՞ւ էր այլ կյանքով ապրել, հիմա նոր ուզում է այդ պրոբլեմը լուծել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԱՌԱՋԻԿԱ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
ՀՀ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները բավականին խորն արմատներ ունեն: Դեռեւս 90-ական թվականներից պարբերաբար բարձրացվել է օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որպեսզի վերացվի ուսումը շարունակելու համար տրվող տարկետումը:
ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է բոլոր խորհրդարաններում: Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ այն 1996 թվականին անգամ սկանդալի առիթ դարձավ: «Հարցը խորհրդարանում քննարկման դրվեց, հեղինակը Վազգեն Սարգսյանն էր: Այն ժամանակ էլ խորհրդարանը միակարծիք էր, ես էլ օպոզիցիա էի, կողմ էի նախագծին, Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ եթե այդ հարցն ընդունվի, ուրեմն իրենց վստահության հարցը պետք է դրվի: Ցավոք, Վազգեն Սարգսյանը տեղի տվեց»,- հիշեց Ռուբիկ Հակոբյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ քարտուղար Թեւան Պողոսյանը շրջանառության մեջ են դրել օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկում են փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքում եւ ուսումը շարունակելու հիմքով տարկետումը վերացնել: Հարկ է նշել, որ ՀՀ իշխանությունները բազմիցս փորձել են լուծել այս խնդիրը, բայց դրա շուրջ բարձրացած բողոքի ալիքն ամեն անգամ ստիպել է հրաժարվել այդ մտադրությունից:
Ներկայացված նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Զինապարտության մասին» օրենքում սահմանել, որ 18 տարին լրացած արական սեռի՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է անցնեն ժամկետային զինվորական ծառայության` առանց բացառությունների: Ըստ նախագծի հեղինակների՝ հետագա ուսումնառության հետ կապված արտոնությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում. տղաներն ընդունվում են ասպիրանտուրա, բակալավրիատ, մեկնում են արտերկիր սովորելու, որպեսզի չծառայեն բանակում:
Տեղեկացնենք, որ ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում, ի վերջո, որոշում կայացվեց մինչեւ մեկ տարով հետաձգել նախագծի ընդգրկումը քառօրյայի օրակարգ` հարցի վերաբերյալ հանրային քննարկումների շարք սկսելու նպատակով:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՂԻՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության արտահերթ նիստ: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկել են, այսպես կոչված, «հղիների հարցը»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում, ինչի արդյունքում նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստները: «Հղիների նպաստների հետ կապված հարցեր ենք քննարկել»,-մանրամասնեց Բաղդասարյանը: ՀՀԿ խմբակցությունում որոշել են աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստների չափը տարբերակել ըստ աշխատավարձի չափի: Առաջարկվել է մի տարբերակ, ըստ որի՝ մինչեւ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող կանանց նպաստը պետք է լինի աշխատավարձի 100 տոկոսի չափով:
ՉԵՆ ՄԻԱՆԱ
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն միանա Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին»: Հիշեցնենք, որ նախորդ օրը ինտերնետային կայքերը նման լուր էին տարածել, թե իբր «Հայազն» կուսակցությունը մտադիր է միանալ «Քաղաքացիական պայմանագրին»: «Իրենց հետ չնայած որոշակի շփումներ կան, համագործակցության եզրեր կան, սակայն մեր շփումները լուրջ համագործակցության ոլորտ չեն տեղափոխվել: Մենք տարբեր գաղափարներ կրողներ ենք, եւ համագործակցություն, որպես այդպիսին, չի էլ կարող լինել»,-ասաց Արմեն Մկրտչյանը: Վերջինիս կարծիքով մամուլում պտտվող լուրերը, ըստ որոնց՝ իրենք պատրաստվում են միանալ «Քաղաքացիական պայմանագրին», խայծ են` գցված այլ քաղաքական ուժերի կողմից, իրենց ռեակցիան ստուգելու նպատակով:
«Կարծում եմ` որեւէ մեկը կասկածի չի ենթարկում մեր ընդդիմադիր լինելու հանգամանքը: Նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու համագումար, որի ընթացքում վերջին քաղաքական գործընթացներին տրվելու են գնահատականներ: Ներկայացվելու են մեր անելիքները: Մենք դեմ ենք այս վարչախմբին եւ այս մասին բազմիցս հայտարարել ենք, համագումարի ընթացքում էլ կոնկրետ գործողություններ եւ ասելիքներ են լինելու»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
ՀՀԿ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Երեկ ՀՀԿ կանանց խորհուրդը հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանի հետ: Խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են ներկուսակցական հարցեր: «Կանանց խորհրդի հետ կապված հարցերի շուրջ են եղել քննարկումները: Խորհրդի տարբեր ներկայացուցիչներ կային նաեւ մարզերից, մարզային մի շարք խնդիրներ եւ ընդհանուր ներկուսակցական հարցեր ենք քննարկել»,- ասաց ՀՀԿ խմբակցության անդամը: