ՕԵԿ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀԿ-ն քննարկում է կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու խնդիրը, դրա նպատակահարմարությունը, ՕԵԿ-ը բոլորից առաջ է ընկել ու ասել, որ իրենք պատրաստ են ընդգրկվել ապագա կոալիցիայի կազմում:
Այլ կերպ ասած՝ դեռեւս հայտնի չէ՝ ընդհանրապես կձեւավորվի կոալիցիա, թե ոչ, ՕԵԿ-ը, ջուրը չտեսած, բոբիկացել է: Այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ տեւական ժամանակ է՝ որեւէ մեկը քաղաքական դաշտում առանձնապես ուշադրություն չի դարձնում ՕԵԿ-ի ցանկություններին. բոլորի համար էլ ակնհայտ է, որ նրանք անելու են այն, ինչ թելադրի ՀՀԿ-ն: Ու եթե ՀՀԿ-ին հաջողվի կոալիցիա կազմելու հարցում համոզել ԲՀԿ-ին, ապա ՕԵԿ-ն ինքնըստինքյան կստորագրի փաստաթղթի տակ:
Սակայն սա ՕԵԿ հայտարարության մեջ միակ զավեշտը չէ. պարզվում է՝ այս կուսակցությունը սառեցրել է բոլոր ՕԵԿ-ականների անդամակցությունը կուսակցությանը: Հայտարարելով հունիսի 1-ից կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների գործընթաց՝ ՕԵԿ-ը քաղխորհուրդը նշել է. «Կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր: Դադարեցվում է ՀՀ այն քաղաքացիների անդամակցությունը ՕԵԿ-ին, ովքեր մինչեւ ս/թ. մայիսի 22-ը հաշվառված են եղել որպես ՕԵԿ անդամներ, մինչեւ նոր կարգին համապատասխան ընդունելության կազմակերպումը»:
Երբ օրերս «Ժողովուրդ»-ը գրեց, թե ՕԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ են լինելու, լուծարվելու է քաղխորհուրդն, ու նորը կազմավորվելու, այս կուսակցության մամուլի խոսնակը կտրականապես հերքել էր հրապարակումը: Մինչդեռ, հիմա ՕԵԿ-ն ինքն իր բերանով է խոստովանում դա: ՕԵԿ-ում տիրող այս ընկճախտը հասկանալի է. նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ նրանք հայտարարում էին, թե ունեն 150 հազար անդամ, դեռ ավելին, իրենց շարքերն օր օրի ավելանում են: Այնինչ ընտրությունների օրը նույնիսկ իրենց օգտին ՀՀԿ կատարած կեղծիքներից հետո պարզվեց, որ հազիվհազ 83 հազար ձայն են ստացել:
Բայց զավեշտը դա չէ, այլ այն, որ հիմա փաստորեն, ՕԵԿ-ը՝ որպես կուսակցություն, ժամանակավորապես գոյություն չունի: Այլապես, անհասկանալի է՝ ինչպես կարող է սառեցվել մինչեւ ս/թ. մայիսի 22-ը հաշվառված քաղաքացիների անդամակցությունը կուսակցությանը, մյուս կողմից համարել, որ ՕԵԿ-ը գոյություն ունի: Այնպես որ, Արթուր Բաղդասարյանը որպես հաջորդ քայլ՝ ճիշտ կաներ լուծարեր ժամանակին Սերժ Սարգսյանի ստեղծած կուսակցությունը: Ի դեպ «Կուսակցությունների մասին» օրենքով ցանկացած կուսակցություն պետք է ունենա նվազագույնը 2 հազար անդամ, մինչդեռ ՕԵԿ-ն այսօր ընդամենը 15 անդամ ունի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս