ՎԿԱՆ ԿԱՐ, ՊԱՇՏՊԱՆԸ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին Իջեւանում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, պետք է կայանար 2010թ. հուլիսի 27-ի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասում պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Սակայն այն չկայացավ, քանի որ դատարան չէր  ներկայացել ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը: Ներկա չէին նաեւ՝ ամբաստանյալ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչները՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Նախորդ դատական նիստի ավարտին, երբ դատավոր Սամվել Մարդանյանը որոշում էր հաջորդ նիստի օրը, պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը  մայիսի 22-ին այլ գործով Երեւանում նիստի պետք է մասնակցի: Պաշտպան Լեւոն Պողոսյանն էլ տեղյակ լինելով, որ Հրանտ Գեւորգյանը մայիսի 22-ի նիստին չի մասնակցելու, Իջեւան չէր ժամանել՝ իր բացակայության մասին դատարանին հեռախոսով տեղյակ  պահելով: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը դատարանին միջնորդեց առանց իր պաշտպան Հրանտ Գեւորգյանի նիստ չանցկացնել: Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանում ասաց, որ բազմիցս հայտարարվել  է, որ գործով առանցքային վկա Արման Մնացականյանը դատարան չի ներկայանում, հիմա նա ներկա է, վերջինիս միայն ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը չի հարցաքննել, պետք է այժմ նրան հնարավորություն տալ, որ հարցաքննի վկային: Դատավոր Սամվել Մարդանյանը  վկա Արման Մնացականյանին դատարան ուղեկցած ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակցին խնդրեց դատական հաջորդ նիստին ապահովել վկա Մնացականյանի  մասնակցությունը, քանզի նախորդ նիստը չկայացավ վերջինս բացակայության պատճառով: Դատավորը դժգոհեց, որ այս նիստին էլ ամբաստանյալների պաշտպանները չեն մասնակցում, եւ որ նիստերի հետաձգմամբ խախտվում են դատավարության ողջամիտ ժամկետները:
Նշենք, որ ամբաստանյալ 3 զինվորներից ներկայում կալանքի տակ չէ միայն Հարութիկ Կիրակոսյանը, որը շարունակում է ծառայությունը, թեեւ նրա ժամկետային ծառայության ժամկետը 11 ամիս առաջ է լրացել: Հ. Կիրակոսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը ցանկանում էր դատարանին միջնորդություն ներկայացնել Կիրակոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը չի խախտում այլ ամբաստանյալների պաշտպանական իրավունքները: Դատախազ Հարություն Հարությունյանն էլ հայտարարեց, որ դատական նիստ կայանալու դեպքում պետք է տեղի ունենա վկա ԱՐՄԱՆ Մնացականյանի հարցաքննությունը:  Ի վերջո, դատավոր Ս. Մարդանյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ մայիսի 29-ը:  Արդեն նիստի ավարտից հետո դատավորն ասաց, որ  դատավարության մասնակիցների միջեւ պայմանավորվածություն կա ամեն շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի օրերին այս գործով նիստեր կայացնել, ուստի փաստաբաններն իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունը պետք է այնպես դասավորեն, որ կարողանան այս դատին մասնակցել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս