Մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս սեպտեմբերին Կոպենհագեն կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավարների ու փորձագետների հետ այլ հարցերի թվում քննարկել էր նաև սեռով պամանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հիմնահարցը քննարկել ընդլայնված կազմով։

Մայրական և նորածնային առողջության ներկա հիմնախնդիրներին, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը նվիրված ՀՀ առողջապահության նախարարությունում հերթական քննարկմանը ներկա էին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մայրական և նորածնային առողջության ծրագրերի համակարգող Գունտա Լազդանեն, փորձագետներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արմեն Մուրադյանը նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը մնում է ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության գերական ուղղություններից մեկը, իսկ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխումը` հատուկ նշանակության խնդիր։

«Վարչապետն այդ առթիվ իր մտահոգությունը հայտնեց` որպես երկու դուստրով հպարտացող հայր` հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը»,-ընդգծեց նախարարը։
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` ներկայացնելով վերարտադրողական առողջության առկա իրավիճակը, նշեց, որ 2015 թվականի անցած 10 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 1200 ավելի ծնունդ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, Հայաստանում պարզ վերարտադրություն չկա։ Պտղաբերության գործակիցը 1990-ի 2,8-ից իջել է 1,6-ի։ Ժողովրդագրական այս խնդրի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` զույգերի վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, առաջին ամուսնության միջին տարիքի բաձրացումը և այլն։

Որպես ՀՀ կառավարության գերակա ուղղություն` 2008-ին ոլորտի ֆինանսավորումը կրկնապատկվել է։ Իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում վերարտադրողական տարիքի կանանց առողջության վերականգնման դրական լուրջ միտումներ են արձանագրվել։ Զգալի նվազել են նաև անպտղության և սեռավարակների ցուցանիշները։ 90-ականների համեմատ հղիության արհեստական ընդհատումների թիվը կրճատվել է 2-3 անգամ։ Կիսով չափ իջել է նաև մայրական մահացության ցուցանիշը (100.000 ծնունդից)` առաջին անգամ հատելով 20-ից ցածր նիշը։ Արդեն մեկնարկել է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինիգային ծրագիրը, որում առաջիկա 3 տարում կընդգրկի թիրախային խմբի կանանց 50-60 տոկոսը։

«Վերջին շրջանում խիստ արդիական է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Այն առավել ցայտուն է երրորդ երեխայի պարագայում` 100 աղջիկ 160 տղայի դիմաց, որն աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանում առկա է նորածինների սեռերի անհամամասնության բոլոր նախապայմանները, որ կան այլ երկրներում։ Դրանք են` տղա երեխայի գերադասումը որպես ընտանիքի ծուխը ծխեցնող, տոհմը շարունակող և ազգանվան կրող, հասանելի են տեխնոլոգիաները, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալու երեխայի սեռը և փոքր թվով երեխաներ ունենալը, ինչը նվազեցնում է բնականոն ընթացքով տղա երեխա ունենալու հավանականությունը»,-ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ միտումը շարունակվելու դեպքում 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. տարեկան կհասնի 2000-ի:

Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման խնդրի լուծման նպատակով մեր փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Այդ նպատակն է հետապնդում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մայրական և նորածնային առողջության ծրագրերի համակարգող Գունտա Լազդանի հետ այս քննարկումը։

Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ: Այն ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայումս օրենսդրության մեջ արտացոլված չէ։

Շրջանառության մեջ դրված նախորդ փաթեթով արգելվում էր հայտնել երեխայի սեռը մինչև հղիության 30 շաբաթը։ Սակայն այդ մոտեցումը խոցելի է, քանի որ առկա են կնոջ առողջությանը սպառնացող և կոռուպցիոն ռիսկեր։

«Հայաստանը մեզ համար գերակա երկիր է։ Հատկապես, երբ խոսքը կանանց առողջությանն է վերաբերում։ Սեպտեմբերին կայացած մեր քննարկումից հետո նկատելի առաջընթաց կա։ Ողջունելի է, որ շեշտադրվում է կանանց, մայրերի և նորածինների առողջությունը։ Հայաստանում շատ բան է արվել այդ ուղղությամբ։ Ցուցանիշներ կան, որոնցով կարող եք իրավամբ հպարտանալ»,-ասաց ԱՀԿ ներկայացուցիչը։ Վկայակոչելով աշխարհի փորձը` Գունտա Լազդանեն նշեց, որ ժամանակակից Եվրոպայում ևս արդիական դարձած այս խնդրի լուծման նպատակով կիրառված միջոցները չեն տվել սպասված արդյունքները։ Այս առթիվ ԱՀԿ-ի ուղեցույցը հուշում է, որ հղիության արհեստական ընդհատմանն անդրադարձող օրենսդրությունն ու համապատասխան ծառայությունները պետք է պաշտպանեն բոլոր կանանց առողջությունն ու իրավունքները և չավելացնեն ռիսկերը։ Դրանք չպետք է այնպիսի իրավիճակներ ստեղծեն, որոնք կանանց կստիպեն օգտվել հղիության ընդհատման ապօրինի ու վտանգավոր ծառայություններից։

Գունտա Լազդանեն շեշտադրեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծումը առողջապահական հիմնահարց չէ, և երկիրը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկի։ Նա միաժամանակ առաջարկեց խորությամբ ուսումնասիրել իրավիճակն ըստ տարածքների ու խմբերի և դրանից ելնելով նոր ռազմավարություն մշակել։ Այս գործում իր աջակցությունն առաջարկեց ՅՈՒՆԻՍԵՖԻ երևանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արիենսը։ Ի դեպ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պլանավորում է հետազոտություն իրականացնել` ուղղված հայ հասարակությունում աղջիկների և կանանց նկատմամբ վերաբերմունքի գնահամանը։

«Մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Դա կարտահայտի երկրի վերաբերմունքը խնդրի հանդեպ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Միաժամանակ կարևորվեցին շատ երեխաներ ունենալը խրախուսելուն, աղջիկ երեխայի դերի բարձրացմանն ուղղված և այլ համալիր միջոցառումների անհրաժեշտությունը։

«Հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական կարգավորումները և մեխանիզմները թեկուզ փոքր-ինչ չպետք է բարձրացնեն մոր առողջության ռիսկայնությունը, միաժամանակ չպարունակեն կոռուպցիոն ռիսկեր»,-ասաց նախարարը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մարկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ։




Լրահոս