«ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐՆ Ո՞Վ Է»
Երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը միանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կառավարության բարեփոխումների մասին օրինագիծը շտապ կուղարկվի Ազգային ժողով: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարցեր է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ տարածքային կառավարման նախարարությունն այսուհետ լինելու է արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկու գերատեսչությունների աշխատանքի համատեղումը:
-Նախ ասեմ, որ այդ երկու գերատեսչությունների միավորումն ինձ համար անակնկալ էր, ես տեղյակ չեմ եղել: Ուղղակի ես այդպիսի անակնկալները ծանր չեմ տանում, որովհետեւ շատ են իմ կյանքում անակնկալներ տեղի ունեցել: Բայց եթե հիշում եք՝ արտակարգ իրավիճակների վարչությունը նախկինում եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմի մեջ ու շատ նորմալ աշխատել է: Հիմա քանի որ մենք աշխատել ենք, հզորացել ենք, կարծում եմ, որ այս միացումը ճիշտ է: Կարեւոր չէ, թե ով կլինի նախարարը, ով կղեկավարի, բայց միացումը ճիշտ է: Այստեղ ե՛ւ ռեսուրսների, ե՛ւ կադրային խնայողություններ կլինեն, ու կաշխատեն այն մարդիկ, ովքեր տիրապետում են իրավիճակին:
-Այսինքն՝ առաջիկայում կրճատումնե՞ր են լինելու:
-Ես դեռեւս այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ օրինագիծը դեռեւս պետք է խորհրդարանում քննարկվի: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կրկնվող բաժիններ, վարչություններ կլինեն, որոնք պետք չեն լինի, ուղղակի ես դեռեւս չեմ հետաքրքրվել, թե ինչ կառուցվածք ունի: Նույն գործառույթները երկու ուղղությամբ կատարելը սխալ է: Ընդամենն այս պահին մի բան կարող եմ ասել՝ երկու նախարարությունները միավորվելու դեպքում մենք ավելի արդյունավետ կաշխատենք:
-Երբ որ խորհրդարանում հաստատվի օրինագիծն, ու Դուք պաշտոնապես նշանակվեք ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, ինչի՞ց եք սկսելու:
-Ես սկսելու եմ մարզերից: Ուսումնասիրելու եմ բոլոր գյուղերն ու քաղաքները՝ հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան, որից հետո նոր կսկսեմ իմ հետագա քայլերի միջոցով արդյունքի հասնել: Այժմ պետք չէ ինչ-որ ամպագոռգոռ բառեր ասել: Դժվար է լինելու, տանջանք է, քանի որ օր ու գիշեր պետք է աշխատել: Եթե հիմա աշխատում ենք 12-13 ժամ, ապա այսուհետ պետք է աշխատենք 24 ժամ, որովհետեւ խնդիրները շատ-շատ են: Դա ծանր բեռ է, որը պետք է կարողանաս տանել: Առավել եւս, որ երկու նախարարություններում էլ խնդիրները շատ են, որոնք պետք է լուծել, քանի որ դու ժողովրդի հույսն ես, դու անմիջական կապ ունես մարդու ու նրա խնդիրների հետ:
-Պարո՛ն նախարար, տեղեկություններ կան, որ Ձեզ վստահելու են նաեւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Դուք այդ թեմայի շուրջ զրուցե՞լ եք ՀՀ վարչապետի կամ Սերժ Սարգսյանի հետ, արդյո՞ք նման առաջարկություն ստացել եք:
-Նման խոսակցություն չի եղել, ու ես կարծում եմ, որ այդպիսի տեղեկություններն անհեթեթ են:
-Փաստորեն ՀՀ-ում Դուք լինելու եք երկրորդ «սուպերնախարարը»…
-Իսկ առաջինն ո՞վ է (ծիծաղում է Ս. Գ.):
-ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Դուք կարողանալո՞ւ եք այդ «բեռը» պատվով տանել:
-Գագիկ Խաչատրյանի վրա էլ է շատ ծանր բեռ դրված, ես «սուպերնախարար» չեմ տեսնում, ես տեսնում եմ ծանրաբեռնվածություն, նույնն էլ այս դեպքում է լինելու: Ինչքան ավելացվում են ֆունկցիաները, այնքան ավելանում են քո պարտականությունները: Չաշխատող մարդուն որտեղ էլ ուզում ես նշանակիր, ինքը հանգիստ կարող է վայելել, իսկ երբ աշխատում ես, դա արդեն դառնում է ծանր բեռ:
-Պարո՛ն Երիցյան, այնուամենայնիվ, Ձեզ ո՞ր արժանիքների համար են նման պաշտոնների նշանակում: Այսօր իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, որի անդամներն են նման պորտֆելներ զբաղեցնում: Մինչդեռ Դուք ՀՀԿ անդամ չեք, սակայն Ձեր ղեկավարմանն է հանձնվում 2 նախարարություն: Ինչո՞ւ: ՀՀԿ-ում կադրեր չկա՞ն:
-Ես կարմրեցի Ձեր հարցից, երեւի աշխատանքի շնորհիվ է, որ ես պաշտոնավարում եմ: Երեւի ե՛ւ ՀՀ նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի աշխատանքի գնահատականի շնորհիվ է… Ես չեմ ուզում ասել, թե ես լավ եմ աշխատում, կամ ինչ-որ սարեր, ձորեր եմ շուռ տալիս, պարզապես իմ առջեւ դրված խնդիրները կատարում եմ: Ամենակարեւորն էլ այն է, որ ես ունեմ լավ թիմ: Ես միշտ ասել եմ, որ այն գնահատականը, որը տրվում է ինձ, դա մեր բոլորիս աշխատանքի շնորհիվ է: Ասում եք՝ ՀՀԿ-ում կադրեր չկան, ինչի՞ չկան: Մենք բոլորս էլ հայ ենք, եկեք այդպես մտածենք… եթե հիմա ես կուսակցական չեմ, նշանակում է՝ ես երկրի թշնամի՞ն եմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԳԼԽԻՆ ԲԵՐԵՑԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»
Ինչպես արդեն հայտնել ենք` «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հնարավոր է` առաջիկայում ՀՀԿ-ն եւ ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին: Ենթադրաբար այդ բանակցությունների արդյունքում ՀՀԿ-ն կարող է հրաժարվել Հայաստանի կառավարման նախագահական կարգը խորհրդարանականով փոխելուց: Սրան կարող է հաջորդել այն, որ ԲՀԿ-ն իր համաձայնությունը տա սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, մանավանդ, որ այդ փոփոխություններով խորհրդարանը կդառնա 100 տոկոս համամասնական, այսինքն` ԲՀԿ-ի հռչակած պահանջը եւս այդպիսով կիրականանա:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակ է՝ դեմ են, եւ վե՛րջ:
-Պարո՛ն Ուրիխանյան, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն եւ ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին:
-Մեր ասելիքը իշխանությանը եղել է մեկը՝ վերացրե՛ք աղքատությունը, վերացրե՛ք գործազրկությունը, լուծումներ տվե՛ք սոցիալական, տնտեսական, իրավական ճգնաժամի հաղթահարման համար եւ այլն: Տասներկու եւ եւս մի քանի կետերից բաղկացած օրակարգ ենք առաջ քաշել, որն առաջին համապետական հանրահավաքի ժամանակ հաստատվեց ժողովրդի կողմից: Իշխանությունը մերժեց մեր պահանջները՝ դրանով իսկ իր գլխին բերելով իշխանափոխության հարցը: Որեւէ այլ ասելիք, որեւէ այլ բանակցելու բան այս թեմայի շուրջ չկա:
-Այնուամենայնիվ, եթե իշխանությունները գնան զիջման, եւ խորհրդարանում 100 տոկոս համամասնական ընտրակարգ հաստատվի, եռյակի եւ ՀՀԿ-ի համագործակցությունն ի՞նչ հարթության վրա եք տեսնում:
-Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ասեմ, որ ԱԺ-ում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն օրենսդրական դաշտում, օրենսդրական նախաձեռնության տեսքով ոչ իշխանական ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի աշխատանքի արդյունքում նախագիծ կբերի խորհրդարան, իսկ թե ինչ տեղի կունենա, դեռ կտեսնենք:
-Վերոնշյալ փոփոխությունների հաստատման դեպքում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը փոփոխության կենթարկվի՞:
-Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է՝ դեմ ենք, եւ վե՛րջ:
-ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստում ի՞նչ հարցեր եք քննարկել, արդյո՞ք որոշվել է հաջորդ հանրահավաքի օրը:
-Քաղխորհրդի նիստում քննարկվել են կազմակերպչական բնույթի, ինչպես նաեւ՝ համաժողովրդական շարժման շտաբների հետ կապված հարցեր:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՎԱՉԵՆ ԿՂԵԿԱՎԱՐԻ
Երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ հայտարարվել է նոր` միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն ստեղծելու մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն որոշվել է, թե ով է ղեկավարելու նոր գերատեսչությունը: Այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը: Իսկ փոխվարչապետի հարցը դեռ շարունակում է մնալ չլուծված: Ի դեպ, ենթադրվում է, որ նոր ստեղծվելիք նախարարությունն իր մեջ կներառի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ուստի կարծիքներ կան նաեւ, որ այս նոր նախարարության ստեղծման իրական նպատակը ՀՀ էկոնոմիկայի ներկայիս նախարար Կարեն Ճշմարիտյանից ազատվելն է: Երեկվա նիստից հետո նա հեռացել է անտրամադիր` համառորեն խուսափելով պատասխանել լրագրողների հարցերին:
«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ը վերջերս տեղեկացրել էր, որ «Միկա Լիմիթեդ» ընկերությունը դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով՝ սնանկ ճանաչել «Արմավիա» ավիաընկերությանը: Նշենք, որ գործը դատարան է մտել այս տարվա սեպտեմբերի 9-ին: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, սակայն դատական նիստի օրը դեռեւս չի նշանակվել: ՀՀ դատական դեպարտամենտից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ գործն ուսումնասիրման փուլում է: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատարան են կանչվում «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները, ովքեր դիմումներ են գրում այն մասին, թե ընկերությունն ում որքան գումար է պարտք:
ԳՈՐԾԱԴԻՐԻ ՄԵՂՔՈՎ
Ավելի քան երկու շաբաթ է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը մոտ մեկ ամիս առաջ կարկուտից տուժած ճամբարակցիներին չի տրամադրում իրենց հասանելիք շիֆրերը: Անելանելի դրության մեջ հայտնված ճամբարակցիները կարկուտի հետեւանքով իրենց տներում առաջացած անցքերը ստիպված սեփական ուժերով ժամանակավորապես փակել են շինարարական հատուկ նյութով: Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Հիմա տանիքներին ձյուն է նստած: Եթե բաժանած էլ լինեին, ապա հնարավոր չէր լինի որեւէ շինարարական աշխատանք իրականացնել: Բայց այնպես չէ, որ չի բաժանվի: Հավանաբար առաջիկայում նորից կբաժանեն»: Թեեւ քաղաքապետը վստահեցրեց, որ ոչ ոք առանց շիֆրի չի մնա, այնուամենայնիվ, փաստն այն է, որ տուժած բնակիչների մի զգալի մասի կտուրների խնդիրը մինչ օրս լուծված չէ: Իսկ ձմեռն արդեն շատ մոտ է: