Կհայտարարենք անակնկալ ու յուրահատուկ դաշինքի մասին. Տիգրան Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

-Պարո՛ն Ուրիխանյան, հայտարարել եք, որ ձեր կուսակցությունը մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին, ի՞նչ ձևաչափով է լինելու մասնակցությունը, ո՞վ է թեկնածուն լինելու:

-Ամենայն հավանականությամբ՝ ձևավորվելու է մի շատ յուրահատուկ ու հզոր դաշինք, գրեթե բոլորի համար անսպասելի, կարծում եմ՝ նաև լիարժեք հաղթանակի հավակնող դաշինք է լինելու: Իսկ թե ով է լինելու թեկնածուն, այդ ժամանակ էլ կհայտարարվի:

-Ո՞ր քաղաքական ուժի հետ եք դաշինք կազմելու:

-Մի քանի օրից կուսակցության և վարչության նիստ ենք ունենալու, քննարկումներ ենք ունենալու մեր գործընկերների հետ, որից հետո կհայտարարվի սպասվող նոր դաշինքի մասին: Ասում են՝ արհեստականորեն շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, այսինք՝ մայրաքաղաքային ընտրությունները կարող են անցկացվել արտահերթ և շատ ավելի վաղ, քան սպասվում է, ուստի կհայտարարենք անակնկալ ու հետաքրքիր դաշինքի մասին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

-Բազմից խոսել եմ այս մասին՝ և՛ ազգային ժողովում՝ նախկին երկու գումարումների ընթացքում, այս իշխանության գոյության ընթացքում, և՛ խորհրդարանից դուրս: Կործանարար է այս իշխանության վարած քաղաքականությունը, Արցախն արդեն կործանել են, կփրկի միայն հրաշքը, իսկ Հայաստանը մոտեցել է եզրագծին, փրկությունը հրատապ իշխանափոխությունն է:

-Իշխանության քայլերը Արցախում ստեղծված ճգնաժամը լուծելու ուղղությամբ բավարար գնահատո՞ւմ եք, եթե դուք լինեիք իշխանության՝ ինչպե՞ս կվարվեիք:

-Իշխանության քայլերի բավարարար լինելու մասին խոսելը, կարծում եմ, նույնիսկ տեղին չէ, իշխանության քայլերը բավարար են միայն իրենց մանկահասակ մակարդակի չտեսությունը բավարարելու համար, լավ ճոխ-ճոխ առանձնատներ, մեքենաներ ու բիզնեսներ գնելու համար: Իսկ թե ինչպե՞ս կվարվեի, եթե իշխանության լինեի, չեմ կարող ասել, քանի վաղուց արդեն որևէ նպատակ և ցանկություն չունեմ իշխանության գալու:

-Այս ընթացքում փորձե՞լ եք հանդիպել Փաշինյանի հետ՝ քննարկել ստեղծված իրավիճակը:

-Եթե Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն լիներ, կմնայի արտախորհրդարանական կոչված կուսակցություննրի կազմում և քննարկումների կմասնակցեի: Իսկ Փաշինյանի հետ քննարկելու մի բան կա՝ քանի րոպեից է հրաժարական տալու, ուրիշ քննարկելու բան չկա, սրանով ամեն ինչ ասված է: Բոլոր ջանքերս ու հնարավորություններս, ռեսուրներս, իմ կուսակցության աշխատանքները ուղղված են լինելու գործող իշխանության փոփոխության և նրանց իշխանություն բերածներին քաղաքականությունից դուրս շպրտելուն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս