Կառավարության անդամներն իրենց կաբինետներում զբաղված են ստրիպտիզով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2015թ բյուջեն քննադատեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա այն անվանեց անողնաշար բյուջե: Ըստ Փաշինյանի՝ բյուջեի փաստաթղթում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին. չի երևում՝ այդ բյուջեի արդյունքում աղքատությունը ավելանալու է, թե՝ ոչ:

«Պետությունը հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում, երբ մի բանկից վերցնում` մյուս բանկի պարտքն է փակում: Այս բյուջեով՝ կառավարությունը վերցնելու է 114 մլրդ դրամի պարտք, որ փակի 115 մլրդ դրամի պարտք, սա ի՞նչ է, եթե ոչ տոկոսի տակ ընկած պետություն:»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը խոսեց նաև եռյակի մասին: «Սա ոչ իշխանական եռյակի դեպքը չէ, որ ամառը ասեն աշուն, աշունը ասեն ձմեռ և այդպես շարունակ: ԲՀԿ խմբակցության անդամներն ասում են` դե գիտե՞ք, էս կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել: Բայց ե՞ս էի նստած այստեղ ու արագորեն անցկացնում Տիգրան Սարգսյանի կառավարության օրինագծերը: Չէ, այդ ես չէի, դա նույն Հովիկ Աբրահամյանն էր: Կարո՞ղ է, մի օր էլ ասեք, որ Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև օրեր առաջ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հարց ու պատասխանին: Ըստ պատգամավորի՝ Գագիկ Խաչատրյանի պատասխանը գողական էր, և ինքը թույլ չի տա գողական խոսել ո՛չ իր, ո՛չ էլ իրեն ընտրած քաղաքացիների հետ: Փաշինյանը նշեց, որ կառավարության անդամներն իրենց կաբինետներում զբաղված են կոռուպցիոն ստրիպտիզով, որից ժողովուրդը ահագին գրգռվել է:




Լրահոս