Շքերթի փոխարեն՝ պահանջեք Ադրբեջանին չզինել. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում շքերթ կանցկացնեն ռուսական զորքերը: Այդ մասին պաշտոնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ: Ըստ ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` Երեւանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը եւ զինտեխնիկան:

Նախօրեին «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերում այն հանգամանքին, որ Հայաստանի՝ դեռեւս (համենայն դեպս` դե յուրե) ինքնիշխան համարվող անկախ հանրապետության հրապարակում հաղթանակի օրը ռուսական զորքերը պետք է շքերթ անցկացնեն: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ինքը նման տեղեկության ծանոթ չէ ու չի կարող որեւէ բան ասել. «Ես կծանոթանամ, եթե նման հայտարարություն է եղել, կպատասխանեմ»

: Ուշագրավ է, որ բացի Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահից, Ս. Օհանյանի այս որոշման մասին տեղյակ չէին նաեւ ՀՀԿ խմբակցության մնացած պատգամավորներից շատերը, որոնք ամեն կերպ խուսափում էին այս մասին մեր հարցերին պատասխանելուց:
Փոխարենը խնդրից քաջատեղյակ էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այդ որոշմամբ ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ իրենք այլեւս որոշումներ կայացնող չեն: Նրանց փոխարեն դա այլեւս անում են ռուսները:

-Պարո՛ն Քոքոբելյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ 2015թ. մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը: Ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը, Դուք տեղյա՞կ եք ՀՀ պաշտպանության նախարարի այդ որոշումից, եւ արդյոք այն քննարկվել է Ձեր հանձնաժողովում:

-Դա մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ ուղղված քայլ է, որովհետեւ, անկախ այն բանից, թե այդ զորավարժությունը նվիրված կլինի հաղթանակին, Մեծ հայրենական պատերազմին, թե դա նվիրված կլինի այլ միջոցառման, իմ համոզմամբ եւ պնդմամբ՝ այն պետք է լինի բացառապես հայկական զորքերի գլխավորությամբ, այլ ոչ թե համատեղ՝ հայկական, ռուսական կամ ղազախական: Ես վստահաբար կարող եմ պնդել, որ դա արվում է նրա համար, որ ռուսական իշխանությունները, ինչպես միշտ, եւս մեկ անգամ ցույց տան իրենց ազդեցության չափաբաժինը Հայաստանի նկատմամբ:

-Որոշ մարդիկ այդ շքերթը դրական «լույսի» ներքո են ներկայացնում՝ նշելով, որ այս կերպ Հայաստանը բոլորին կապացուցի, որ իր ռազմավարական գործընկերը իր «կողքին» է: Որքանո՞վ եք հիմնավորված համարում նման մոտեցումը:

-Բոլորն էլ գիտեն, որ ռուսական զորքերը տեղակայված են Հայաստանում, ու որեւիցե մեկը չկա, որ դրա մասին տեղեկություն չունի: Դրանով մենք որեւիցե բան ցույց չենք տալու, ցույց ենք տալու միայն մեր ինքնիշխանության անկման փաստը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ռուսական զորքերի շքերթով կարող ենք Ադրբեջանին ինչ-որ բան ցույց տալ, ապա դա թույլ ըմբռնում եմ համարում, քանզի նույն հաջողությամբ Հայաստանում ռուսական զորքերը շքերթ են իրականացնում, իսկ Ադրբեջանին մեծածավալ հարձակողական սպառազինություն վաճառում: Ու ավելին, քան այդ փաստը, այլ փաստ գոյություն չունի: Նման տիպի գործողություններով մենք աշխարհին հնարավորություն ենք տալիս մտածելու, որ մենք չենք որոշողը, որը ես պարկեշտ չեմ համարում:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իշխանությունները որոշել, որ ռուսական զորքը շքերթ անցկացնի Երեւանում, ո՞րն է դրա նպատակը: Կարծում եք, որ այդ որոշումը ՌԴ- իշխանությունների ճնշման ներքո՞ է կայացվել, թե՞ ՀՀ իշխանությունները ուղղակի եւս մեկ անգամ ՌԴ-ին հաճոյանալու համար են նման քայլի գնում:

-Ընդհանրապես կարելի է իշխանություններին հարց ուղղել, թե ինչու են համաձայնել, բայց իմ կարծիքով իշխանությունները սխալ են անում, որ համաձայնում են, ուղղակի անթույլատրելի է, որ դա անեն այստեղ: Լավ կլինի, որ այդ շքերթի փոխարն մեր իշխանությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պահանջեն դադարեցնել զենքի-զինամթերքի, սպառազինության վաճառքը մեր հակառակորդին: Պետք է ուղղակիորեն օր առաջ դրա մասին հայտարարել, այլ ոչ թե համատեղ շքերթներ կազմակերպել: Շքերթ, որը որեւէ բան չի տալու Հայաստանին: Իսկ ամբողջ աշխարհն այդ շքերթին կնայի այլ աչքերով: Որեւիցե մեկը չի ասում, որ ռազմական գործընկերներն իրավունք չունեն միասին որոշակի գործողություններ անելու, այդ թվում նաեւ՝ շքերթ, բայց ես կրկնում եմ՝ դա ոչինչ չտվող բան է: Ես էլ պնդում եմ, որ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Ադրբեջանը պակաս զինամթերք ձեռք բերի Ռուսաստանից:

Հ.Գ. Հայաստանի ՊՆ խոսնակը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ մայիսի 9-ին փոքր զորահանդես կանցկացվի Գյումրիում, Երեւանում մեծ զորահանդես անելու մասին պայմանավորվածություն չկա։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս