ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՍԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԲՀԿ խմբակցությունը մեր խորհրդարանում ամենաէկզոտիկն է: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է չնեղացնել ոչ միայն մտերիմներին եւ իրենով հրապուրվածներին, այլեւ նրանց, ովքեր մոտ են սպորտին եւ իր թիմն են ներկայացնում: Հենց այս տրամաբանությամբ է Բազմասեր Մանաֆասի Առաքելյանը հայտնվել խորհրդարանական խմբակցությունում: Իհարկե, գյուղապետի տեղակալ չէ եւ ոչ էլ սկսնակ մեղվապահ, իր շատ ջահել հասակում էլ հասցրել է «առաջ գնալ»: Երեւի դարձյալ Գագիկ Ծառուկյանն է օգնել:

Երեւի հենց իրեն օգնողներն էլ հուշել են, որ պետք է բազմակողմանի զարգացած լինել, այդ պատճառով էլ տասնվեց տարեկան հասակում նա ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, անմիջապես ընդունվել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետ: Ավարտել է քսան տարեկան հասակում, մեկ տարի ծառայել բանակում, ապա վերադարձել ու անցել մարզչի պարտականությունների կատարմանը: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հենց այնպես չի սկսել հովանավորել փարպեցի պատանուն: Բազմասերը 1992 թվականից եղել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, դարձել է հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր:
Ճիշտ է՝ բախտը նրան երբեք չեմպիոնական ուրախություններ չի պարգեւել. Բազմասերին տրված չի եղել սպորտում առաջիններից լինելու երջանկությունը, բայց հո բոլորը չե՞ն ծնվել չեմպիոն դառնալու համար: Չեմպիոնությունը չի ստացվել, սակայն հավաքականի կազմում գտնվելու ժամանակ ստացվել է կրթություն ստանալը: Սա էլ կարեւոր բան է, մանավանդ որ քիչ չեն այսօր այն պատգամավորները, որոնք բարձրագույն կրթություն են ստացել միայն պատգամավորական մանդատն իրենց գրպանը դնելուց հետո եւ այն էլ ինչ-որ կասկածելի բուհերում, կասկածելի որակավորումներով… Իսկ Բազմասերը ողջ կյանքում սովորել է, անգամ պատգամավոր դառնալուց հետո էլ է սովորել՝ 2013-ին ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Դե, հո մարդն ամբողջ կյանքում մարզիչի չնչին աշխատավարձով չէր ապրելու, պատգամավորի մանդատն էլ հավերժական չէ: Իսկ տնտեսագետի դիպլոմը շատ բան կտա իրեն, պաշտոնական կենսագրության մեջ էլ կառանձնանա իր շուքով ու փայլով:
Բանակից զորացրվելուց հետո Բազմասեր Առաքելյանն ընթացավ «նորմալ» ճանապարհով. 1999 թվականին աշխատանքի անցավ ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցում, եղավ մարզիչ, ապա՝ փոխտնօրեն: Ու սրանից հետո էլ կյանքը Բազմասերին վազքով սկսեց բարձրացնել կարիերայի աստիճաններով: 2003 թվականին, ընդամենը 24 տարեկան հասակում, Բազմասերը դարձավ ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզային կոմիտեի նախագահ: Արագածոտնում բազմափորձ ու վաստակաշատ մարդիկ չկայի՞ն, չկայի՞ն ֆիզիկական կուլտուրայի կառավարման գործում ավանդ ունեցող մարդիկ: Իհարկե, կային, սակայն ինչ-որ մեկն անընդհատ օգնում էր Բազմասերին եւ նպաստում այն բանին, որ երիտասարդն առաջ ընթանա: Չորս տարի հայրենի Արագածոտնում նախագահ լինելուց հետո Բազմասերը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: Մեր երկրում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդականները ոչինչ չեն անում եւ որեւէ գործառույթ չեն իրականացնում, բայց, դե, պաշտոնի անունը հնչեղ է, զրնգուն: Կարեւորն այն է, որ նախարարության շենքում սենյակ ունի…
Մինչեւ 2010 թվականը՝ խորհրդականի աշխատավարձ ստանալուց հետո, Բազմասերն ընտրվեց «Սեւան» մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ: Սա արդեն շատ բան էր նշանակում, գրեթե մի նոր նախարար, որովհետեւ այս ընկերությունը, խորհրդային տարիների իներցիայով, գյուղական մարզական ընկերությունների համահավաքն է: Թե ինչ հաջողություններ գրանցեց Բազմասերն այս ասպարեզում, ինչպես կարողացավ մեր գյուղական սպորտին զարկ հաղորդել, հայտնի չէ: Համենայն դեպս մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բացարձակապես ոչինչ չի արվել, ոչ մի գյուղական մարզադպրոց չի կառուցվել, գյուղական վայրերում ապրող որեւէ մարզիկ հանրապետական առաջնություններում չի ընդգրկվել, «Սեւան» ընկերության նախագահը որեւէ գյուղում չի եղել, որեւէ ծրագրով հանդես չի եկել: Պարզապես փքուն ու հնչեղ պաշտոն է՝ նախագահ, մարդն էլ ջահել-ջահել կամեցել է մի քիչ կուրծքը դուրս ցցած ապրել: Իսկ գյուղական սպորտը նրան ի՞նչ…
Ի դեպ, այնքան է ոչ կարեւոր դիտվել «Սեւան» ընկերությունը, այնքան է ոչ պիտանի համարվել գյուղական սպորտը, որ Բազմասեր Առաքելյանը համատեղությամբ այս շրջանում հանդիսացել է նաեւ ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Մինչդեռ այս երկու պաշտոնն էլ պահանջում են լարված աշխատանք, կենտրոնացում, ի վերջո ահռելի ծավալ են ընդգրկում, եւ պարզ չէ, թե ինչպե՞ս է կարողացել երիտասարդը համատեղել…
2012թ. մայիսի 6-ին Բազմասեր Առաքելյանը ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել: Ի՞նչ է անում նա խորհրդարանում, օրենսդրական ի՞նչ գործունեություն է ծավալել: Ըստ էության, գրեթե ոչ մի: Մինչդեռ լինելով մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի անդամ՝ գոնե կարող էր մարզաշխարհի խնդիրները բարձրաձայնել, օգտագործելով պատգամավորական մանդատը՝ աջակցել մեր սպորտին, մարզիչներին, լինելով ՀԱՕԿ խորհրդի անդամ՝ զբաղվել մայրաքաղաքից դուրս գտնվող մարզական կառույցների թշվառ վիճակով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այնուհանդերձ օրենսդրական մի նախաձեռնությամբ Բազմասերը հանդես է եկել, բայց մեկ տարի առաջ հրապարակ հանված այդ նախաձեռնության ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց…
Եվ վերջում ուշագրավ մի հանգամանք՝ ըստ շրջանառվող տեղեկությունների` 2012 թվականին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն Արագածոտնի մարզում աշխատանքներ էր տանում ՀՀԿ-ի համար, ինչի պատճառով էլ լուրջ տարաձայնություններ էին առաջացել մարզպետ Սարգիս Սահակյանի ու պատգամավորի միջեւ, որովհետեւ մարզպետը խանդի զգացումներ էր ունեցել: Գուցե նաեւ այդ երկակիությունն է օգնում Բազմասերին, ի վերջո, նա բազմասեր է եւ կարող է սիրել թե՛ ԲՀԿ-ին, թե՛ ՀՀԿ-ին… մանավանդ, որ դա նպաստում է նրա փոքրիկ բիզնեսին…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

 

 
ՋՈՒՐԸ՝ ԵՐԿՈՒ ԳՅՈՒՂԻ ԿՌՎԻ ՊԱՏՃԱՌ

ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչները երեկ փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանի խոսքով՝ իրենց համայնքի ջուրը տալիս են հարեւան Շղարշիկ գյուղին, եւ հիմա իրենք ընդհանրապես ջուր չունեն: Նախօրեին եղնիկցիները խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար փակել էին ճանապարհը: Այսօր Եղնիկի բնակիչները հանդիպելու են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ստորեւ ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, որքա՞ն ժամանակ է, որ գյուղն ունի այս խնդիրը:
-Արդեն քսան տարի է, ինչ այս խնդիրը կա: Առվի ջուր ենք խմում:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս օգոստոսին, երբ Ձեր համայնքում էր, հանձնարարել էր, որ մի քանի օրում հարցը լուծվի: Չլուծվե՞ց:
-Հանձնարարել է, բայց չեն կատարել: Համայնքն ունի 600 բնակիչ, բոլորն էլ այսօր առվի ջուր են խմում: Ծորակը բացում ես, երբեմն էլ որդ է թափվում: 13 տարվա գյուղապետ եմ, բայց դուռ չի մնացել, որ այս հարցով չթակեմ: Հարկ եղած դեպքում կրկին ավտոճանապարհ կփակենք: Միայն մեր հարցին լուծում տրվի:
-Ի՞նչ է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար:
-Ջրագիծ կա քաշած, միայն ջուրն է պետք: Ջրագիծ քաշելու համար տարբեր ատյանների դիմել եմ, ոչ ոք չօգնեց, միայն բնակիչներից գումար եմ հավաքել, մոտ 87 մլն դրամ: Միայն 2 կիլոմերտ խողովակը հատկացրել է վարչապետը:
-Իսկ մարզպետ Սարգիս Սահակյանը չի՞ փորձում որեւէ կերպ հարթել այս խնդիրը:
-Մարզպետի հետ հանդիպեցինք, նա ասաց, որ ջուրը պետք է կես-կես բաժանել գյուղերին, բայց նրա խոսքն էլ հարեւան գյուղում անտեսեցին: Երկու գյուղերի միջեւ վիճաբանությունը սկսել է այն ժամանակ, երբ սկսեցինք ջրագիծ քաշել: Իրենք ոչ մի ատյան չեն դիմել եւ չեն բարձրաձայնել, որ ջրի խնդիր ունեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ
Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նոր ստեղծվելիք նախարարությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, խուճապ է առաջացրել Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների շրջանում: Հայտնի է, որ նոր ստեղծվելիք նախարարությունը պետք է զբաղվի ՀՀ-ԵՏՄ եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հարցերով: Այժմ այդ գործընթացներն իրականացնում է հենց Էկոնոմիկայի նախարարությունը: Դեռ պարզ չէ՝ նոր նախարարությունը ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարության փոխարեն, թե գործելու են երկուսն էլ: Նախարարության ներսում եւս չեն դադարում այս խոսակցությունները: Աշխատակիցները տեղյակ չեն՝ դեռ որքան են շարունակելու աշխատել, եւ թե ինչ է լինելու հետագայում: Նշենք, որ վաղուց են շրջանառվում այն խոսակցությունները, թե Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ցանկանում են պաշտոնանկ անել եւ «հեռացնել» ասպարեզից: Հայտնի է, որ նա համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրը, ով նախկինում եւս զբաղեցրել է նախարարի պաշտոնը, ապա անցել պատգամավորական աշխատանքի:

 

«ՀԱՄԵՍՏ» ՇՄԱՅՍԸ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում բավական համեստ տվյալներ է ներկայացրել: 2011թ. հայտարարագրում պատգամավորը, բացի աշխատանքի վարձատրության մասին տվյալներից, ոչինչ չի նշել: Իսկ նրա տարեկան աշխատավարձն էլ կազմել է 3 մլն 121 հազար դրամ: 2012թ. տարեկան հայտարարագրում եւս վարձատրության մասին տվյալներ կան: Այս անգամ տարեկան աշխատավարձի չափը նշված է 3 մլն 124 հազար դրամ: Նա այդ տարվա ընթացքում ձեռք է բերել 70 հազար դոլար արժողությամբ LEXUS LX 5.7 GAS մակնիշի ավտոմեքենա:
Պատգամավորն ունի նաեւ անհատական բնակելի տուն, հողին ամրացված այլ շինություն եւ հողամաս: 2013թ. տարեկան հայտարարագրում նա, բացի աշխատավարձից, այլ տվյալներ չի ներկայացրել: Այն կազմել է 2 մլն 959 հազար դրամ: Ա. Մովսիսյանի կինը` Նելլի Մովսիսյանը, հայտարարագրել է միայն աշխատավարձ: Այն կազմել է 880 հազար դրամ: Բնականաբար, այս տվյալներն իրականությունից շատ հեռու են: Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ հայտնի պատգամավորը Փարաքարի ճանապարհին խաղատուն է ունեցել, սակայն խաղատների մասին նոր օրենքի ընդունումից հետո ստիպված փակել է այն եւ վերածել գիշերային ակումբի: Տարիներ առաջ տեղեկություններ եղան, թե նա 700 քմ տնամերձ հողամաս է զավթել 55 տարվա մանկավարժ մի կնոջից եւ հենց այդ տարածքում էր կառուցել խաղատունը: Առհասարակ հայտնի է, որ Շմայսը սեր ունի խաղատների հանդեպ, եւ հրապարակումներ են եղել, թե մեծ գումարներ է տանուլ տվել:

 




Լրահոս