Մայր աթոռում երեք հոգևորականներ եպիսկոպոսության աստիճան են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, սուրբ պատարագի ժամանակ տեղի է ունեցել նաեւ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում: Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը եւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվել է ընծայացուների ուխտադրության արարողությունը, որի ընթացքում Հայր Սուրբերը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը վերահաստատելով, ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Նոյեմբերի 16-ին Հայրապետական Ս. Պատարագն սկսվել է Մայր Տաճարի Ս. Ստեփանոս Նախասարկավագի խորանի վրա, որտեղ կատարվել է նաեւ ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը։
Այնուհետեւ ապագա եպիսկոպոսների արժանավորության մասին Գարեգին Բ-ի առջեւ վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ հավատավոր ժողովրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Ս. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:

Որպես առընթերականեր` Նորին Սրբությանը սպասավորել են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Ընծայացուների խարտավիլակն էր Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

«Աստվածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի են եկել վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից:

Այնուհետեւ շարականներին, քաղված սաղմոսներին եւ առ Աստված ուղղված աղոթքներին հաջորդել է օծման հանդիսավոր պահը: Մայր Տաճարի մկրտության ավազանից թափորով բերված Սրբալույս Մյուռոնով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Նարեկ, Աբգար եւ Վարդան վարդապետներին, օծել է նրանց ճակատներն եւ աջ ձեռքերի բութ մատները:

Ձեռնադրության եւ օծման արարողության ավարտին եպիսկոպոսներին հանձնվել եին նաեւ իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններն ու մատանիները:
Այս բերկրալից առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին եւ ներկա բարեպաշտ ժողովրդին:

Ս. Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կանչվելու առիթով շնորհավորել է նաեւ հավատավոր ժողովուրդը:

Ձեռնադրության արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, Բրազիլիայի եւ Կանադայի հայոց թեմերի թեմական խորհուրդների եւ եկեղեցականաց դասի ներկայացուցիչներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, բարերար հայորդիներ, ՔԴԿ եւ «Էօրնեկյան հանրակրթական դպրոցի» աշխատակիցներ եւ սաներ, ձեռնադրյալների բարեկամներ եւ բազում ուխտավորներ:

Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսների կողմից Մայր Տաճարում կմատուցվեն ուխտի պատարագներ:




Լրահոս