ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2000-ԻՆ ՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ՕԼԻԳԱՐԽՆ ԷՐ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» եւ «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է: Դատավոր Կատվալյանի` «Արմավիային» սնանկ ճանաչելու մասին վճռի համաձայն՝ ավիաընկերությունը «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պարտք է 38 միլիոն 378 հազար դոլար:
Նկատենք, որ 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Միխայիլ Բաղդասարովը համարվում էր Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ցորենի, բենզինի, դիզվառելիքի հիմնական ներկրողը հենց նրան պատկանող ընկերություններն էին: Նախկին «Հայխնայբանկի» հիմնական բաժնետերն էր, Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերը եւ այսպես շարունակ: Բաղդասարովի «անկումը» սկսվեց այն բանից հետո, երբ նա 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ փորձեց իրեն դրսեւորել որպես «ազատ» գործարար: Դրանից հետո նրա գործերը մի փոքր վատացան: Սակայն 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ էլ նա իշխանություններից իրեն հեռու պահեց, որից հետո սկսվեց նրա «ազատ անկումը»: Երեք տարում նրա ընկերությունները մեկը մյուսի ետեւից սկսեցին սնանկանալ, եւ այսօր նրան նույնիսկ խոշոր գործարար չես կարող համարել:

 

 

 

Պետբյուջեից հատկացված գումարների հաշվին ՀՀ ոստիկանությունը հոկտեմբերին Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ բնակարաններ է գնել` իր աշխատակիցներին հատկացնելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակարաններից մեկի` Վանաձորի Բաթումի փողոցի 19 հասցեում առուվաճառքի պայմանագրով որպես գնորդ նշված է ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի անունը: Նա ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է: Տեղեկացնենք, որ 75,62 քմ մակերեսով բնակարանի համար վճարվել է յոթ միլիոն դրամ: Էրիկ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ գործարքում որպես գնորդ հանդես է եկել ի պաշտոնե, իսկ բնակարանն էլ գնվել է ոստիկանության երկարամյա ծառայողին՝ Մերուժան Մարուքյանին հատկացնելու համար: Ըստ Շարմազանովի՝ իր փոխարեն կարող էր ուրիշը լինել իրենց բաժնի պետը, այդ դեպքում նա հանդես կգար որպես գնորդ: Իսկ այն բնակարանը, որում ապրում է Էրիկ Շարմազանովը, իր իսկ խոսքերով, մի քանի տարի առաջ է գնել` հիփոթեքային վարկով:

 

 

 

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնում են իրենց ոլորտում առկա խնդիրների մասին, սակայն արձագանք չկա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել 18 ջերմոցային տնտեսություն: Ջերմոցների մեկնարկային գինը կազմում է 22 մլն 225 հազար 725 դրամ: Մեր տեղեկություններով՝ ջերմոցների սեփականատերերն անցած ձմռանը վնասներ կրելուց եւ պարտքեր կուտակելուց հետո իրենց գույքը գրավադրել են բանկերից մեկում, բայց այդպես էլ չեն կարողացել վարկերը մարել: Արդյունքում բանկը դիմել է դատարան՝ ջերմոցատերերից իր պարտքը բռնագանձելու պահանջով: Պահանջը բավարարվել է, եւ այժմ ջերմոցները ԴԱՀԿ-ն հանել է հարկադիր աճուրդի` նրանց պարտքերը մարելու համար: Ստեղծված իրավիճակը լավագույնս բնորոշում է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են աջակցում գյուղատնտեսությանը՝ խոսքերից զատ:

 

 

 

Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Սա այն նույն համայնքն է, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից համայնքի ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտում էին դրանք: Արդյունքում գյուղում ավագանու նոր ընտրություններ նշանակվեցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համայնքի ավագանու անդամի թեկնածու, ԺՈՒԿ ներկայացուցիչ Վիգեն Դավթյանը ցանկացել է ԲՀԿ ավագանու անդամների եւ ակտիվիստների՝ Նորիկի եւ Վաղինակի թույլ տված ապօրինությունների մասին տեղյակ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը ծանր է նստել նրա վրա: Ավագանու ԲՀԿ անդամներն ու ակտիվիստները նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:00-ի մոտ գնացել են Վիգեն Դավթյանի տուն, արթնացրել քնից, տարել գյուղի գերեզմանոց ու դաժան ծեծի ենթարկել: Վիգենը մի կերպ հասել է իր բարեկամի տուն, ապա տեղափոխվել հիվանդանոց:

 

 

 

ՈՎ ՀՐԱՀՐԵՑ «CASUS BELLI»

Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղն իր հարակից ազատագրված տարածքներով ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին հայտարարությանն ի պատասխան՝ երեկ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ուղղաթիռով մեկնել է Ղարաբաղ` մասնակցելու Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Բնականաբար Սերժ Սարգսյանի այս քայլը կրում էր շատ հստակ ուղերձ, եւ, ըստ էության, պատասխանն էր ադրբեջանական կողմի նետած ձեռնոցին: Նշենք, որ ազերիները ԼՂՀ օդային տարածքը փակելու մասին ոչ միայն հայտարարել էին, այլեւ պաշտոնական նամակով տեղեկացրել էին քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին։ Հակամարտությունների համաշխարհային պատմության մեջ նման քայլերը, սովորաբար, նախորդել են պատերազմական գործողություններին, կամ առնվազն` լարվածության սահմանագծային էսկալացիային: Եվ այս իմաստով Սերժ Սարգսյանի կողմից «փակ օդային տարածքով» ուղղաթիռային երեկվա չվերթը նշանակում էր ազերիների դեմքին նետված պատասխան ձեռնոց:
Ակնհայտ է, որ 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք այսքան մոտ չի եղել, առավել եւս, որ նույն ազերիների կողմից երեկ հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ նրանց կողմից միտումնավոր կերպով է ստեղծվել «casus belli»-ն` պատերազմի առիթը, եւ, ըստ ամենայնի, ոչ առանց գործընթացի շարունակման նախնական հաշվարկների:
Սա հստակ գիտակցում են բոլորը՝ ե՛ւ ՀՀ քաղաքական ուժերը, որոնց ոչ իշխանական հատվածը` եռյակը, ի պատիվ իրենց, երեկ հանդես եկավ ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու եւ արտաքին վտանգի դեպքում միասնական լինելու հայտարարությամբ, ե՛ւ միջազգային հանրությունը, որը կատարվածին կայծակնային արագությամբ արձագանքեց, ե՛ւ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն, որոնք, ի տարբերություն նախորդ` նման դեպքերի, եւս դատապարտեցին կատարվածը:
Միով բանիվ` իրավիճակը կարծես թե լուրջ է, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը նման աննախադեպ սադրանքի է դիմում աշխարհաքաղաքական բեւեռներից մեկի հրահրմամբ: Թե կոնկրետ որ բեւեռի, դժվար է հստակ ասել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ թե՛ առաջիկա օրերին ԵՏՄ պայմանագրի քննությունը ՍԴ-ում, ապա վավերացումը ԱԺ-ում, ասել է թե` վերջին հնարավոր (թեեւ` անհավանական թվացող) շանսը Հայաստանի եվրասիական կուրսը շեղելու հարցում, թե՛ ԵՄ-ՀՀ հարաբերությունների հնարավոր վերասերտացումների միտումները, թե՛ ուղղաթիռը խոցած հրթիռի ծագումնաբանությունը (ըստ հավաստի աղբյուրների` ռուսական), թե՛ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանային կետերում ԵՏՄ սահմանապահների տեղակայման հեռանկարը եւ թե՛ դրան Իրանի կամ Թուրքիայի արձագանքը, եւ, ի վերջո, Իսլամական պետության շուրջ ընթացող զարգացումները:

 




Լրահոս