Այսօր Ուսանողների միջազգային օրն է: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել այդ առթիվ.
«Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր: Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը կարող ուժ է յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում՝ միաժամանակ լինելով պետության հզորության և առաջընթացի գրավականը:
Հայ ուսանողությունը նույնպես քայլում է մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց, դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողն է: Մեր ուսանողությունը հայաստանյան կրթական համակարգի հիմնական հենասյուներից մեկն է, ուստի յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է՝ լինել առավել ակտիվ ու ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում: Այսօր իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի արժևորումն է, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, ձեր քաղաքացիական գիտակցությունը, ինչպես նաև սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը: Ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը:
Հուսով եմ նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությունը՝ մայր բուհի ստեղծման օրը՝ մայիսի 16-ը, նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, մոտ ժամանակում պաշտոնապես կընդգրկվի պետական տոնացույցում և նոր լիցք ու խանդավառության կհաղորդի մեր երկրի երիտասարդներին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող տեղացի ու արտասահմանցի բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում հաստատուն կամք, եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:
Լավագույն ցանկություններով` Արմեն Աշոտյան»