5 օր առաջ ադրբեջանական զինուժի կողմից խոցված կետն այս պահին էլ շարունակում է կրակի տակ պահվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղն անում է հնարավորը՝ տեղում մշտադիտարկում անցկացնել կարողանալու նպատակով:
«Լեռնային Ղարաբաղը բանակցում է ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի հետ, նաև, որպեսզի մշտադիտարկում անեն այդտեղ: Փաստորեն դեպքից 5 օր անց էլ այդ կետին մոտենալ չի լինում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Խոցված ուղղաթիռը վայր էր ընկել շփման գծի չեզոք գոտում. նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նշել են, որ հայկական օդուժի ուղղաթիռը խոցվել է Աղդամի շրջանում՝ Չեմենլի բնակավայրի մոտակայքում։