Այսօր ԱԺ-ում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծի հարակից զեկուցող, «Պետական, իրավական հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը.«Հնարավոր համարո՞ւմ եք, որ համաշխարհային բանկի փորձագետները հրավիրվեն հանձնաժողով, որի ընթացքում ակտիվ քննարկում կազմակերպվի, կամ էլ հրավիրվեն բոլոր այն դերակատարները, որոնք շարժական գույքի մասով պարտավորությունների առաջացման և կատարման իմաստով պետք է ունենան այդ վստահությունը»:
Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև այն հարցը, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում պետք է սահմանվի «շարժական գույք» հասկացության կոնկրետ իմաստը: Փորձագետներին հանձնաժողով հրավիրելու հարցում հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանն առարկություններ չհայտնեց:
«Շարժական գույք» հասկացության սահմանման հարցում Ա. Հովհաննիսյանն ասաց.«Մենք միշտ սահմանել ենք «անշարժ գույք» հասկացությունը, իսկ «շարժական գույք»-ի հարցում առաջնորդվել ենք մնացորդային սկզբունքով: Այսինքն` այն ամենն, ինչն անշարժ գույք չէ և չի համապատասխանում «անշարժ գույք» հասկացությանը, միշտ համարել ենք շարժական գույք»: