«ՈՐՏԵՂ ԳԵՂԻ ՆԱԽԻՐԸ, ԸՆԴԵՂ ՊԱՌՎԻ ՄՈԶԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը՝ կոալիցիա չկազմելու վերաբերյալ, դեռեւս շատերի «կոկորդին» է մնացել:  Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդի այս հայտարարությունից հետո շատերն են լքելու հարազատ կուսակցությունը, հատկապես ԲՀԿ նախարարները: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ-ականների հետ՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ են անելու նրանք իրենց առաջնորդի հայտարարությունից հետո եւ ինչպես են պատկերացնում իրենց ընդդիմադիր «դիրքերում»:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Կոալիցիա չկազմելով այլ կուսակցությունների հետ` ԲՀԿ-ն ընդդիմադիր է դառնում, Դուք Ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում որպես ընդդիմադիր:
-Ես ինձ համար կարող եմ ասել, որ որտեղ գեղի նախիրը, ընդեղ էլ պառվի մոզին, մնացածն ինձ չի հետաքրքրում:
-Այսինքն՝ սպասե՞նք նոր ընդդիմության ԱԺ-ում:
-Ես իմ կուսակցության հետ եմ եւ կարող եմ նորից կրկնել, որ որտեղ գեղի նախիրը, ընդեղ էլ պառվի մոզին:
-Դժգո՞հ չեք, որ կուսակցության առաջնորդը որոշեց կոալիցիա չկազմել, հնարավո՞ր է՝ կուսակցությունից դուրս գաք:
-Իմ նշանաբանը մեկն է` որտեղ գեղի նախիրը, ընդեղ էլ պառվի մոզին, որտեղ իմ նախիրը, ընդեղ՝ ես:
-Չե՞ք հիասթափվել, որ այդ կուսակցության շարքերն եք ընդգրկվել:
-Երբեք:

ԱԺ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
-Փաստորեն, ԲՀԿ-ն իր վերջին քայլով դարձավ ընդդիմադիր…
-Մեր կուսակցության առաջնորդը հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասել է, դրանից հետո որեւէ բան ասելն ավելորդ եմ համարում:
-Հնարավո՞ր է՝ հարազատ կուսակցությունը լքեք ԲՀԿ առաջնորդի այս որոշումից հետո:
-Դա բացառվում է:
-Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա չկազմելու հայտարարությունից հետո ԲՀԿ-ն զրկվելու է իր նախարարական պորտֆելներից…
-Ուրեմն լսե՛ք՝ ասեմ, ես չգիտեմ՝ կուսակցությունն ինչից է զրկվում, մենք միշտ էլ եղել ենք անհատներ, մենք կայացած մարդիկ ենք, կարելի է կարծել, թե ինչ-որ կերակրամանից ենք զրկվում, ինչից ենք զրկվում: Չէ՞ որ սա երկիր է, որտեղ  որոշվեց, որ պետք չէ մասնակցել կառավարման այդ ձեւին, ու դրանից հետո որեւէ մեկնաբանություն անելն ավելորդ է: Եթե մենք այսօր դնենք ամեն մեկի կարծիքը մեկնաբանենք, թե այսպես է լինելու, այնպես է լինելու` դուք ո՞նց եք պատկերացնում:
-Զարմանալի է, որ Գ. Ծառուկյանը նման որոշում կայացնելիս իր կուսակցական թիմի հետ չի քննարկել այն:
-Այդ տվյալներն ով տվել է` իրե՛ն հարցրեք, ո՞նց չի քննարկել: Մենք գիտեինք, որ բանակցություններ են գնում, եւ երբ որոշումը կայացվեց, մենք տեղեկացանք: Մենք տեղյակ էինք, թե ինչպիսի քննարկումներ են ընթանում:

ԲՀԿ-ական ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում որպես ընդդիմադիր:
-Ես Հայաստանի Հանրապետությունում չեմ, գործուղման մեջ եմ գտնվում եւ անկեղծ ասած, ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ առանձնակի ցանկություն ունեմ պատասխանելու հարցերի:

Վայոց Ձորի մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ
-Պարո՛ն Բագրատյան, փաստորեն, Դուք զրկվելու եք մարզպետի Ձեր պաշտոնից, քանի որ ԲՀԿ-ն որոշել է կոալիցիա չկազմել այլ կուսակցությունների հետ:
-Ես հարցազրույց չեմ տալիս, հարմար չեմ գտնում, դա իմ իրավունքն է, ցտեսություն ձեզ:
Հ.Գ. Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, լսելով, որ իրեն «Ժողովուրդ» թերթից են անհանգստացնում, ասաց, որ չի լսում, անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց: Հրանտ Մադաթյանը նշեց, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ինչպես միշտ, չվերցրեց հեռախոսը: Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հեռախոսազանգերին օրեր շարունակ պատասխանում է «իր վարորդը»` ամեն անգամ մի բան ասելով. «Զբաղված է, քաղաքում չէ» եւ այլն: ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանն ու ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանն էլ ընդհանրապես հեռախոսազանգերի չեն պատասխանում` իրենց սովորության համաձայն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս