ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ 3 ՀԻՄՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը երեկ սկսեց Հայ ազգային կոնգրեսի հայցի քննարկումը: Այս գործով պատասխանող ճանաչված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի հենց սկզբում միջնորդեց կարճել հայցը: Կարճատեւ խորհրդակցությունից հետո դատարանը մերժեց միջնորդությունը՝ անցնելով գործի քննությանը:
Կոնգրեսի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, ներկայացնելով ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերը, մատնանշեց ընտրություններին մասնակից կուսակցությունների միջեւ անհավասար պայմանները: Ըստ Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, զբաղեցնելով պետական պաշտոններ, ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀՀԿ նախընտրական քարոզչության ժամանակ: Ընդ որում, լրատվամիջոցներով նրանց գործողությունները ներկայացվել են մեկ՝ պաշտոնական տեսանկյունից, մեկ՝ որպես նախընտրական քարոզչություն: Գրիգորյանը նաեւ նշեց, թե ՀՀԿ թեկնածուների 30 տոկոսը եղել են պետական պաշտոնյաներ: «Այսինքն՝ սա գործադիր իշխանության ցուցակ է, այս անձինք մասնակցել են նախընտրական քարոզարշավին` մրցակիցներին ակնհայտորեն դնելով անհավասար մրցակցային պայմանների մեջ»,- ասաց նա՝ հավելելով, թե մյուս կողմից էլ գյուղապետերը, չնչին բացառություններով, գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանդես են եկել որպես Հանրապետականի վստահված անձինք:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ելույթում մատնանշեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու 3 հիմք: Ընդգծելով, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով ու կրել համակարգային, կազմակերպված բնույթ, Զուրաբյանն ուշադրություն հրավիրեց ընտրողների ցուցակների ուռճացվածության վրա: «Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2.5 մլն մարդ: Մեր եւ այլ կուսակցությունների հետ համատեղ ստուգումները ցույց են տվել, որ դրանք իրականում չեն համապատասխանում օրենքի պահանջներին, քանի որ այնտեղ ներկայացված է Հայաստանից բացակայող մոտ յոթ հարյուր հազար մարդ: Ցուցակները մաքրված չեն եղել այն մարդկանցից, որոնք վեց ամիս եւ ավելի չեն եղել Հայաստանում: Այսինքն՝ իրական ընտրողների թիվը կազմում է մոտ 1.8 մլն մարդ, եւ այս պարագայում ընտրություններին մասնակցության պաշտոնական հրապարակված թիվն է 1.5 մլն մարդ: Դա ծիծաղելի է, քանի որ ստացվում է՝ բնակչության 86%-ը մասնկցել է ընտրություններին: Այնպես որ, լավագույն դեպքում այս ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 80 հազար մարդ, ինչը ցույց է տալիս, որ առնվազն 500,000 ձայն չի համապատասխանում Հայաստանում առկա ժողովրդագրական տվյալներին»,-հայտարարեց Զուրաբյանը: Որպես երկրորդ հանգամանք՝ նա մատնանշեց դրոշմակնիքների՝ արագ օքսիդանալու փաստը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, առավոտյան ժամը 7:30-ից ընտրատեղամասեր են այցելել մեծ թվով ընտրողներ, ինչը աննախադեպ է ու ոչ պատահական: Երրորդ հանգամանքը, ըստ նրա, եղել է համատարած կերպով ընտրակաշառքի բաժանումն եւ վախի մթնոլորտը:
Վահե Գրիգորյանին պատասխանող Տիգրան Մուկուչյանը մի քանի հարց ուղղեց: «ՀԱԿ ցուցակում ընդգրկված էին Երեւանի ավագանու անդամներ, եւ դա հավաստվեց նաեւ այն հանգամանքով, որ երեկ ներկայացվել են ինքնաբացարկներ նաեւ այդ պաշտոնից: Դա տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոն է, հետեւաբար ձեր տրամաբանությամբ նրանք էլ են ապօրինի քարոզչությամբ զբաղված»,-փորձեց խորամանկել Մուկուչյանը: Վահե Գրիգորյանն էլ նրան հիշեցրեց, որ քարոզչությանն ավագանու անդամների մասնակցության մասին ինքը ոչինչ չի ասել, ՀԱԿ-ում էլ չկա Երեւանի քաղաքապետ: Մյուս հարցերի մասին Գրիգորյանը նշեց, որ դրանց լիարժեք պատասխանելու համար ժամանակ է հարկավոր: ՍԴ-ն, բավարարելով ՀԱԿ ներկայացուցչի խնդրանքը, ընդմիջեց նիստը մինչեւ մայիսի 29-ը:
Նկատենք, որ ՍԴ նիստերը ձեւական բնույթ են կրում, որին կողմերը մասնակցում են պարզապես մասնակցած լինելու համար: Թերեւս դա էր պատճառը, որ, օրինակ, նույն ՀԱԿ-ը ՍԴ մոտ երեկ նույնիսկ պիկետ չէր կազմակերպել: Եվ ընդհանրապես, Կոնգրեսն ընտրություններից հետո ընդամենը մեկ անգամ է հանրահավաք արել:
Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե խորհրդարան գնալով՝ իրենք չեն դադարեցնելու փողոցային պայքարը: «Մենք շատ շուտով՝ կառավարության ձեւավորումից հետո, կանցկացնենք մեր հերթական հանրահավաքը, որովհետեւ ունենք լուրջ ասելիքներ ժողովրդին, եւ մեր հանրահավաքային, փողոցային պայքարը շարունակվելու է ուղիղ այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ: Միայն այս դեպքում է, որ կարելի է համաձայնվել ընտրությունների արդյունքների հետ եւ համարել, որ փողոցային պայքարն այլեւս իմաստ չունի, պետք է քաղաքական պայքարը տեղափոխել խորհրդարան»,-ասաց Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ՍԴ դիմումին, Զուրաբյանը նշեց, թե ՍԴ-ն եւս ռեժիմի կցորդն է: «Այնուամենայնիվ, մենք ներկայացնում ենք մեր փաստերը. սա արվում է ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային հանրության համար: Բոլորը պետք է տեսնեն, որ Հայաստանում իրականացվել են համատարած կեղծված ընտրություններ: Այս հարցը հասցնելու ենք մինչեւ Եվրոպական դատարան, իսկ դրա համար մենք պետք է սպառենք ներհանրապետական բոլոր ատյանները»,- մեկնաբանեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս