ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սույն թվականի նոյեմբերի 18-ի հրապարակած զեկույցում անդրադարձ է արվում (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխություններին:
Սպառմանն ուղղված ծախսերն ավելի ճշգրիտ տեղեկատվություն են ներկայացնում բարեկեցության մասին, քանի որ եկամուտների բացակայությունը դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ այն դեպքերում, երբ տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ վարկային շուկայից միջոցների ներգրավման եղանակով: Նախորդ տարվա աղքատության գիծը հաշվարկվել է՝ վերանայելով 2009 թվականի նվազագույն պարենային զամբյուղը և ոչ պարենային ապրանքների գնահատված մասնաբաժինը:
Աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Աղքատության ընդհանուր՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ
աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են համապատասխանաբար 39193 դրամ (կամ 95.7 ԱՄՆ դոլար), 32318 դրամ (կամ 78.9 ԱՄՆ դոլար) և 22993 դրամ (կամ 56.1 ԱՄՆ դոլար):