ՀԱՆՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում վերջապես տեղի ունեցավ բնակբաշխման եւ բնակարանների վիճակահանության երկար սպասված նիստը: Հերթը 463 երեքսենյականոց բնակարանների շահառուներինն էր: Գյումրու Դրամատիկական թատրոն էին եկել ոչ միայն նրանք, ովքեր մասնակցելու էին վիճակահանությանը, այլեւ մեկ-երկուսենյականոցների սպասողներն ու բազմաթիվ անօթեւաններ մարզի գյուղական բնակավայրերից, որոնք եկել էին անձամբ նախարարից ճշտելու՝ երբ է մեկնարկելու բնակարանաշինության գյուղական ծրագիրը:
Նիստը, սակայն, հարթ չընթացավ: Եղան անօթեւաններ, որոնք աղմուկ-աղաղակ բարձրացրին՝ դժգոհելով, որ 24 տարի սպասելուց հետո պետության պարտադրած պայմաններով բնակարանն իրենց ձեռնտու չէ: Բանն այն է, որ այն ընտանիքները, որոնցում կան բացակա անդամներ, չեն կարող ստանալ այն սենյակների թվով բնակարան, որքան կորցրել են: Շահառուներից մեկը բարձրացավ բեմ եւ սկսեց գոռալ քաղաքաշինության նախարարի վրա. «Իմ հարցը լուծե՛ք: 4-սենյականոցը կտրեցիք, թե մարդ է բացակա: Ո՞ւմ մեղքով է բացակա, քո՛ւ, որովհետեւ գործ չես տա»:
Մյուսները վրդովված էին այն հանգամանքից, որ չնայած նորակառույցները գրեթե պատրաստ են շահագործման, սակայն անհեթեթ պատճառաբանությամբ հետաձգվում է բնակբաշխման գործընթացը՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիսը, ասել է թե նախագահական ընտրությունների նախաշեմը: Այդ մարդկանց  համոզում են, թե լավ կլինի՝ ձեր ճաշակով հարդարենք ձեր բնակարանները, եւ դո՛ւք ընտրեք սենյակների գույնը: Իսկ այս ամենը որոշակի ժամանակ է պահանջում, որը կձգվի միչեւ 2013թ. փետրվար: «Դա շատ վատ է: Իրանք չեն ուզե ընդունե, որ սենյակի գույնը իմ համար մեկ է: Գույնն ի՞նչ էնեմ, որ տնակում էս ձմեռ էլ պիտի սառեմ: Ես ինքս էլ կներկեմ՝ ինչ գույն ուզենամ: Էդ ի՞նչ ձեւ է»,-դժգոհեց բնակարանի սպասող անօթեւան Սիլվա Կիրակոսյանը:
Գուցե թե սա համարեինք պատահականություն, եթե չպարզվեր, որ Ախուրյան համայնքում կառուցվող բազմաբնակարանների շահագործման ժամկետը եւս երկարաձգվել է ու դարձյալ մինչեւ 2013թ. փետրվար ամիսը, մինչդեռ Ախուրյանի բնակարանները շահառուներին պետք է հանձնեին այս տարվա սեպտեմբերին:  Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը ժամանակի փոփոխությունը պատճառաբանեց այսպես. «Մի քիչ ձգձգումներ եղան, ծավալների փոփոխություն եղավ, եւ դրա համար փետրվարին կհանձնվեն շահագործման: Սկսվում է  4-րդ շենքի շինարարությունը, եւ հանձնարարական է եղել, որ հասցնեն բոլոր 4 շենքերը միասին հանձնեն շահագործման»: Ակնհայտ է, որ իշխանությունները PR-ի խնդիր ունեն, եւ փետրվարին բնակբաշխման պրոցեսը դառնալու է ՀՀԿ առաջնորդի քարոզարշավի մեխը:
Ի դեպ, վիճակահանության ժամանակ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն անօթեւաններին փոխանցեց, որ բնակարանաշինության պետական ծրագիրը շարունակվելու է. «Մուշ թաղամասում կառուցելու ենք մոտ 410-420 բնակարան: Այդ որոշումն արդեն կայացել է»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս