ԱՅՐՈՒՄԻ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Այրում բնակավայրը 2006թ-ից քաղաքի կարգավիճակ ունի: Երեւանից 206 կմ հեռավորության վրա գտնվող Այրումն ընդամենը 2350 բնակիչ ունի:  Փոքրիկ քաղաքը սեփական հողատարածքներից զուրկ է, նախկին բանավանը հիմնվել է տեղի պահածոների գործարանի հենքի վրա, որի ներկայիս  հիմնական սեփականատերը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է: Խորհրդային տարիներին հզոր պահածոների գործարանն այժմ չնչին կարողություններով է գործում: Այրումցիների քիչ մասն աշխատում է համանուն երկաթուղային կայարանում, շատերն արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Միայն պահածոների գործարանի դիմացի շենքից այս տարի «խոպան» է մեկնել 25 հոգի, եւս 5-ն էլ կմեկնի օրերս: Ամեն օր Բագրատաշենի, Պտղավանի ֆերմերները Այրումում հավաքում են անգործ մարդկանց խմբեր եւ տեղափոխում իրենց պատկանող արեւածաղկի դաշտերը: Կիզիչ արեւի տակ փխրեցման, քաղհանման ծանր աշխատանքի համար գործատուն  բանվորին օրական վճարում է 2-3 հազար դրամ: Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանն Այրում քաղաքում հայտարարեց, որ Հայաստանում աղքատության ամենացածր մակարդակը Տավուշի մարզում է, ավելի ցածր է, քան նույնիսկ Երեւանում: Այդ հանդիպման ժամանակ այրումցիները Սերժ Սարգսյանից խնդրում էին իրենց մոտ աշխատատեղեր ստեղծել, որպեսզի կարողանան լուծել հանապազօրյա հացի խնդիրը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս