ԱՆԱՄՊ ՈՒ ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ ՄԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովրդի համար մայիսն առանձնահատուկ ամիս է.  հենց մայիսին են տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը, Հայրենական մեծ պատերազմը, Շուշիի ազատագրումը, Սարդարապատի հերոսամարտը:

ԿՈՄԱՆԴՈՍ (ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ)
-Երբ հաղթանակների մասին խոսում ենք, հիշում ենք Սարդարապատը, Ղարաբաղը: Մեր ազգը պետք է հասկանա, որ շրջապատված է թշնամիներով ու պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը: Բայց պետք չէ, որ բոլորը զինվոր լինեն, զենք վերցնեն: Բոլորը թող լինեն հայրենասեր: Մայիսի 28-ը մեր հանրապետության ծննդյան տոնն է: Շատ կռիվների եմ մասնակցել, բայց ուզում եմ, թե ոչ՝ աչքերս բացում-փակում եմ՝ Շուշիի գրավումն է:
Առողջություն եւ ուժ մեր ազգին, շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ: Ուզում եմ քաջություն, խիզախություն ու կամք մաղթել մեր զինվորներին, որոնք առաջին գծում են, թող միշտ զգոն լինեն: Նրանք պետք է հասկանան, որ ուրիշներն ուժ չունեն՝ մեր դեմ պայքարելու: Մենք ուժեղ բանակ ունենք, մեզնից պետք է վախենան: Ուժեղների վրա չեն հարձակվում: Մենք մեր բանակով կապահովենք մեր խաղաղությունը: Երկիրը պետք է սիրել ու ամեն րոպե պատրաստ լինել կռվել հանուն նրա, բայց թող կռիվ չլինի:

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Մայիսն ինձ համար ոչ միայն հաղթանակների ամիս է, այլեւ իմ ծննդյան ամիսն է: Մայիսի 6-ին իմ 75-ամյակն էր: Հաղթանակը միշտ էլ գովելի ու հաճելի է: Արցախյան պատերազմում հաղթանակը մեզ շատ ոգեւորեց:
Երբ ազգը հաղթանակ ունի, ուրեմն նա դեմք ու ինքնորոշում ունի: Արդեն հաղթանակ բառն իր մեջ ամեն ինչ ասում է: Հաղթանակները հաճելի են, բայց թող կյանքն էլ մեր երկրում նույնչափ հաճելի լինի, որ մարդ ապրի, ինչպես արժանավայել է հայ մարդուն: Հաղթանակը հաղթանակ, բայց դե լավ ապրելակերպն էլ պետք է հաղթանակ լինի: Ինչպես մենք հաղթանակներով ենք ոգեշնչվում, այնպես էլ հաղթական լինենք մեր կենցաղում:
Շնորհավորում եմ մեզ բոլորիս հաղթանակների կապակցությամբ ու ցանկանում, որ երբեք այնպիսի իրավիճակներ չլինեն, որ մենք հաղթենք, հետո ուրախանանք, չէ՞ որ հաղթանակը կյանքի գնով է ձեռք բերվում: Դրա համար կցանկանամ մեր ժողովրդին անամպ երկինք, խաղաղ կյանք, բարեկեցություն ու բարգավաճում:

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԱՍՈ)
-Հաղթանակը հաղթանակ է, իսկ դա միշտ դրական բան է: Այդ ամենով հանդերձ` հաղթանակն իր մեջ նաեւ վատ կողմ ունի: Խոսքս պատերազմների հետեւանքների մասին է: Ճիշտ է, ես մասնակից չեմ եղել այդ պատերազմներին, բայց հոգեբանորեն զգում եմ այդ ամեն ինչը: Ինքս բանակում ծառայել եմ ու 6 ամիս էլ կանգնել եմ առաջին գիծ՝ սահմանի վրա: Պատերազմում ես, հաղթում, բայց երբ հետ ես շրջվում, տեսնում ես, թե ինչքան ընկերներ չկան կողքիդ:
Մայիսը հաղթանակների ամիս է, ինչը ես լավ զգացի: Պաշտպանության նախարարության կողմից միջոցառումներ են կազմակերպվել, նաեւ Ղարաբաղում մեծ միջոցառում եղավ, որին նույնպես մասնակցեցի: Միշտ էլ այդ տոներին ուշադրություն դարձվում է, հաղթանակների օրերը նշվում են: Կռիվներին մասնակցած հերոսներին շքանշաններ ու կոչումներ են տալիս, պատահում է նաեւ՝ հետմահու:
Ի դեպ, պապիկս Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, հաշմանդամ, ձեռքը վնասված էր, բայց չէր պատմում պատերազմի մասին: Որ ճիշտն ասեմ, այդքան էլ տեղ չեմ տալիս այդ պատմություններին: Գնում են բանակ, եսիմ ոնց ծառայում, բայց որ հետ են գալիս, հերոսի պատմություններ են պատմում: Մարդ էլ կա՝ սահմանի վրա չի կանգնում, բայց թիկունքում մեծ աշխատանք է անում սահմանի վրա կանգնած զինվորի համար:
Շնորհավորում եմ մեր հերոս ազգին իր բոլոր հաղթանակների կապակցությամբ, ցանկանում եմ, որ իմ հայ ազգը երբեք արցունք չտեսնի: Աշխարհում էլ պատերազմ կամ պարտություն չլինի: Բոլորս իրար հարգենք, սիրենք, չկռվենք, որ հետո էլ չմտածենք հաղթանակների մասին: Միեւնույն է, եթե անունը պատերազմ է, նշանակում է՝ կորուստներ են լինելու:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս