ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀԱԹ Բ-2-ի 121 եւ 123 շենքերի մուտքերում մեծ քանակությամբ առնետներ են վխտում: Այդ կրծողներն այնքան շատ են, որ բնակիչները վախենալով են մտնում մուտք: Բնակարանների դռներն անգամ երկու րոպե չեն կարողանում բաց թողնել, քանի որ առնետները մտնում են ներս: Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում առնետների դեմ:

Գոհար Սարգսյան, 45 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀԱԹ Բ-2-ի 121 եւ 123 շենքերի մուտքերում մեծ քանակությամբ  առնետների առկայության հետ կապված՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է.
1. ՀԱԹ Բ-2 համար 121 շենքը կառավարվում է «Լիլիա» համատիրության կողմից, որը 07.12.2011թ. համար 95 պայմանագիր է կնքել «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» փակ բաժնետիրական ընկերության հետ, եւ պայմանագրի համաձայն՝ շենքում կատարվում են դեռատիզացիոն աշխատանքներ:  
2. ՀԱԹ Բ-2 համար 123 շենքը կառավարվում է «Արսեն» համատիրության կողմից, որը 07.12.2011թ. հ.89 պայմանագիր է կնքել «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» փակ բաժնետիրական ընկերության հետ, եւ պայմանագրի համաձայն՝ շենքում կատարվում են դեռատիզացիոն աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ մի կողմից հակաառնետային պայքար է մղվում, իսկ մյուս կողմից դրանք բազմանում ու տարածվում են: Բնակիչները հազիվ թե հենց այնպես դժգոհեն, իսկ նշված տարածքը սպասարկող համատիրությունները, ըստ երեւույթին, կա՛մ լավ չեն աշխատում, կա՛մ առնետների դեմ պայքարում են՝ նրանց արհամարհելով:




Լրահոս