Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը խաղացել է «Ռուզան», «Էլի մեկ զոհ», «Անվերադարձ ապագա», «Բերնարդա Ալբա», «Մակբեթ» եւ այլ ներկայացումներում, 2007թ.-ից նկարահանվում է հեռուստասերիալներում, 2010թ.-ից՝ Հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել» նախագծում:
Ծովինարը եւ նրա ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, սպասում են իրենց երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն։ Երբ զանգահարեցինք դերասանուհուն, պարզվեց, որ, բժիշկների կանխատեսմամբ, այդ երջանիկ իրադարձությունը տեղի կունենա մեկ շաբաթ հետո: Իսկ առայժմ` կանանց տոների կապակցությամբ դերսանուհին նվերներ ու ծաղիկներ է ստանում իր սիրելի տղամարդկանցից` որդուց եւ ամուսնուց:
-Իհարկե, ինձ համար անակնկալ էր տղայիս՝ Անրիի նվերը. ձեռքի աշխատանք էր պատրաստել, նամակ գրել, շնորհավորել… Այնքան ուրախացել եմ այդ օրը. անընդհատ ծաղիկներ էի ստանում ամուսնուցս ու տղայիցս… Մտածում էի, որ արդեն վերջինն է, բայց անընդհատ բերում էին, բերում։ Իսկ ես ծաղիկներ, հատկապես կարմիր վարդեր, շատ եմ սիրում։
-Իսկ Ապրիլի 7-ը նշելո՞ւ եք, թե՞ Մարտի 8-ով կբավարարվեք։
-Կարծում եմ՝ էլի կնշեմ. ամուսինս սիրում է ինձ միշտ անակնկալներ մատուցել, նա առանց դրա չի կարողանում։ Չնայած ինձ համար երկրորդ բալիկիս լույս աշխարհ գալուց ավելի հաճելի անակնկալ, նվեր չկա։
-Անունը որոշե՞լ եք։
-Ոչ, թողել եմ ամուսնուս ու տղայիս հայեցողությանը։
-Որքան գիտեմ, առաջին երեխայի դեպքում մինչեւ վերջին օրերն աշխատել եք, իսկ հիմա՞։
-Այս անգամ որոշեցի շուտ գնալ «դեկրետի», որովհետեւ ուզում էի վայելել հղիությունս։ Դա նաեւ հանգստանալու հնարավորություն էր. անցած տարին ինձ համար շատ լարված էր։ Ամեն դեպքում, թատրոնում երեւի մինչեւ վեց ամսվա հղիությունս խաղացի, ու հանդիսատեսը չէր հասկանում, որ հղի եմ։ Մանկական հեքիաթում էի խաղում. «Մադագասկար» ներկայացման մեջ պառավ Ժենիկի կերպարն էի մարմնավորում։
-Երբեւէ մտածե՞լ եք այդ վիճակում հղիի կերպար խաղալ, որ ապրումներն ավելի բնական լինեն։
-Դա կարելի է փորձել գեղարվեստական ֆիլմերում կամ սերիալներում, բայց ներկայացման մեջ (մանավանդ, եթե դրամատիկ կերպար է), կարծում եմ, դա անհնար է, որովհետեւ այդ երկու ժամվա ընթացքում շատ բարդ հոգեբանական վիճակներ են առաջանում, որոնք երեխայի վրա հաստատ կազդեն։ Ընդհանրապես այս ընթացքում փորձում եմ հանրությունից մի քիչ հեռու լինել, մենակ մնալ։
-Աչքից, նավսից հեռո՞ւ։
-Ոչ թե այդպես, այլ, պարզապես, չեմ սիրում ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ լսել, որոնք ինձ խանգարում են: Ես հղիության վերջին երկու ամիսը փորձում եմ անընդհատ ընտանիքիս հետ լինել։
-Քանի որ հիմա ազատ ժամանակ շատ ունեք, երեւի հեռուստացույց էլ ավելի շատ եք դիտում։ Ձեր մասնակցությամբ սերիալները դիտելիս` ինչ-որ բան նկատո՞ւմ եք, որ նախկինում վրիպել է Ձեր աչքից։
-Այդ հարցին չեմ պատասխանի։ Ես հիմա ավելի շատ կարդում եմ երեխայի խնամքի մասին գրքեր. որոշել եմ այս անգամ երեխայիս ինքս մեծացնել, տեսնեմ՝ ինչպես կստացվի, հասկանամ՝ երեխան ինչ բան է (ծիծաղում է-Ռ.Թ.)։ Առաջին երեխայիս խնամելու հարցում օգնել են մայրս, սկեսուրս, իսկ ես հիմնականում աշխատել եմ։ Ուրիշ գրքեր էլ եմ կարդում, ֆիլմեր եմ դիտում։ Անրին առաջին դասարան է հաճախում, եւ շատ լավ ստացվեց, որ տանն եմ ու հասցնում եմ տղայիս հետ պարապել, կարդալ, գրել… Այսինքն՝ միանգամից անցա նրա հետ սովորելու։
-Գնացիք առաջին դասարան։
-Այո, այո։ Ի դեպ. շատ հաճելի է այդպես. ես ինձ շատ լավ եմ զգում այս պարագայում։ Չգիտեմ, մեկ-մեկ մտածում եմ՝ երեւի ես շատ լավ տանտիկին կլինեի, մեկ-մեկ նաեւ ասում եմ՝ երեւի աշխատանքս չշարունակեմ կամ… Վերջին շրջանում Հայաստանում շատ բաների իմաստը կորել է, միակ լավ ու բարի բանն այս կյանքում հավատարիմ ընկերներն են, ընտանիքը, որոնք միշտ կողքիդ են, իսկ մնացածը… Ես թատրոնին նայում եմ որպես աշխատանք, սերիալներին՝ նույնպես, դրանք ընդամենը իմ կյանքի մի բաղադրիչ մասն են կազմում։
ՉԱՐԵՆՑՆ ԱՆՍՊԱՌ ՆՅՈՒԹ Է
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակն է, որի առթիվ կայանալու են գրական-գեղարվեստական միջոցառումներ, Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս եւ Չարենց» խորագրով ցուցահանդեսը, առաջին անգամ կցուցադրվեն Կոմիտասի թաշկինակը եւ այլ մասունքներ:
Երիտասարդ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը համարում է, որ իր սերունդն ավելի շահեկան դիրքում է Չարենցին գնահատելիս, որովհետեւ զերծ է գաղափարական բազմաթիվ պարտադրանքներից,որ ժամանակին եղել են. «Մեր սերնդի կողմից Չարենցն ընկալվեց եւ գնահատվեց ոչ այնքան «Ամբոխները խելագարված»-ով, պոպուլիստական երգերով, Լենինին կամ հեղափոխությունը ներբողող գործերով կամ միայն «Ես իմ անուշ Հայաստանի»-ով, այլ հենց մեր օրոք շրջանառության մեջ դրվեցին Չարենցի անտիպները, նորովի գնահատվեց Չարենցի ամենահանճարեղ գործը՝ «Գիրք ճանապարհի»-ն։ Իսկ դա, բնականաբար, բերեց ընկալումների նոր դաշտ։ Այսինքն՝ Չարենցի իրական մեծությունը հենց մեր օրոք վերարժեւորվեց, գնահատվեց, եւ մենք այսօր Չարենցի իրական մեծության ժառանգորդներն ենք դառնում»։ Ըստ մեր զրուցակցի՝ Չարենցը շատ լավ ներկայացրել է իր մեծության գաղտնիքը հենց «Գիրք ճանապարհի» գրքում։ Գրողը մեծ հարգանք է տածում իր նախորդների, մեծ հոգածություն՝ ապագա սերունդների հանդեպ, որը դրսեւորվել է նրա ստեղծագործության բազմաշերտության ու համադրականության մեջ, ավանդույթների բազմազան կիրառության մեջ. «Մասնավորապես «Տաղեր եւ խորհուրդներ» բաժնում նա ներկայացրել է նաեւ գալիքի պայծառ ու գեղեցիկ տեսլականը, ունեցել է կոնկրետ խորհուրդներ, ավանդներ, որոնք տվել է, որպեսզի գալիք սերունդները պատմության քառուղիներում այլեւս չխարխափեն, չշեղվեն։ Եվ Չարենցի այդ ավանդները, խորհուրդները շատ կենսական են։ Չարենցի մեծությունը նաեւ նրանում է, որ ստեղծել է այնպիսի պարարտ հիմք, որպեսզի ամեն մեկս կարողանանք ընկեր լինել իր հետ եւ միեւնույն ժամանակ պահպանենք այն մեծ պատկառանքը, որ ավանդաբար կա նրա հանդեպ»։ Ըստ գրաքննադատի՝ գրականագետները, չարենցագետները, գրողները դեռ շատ քիչ են խոսել Չարենցի մասին, դեռ շատ բան ունեն ասելու. «Մենք անընդհատ համոզվում ենք, որ Չարենցը նորանոր գաղտնագրված շերտեր է բերում, որոնք դեռ բացելու, բացահայտելու կարիք ունեն, եւ ես ուրախությամբ տեսնում եմ, որ վերջին մեկ-երկու տարիներին այդ ուղղությամբ քայլեր արվում են։ Իսկ ընդհանրապես Չարենցը անսպառ նյութ է մեզ համար»,-համոզված է մեր զրուցակիցը։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին այսօր՝ ժամը 19:00-ին, առաջին անգամ Հայաստանում հանդես կգա համերգով: Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ջութակահարը նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում հենց երիտասարդական նվագախմբի հետ համերգով հանդես գալու համար: «Երիտասարդությունը մեր ապագան է: Այն սերը, էնտուզիազմը, որ կա երիտասարդական նվագախմբերում, հենց դա է մեր ապագան»,-ասել է Սիտկովեցկին:
ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ
Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում անցկացվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: Հայտնի կատակերգու, կինոյի եւ թատրոնի մեծ վարպետ Ֆրունզե Մկրտչյանին սիրում եւ գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում եւ, մասնավորապես, Վրաստանում: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզե Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց նրա մեծ տաղանդի եւ խաղացած փայլուն դերերի շնորհիվ նա միշտ կմնա մեր սրտերում»:
Բացման խոսքով հանդես եկավ եւ երեկոյի հյուրերին ողջունեց նաեւ Վրաստանի համերաշխության եւ քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության եւ բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը եւ սերը դերասանի եւ նրա արվեստի հանդեպ: Նշենք, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաեւ Վրաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ռեժիսոր Գեորգի Դանելիան եւ այլք: Միջոցառման ընթացքում ներկայացվել են վիդեո-կադրեր՝ «Միմինո», «Մի վշտանա», «Զինվորն ու փիղը» եւ «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմերից: Միաժամանակ կազմակերպվել էր Մհեր Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների եւ եզակի ֆոտոշարքի ցուցահանդես: