«ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ Է ՊԱՐԶ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պետք է հանդիպեն «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների «պատվիրակությունները»:

Հայտնի է, որ ԲՀԿ-ից հանդիպմանը կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը (խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երկրում չէ): Իսկ ահա «ժառանգություն»-ում երեկ ողջ օրվա ընթացքում ոչ մի կերպ չցանկացան հայտնել, թե ովքեր են ընդգրկված իրենց «պատվիրակությունում»: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ` պարզելու կուսակցության ակնկալիքները ԲՀԿ-ի հետ հանդիպումից:
-Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունից ովքե՞ր են մասնակցելու ԲՀԿ-ի հետ հանդիպմանը:
-Դեռեւս պարզ չէ, թե ովքեր են մասնակցելու:
-Հանդիպումը կայանալու է վա՞ղը (այսօր Ս.Գ.):
-Ամենայն հավանականությամբ:
-Իսկ որտե՞ղ է այն կայանալու:
-Դա էլ որոշված չէ:
-Ինչո՞ւ մինչեւ այժմ նման հարցերը որոշված չեն:
-Դե կքննարկենք ու օպերատիվ լուծում կտանք, չեմ կարծում, որ դա շատ բարդ խնդիր է:
-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ նման մտադրություն չունի:
-Դա էլ դեռ չենք որոշել, մենք վաղը (այսօր Ս. Գ.) տեղեկություն կտանք, երբ որ ամեն ինչ պարզ լինի: Միայն մի բան է պարզ. հանդիպում լինելու է:
-«Ժառանգություն»-ն իր համար հստակեցրել է այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ քննարկում է ունենալու ԲՀԿ-ի հետ:
-Դեռ կքննարկենք, բայց կարծում եմ, որ քննարկելու շատ խնդիրներ այդպես առանձնապես չկան, այսինքն՝ խնդիրները շատ-շատ են, բայց չեմ կարծում, որ քննարկելիքը շատ-շատ է:
-ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հետո հակասություններ եղան, քանի որ ՀԱԿ-ը հայտարարեց, թե իրենց օրակարգում իշխանափոխությունն է, իսկ ԲՀԿ-ն էլ ստիպված եղավ կրկին հայտարարություն տարածել ու նշել, որ իրենց օրակարգում նման հարց չկա, իրենց նպատակը երկրում տիրող իրավիճակին լուծում գտնելն է: «Ժառանգություն»-ը ո՞րն է համարում գլխավոր օրակարգային խնդիրը:
-Դեռ հանդիպումը չի կայացել, ինչի պատճառով էլ ես կոնկրետ որեւէ բան չեմ կարող ասել:
-Իսկ կոնկրետ «Ժառանգություն» կուսակցության նպատակը ո՞րն է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից ի՞նչ ակնկալիք ունեք:
-Մենք կողմնակից ենք միասնական պայքարի ու երկար ժամանակ է դրա մասին բարձրաձայնում ենք, ուստի եթե այդ միասնական օրակարգը, միասնական գործողությունները ստացվեն, իհարկե շատ դրական կնայենք: «Ժառանգություն»-ը պատրաստ է բոլոր այն քաղաքական ուժերի հետ համագործակցել, միասնական օրակարգ մշակել ու դրանք կյանքի կոչել, որոնք գտնում են, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակ է ու պետք է արմատական բարեփոխումներ կատարել: Դրա մեջ ներառվում է նաեւ իշխանափոխությունը եւ որ այդ ամենը տեղի ունենա կոնսոլիդացիայի՝ միասնականության ձեւով: Լայն միասնությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական ուժերի, այնպես էլ ոչ խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
-Կարելի՞ է ասել, որ «Ժառանգության» գնահատմամբ այսօր ԲՀԿ-ն միակ ուժն է, որի վրա պետք է «հենվել» արդյունքի հասնելու համար:
-Ես ուժեր չեմ նշել ու որեւէ անուն չեմ տվել:
-Բայց այսօր Ձեր նշած նպատակների իրագործման նախաձեռնությամբ հանդես է եկել ԲՀԿ-ն:
-Նախաձեռնողի խնդիր չկա, այդ քառյակի համատեղ աշխատանքը դեռեւս նախորդ տարվանից բնական ճանապարհով սկսվեց խորհրդարանում, այնպես որ որեւէ նախաձեռնության մասին այստեղ խոսելը ճիշտ չէ:
-Բայց ԱԺ ոչ իշխանական ուժերն արդեն տեւական ժամանակ է` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցում, ի՞նչ եք կարծում` այս դեպքում կկարողանա՞ք միասնաբար հանդես գալ:
-Իսկ ով ասաց, որ այդ նույն 4 քաղաքական ուժերն էլ ուզում են վարչապետին անվստահություն հայտնել, բայց չեն կարողանում:
-Այդ ուժերը քննարկումներ են անցկացնում, բայց որոշում չեն կարողանում կայացնել:
-Ես հույս ունեմ, որ որոշակի քննարկումներից հետո կարող ենք արդյունքի հասնել: Ես կարծում եմ, որ եթե կան անգամ ինչ-որ ամբիցիաներ, ապա դրանք որոշ ժամանակ հետո հաղթահարվելու են, որովհետեւ եթե որեւէ բան չանեն, ապա այդ 4 ուժերը կարող են այդ ամբիցիաները պահել իրենց գրասենյակներում:

 

 

 

ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՆԻՍՏ ԿԱՆԻ

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն ի վերջո կազմավորվել է ու մարտի 17-ին նշանակվել է առաջին նիստը: Հանձնաժողովի նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն է, հանձնաժողովի անդամներն են՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հանձնաժողովում ներկայացուցիչ չունի:

Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է երեք հարց, որոնք գրեթե 4 ամիս է` առկա են, սակայն քանի որ հանձնաժողվը չէր գործում, դրանք այդպես էլ մնացել են չքննարկված: Նշենք, որ դիմումներից մեկը ներկայացրել են «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունները, մյուսը ներկայացրել են տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը եւ Հակոբ Կարապետյանը, իսկ երրորդ դիմումը ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումը վերաբերում է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները կոպտորեն խախտելուն: Դեռեւս 2013թ. դեկտեմբերին ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանելով լրագրողների հարցին` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման շուրջ, վրդովվել ու հայտարարել էր, թե «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:
Այնուհետեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել Մ. Բադեյանի դեմ` ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով դիմելու նպատակով: Բայց քանի որ այդ նույն հարցով դիմել էին նաեւ վերը նշված հ/կ-ները, լրագրողներն իրենց դիմումը կներկայացնեն միայն հ/կ-ների դիմումի քննությունից հետո:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի եւ Հակոբ Կարապետյանի, ինչպես նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված դիմումներին, ապա հանձնաժողովը դեռեւս պետք է որոշում կայացնի արդյոք այդ հարցերը վարույթ ընդունում է, թե ոչ:
Նշենք միայն, որ լրագրողները դիմել են ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի, ով հայ-ռուսական գազային համաձայնագրի վավերացման ժամանակ շատ վատ վարք ցուցաբերեց լրագրողների հանդեպ:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` հանձնաժողովին ներկայացրած դիմումում նշվում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունն իրեն առաջարկում է գլխավորել օրաթերթի խմբագրական խորհուրդը:
Այդպիսով` նորակազմ հանձնաժողովն առաջիկայում բավականին անելիք ունի:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱԺ ԱՅԳՈՒՄ
Երեկ ԱԺ քառօրյայի երկրորդ ընդմիջումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը ԱԺ բակում շատ լուրջ դեմքերով ինչ-որ հարցեր էին քննարկում: Նրանք շատ երկար զրուցեցին, քայլեցին ու կրկին գնացին խորհրդարան: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանից պարզել, թե ի՞նչ էին քննարկում ԱԺ բակում՝ «ժուչոկներից» հեռու:
-Պարոն Մարգարյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զորւաբյանի հետ ի՞նչ հարցեր էիք քննարկում ԱԺ բակում:
-Անկեղծ ասած, չեմ հիշում, բայց հատուկ ինչ-որ լուրջ բանի քննարկում չի եղել: Երեւի ինչ-որ թեմայի մասին խոսել ենք:
-Հնարավո՞ր է խոսակցությունը կապ ունի ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման հետ:
-Չէ, որեւէ բանի հետ կապ չունի, ինչ-որ հատուկ թեմա չի եղել, ուզում եմ հիշել, թե ինչ է եղել: Չարժի ամեն ինչի մեջ ինտրիգ փնտրել:
-Իսկ ինչո՞ւ էիք այդ թման քննարկում ԱԺ-ի բակում, Ձեզ կաշկանդո՞ւմ են ԱԺ միջանցքներում տեղադրված տեսախցիկները:
-Չէ, ուղղակի նիստերի դահլիճում նստելուց մի քիչ հոգնում ենք, երբեմն դուրս ենք գալիս ու դա առաջին անգամը չէր: Մենք հաճախ ենք դրսում զրուցում, այգում քայլում: Անկեղծ ասած, տեսախցիկները չեն կաշկանդում, այնպիսի թեմա չի, որ այն հույժ գաղտնի լինի: Չգիտեմ, եթե դա իսկապես անվտանգության համար է, որեւէ խնդիր չկա: Ես չեմ նկատել, որ օգտագործվեն այլ նպատակների համար:

 

ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իրեն նոր լիազորություններով օժտել: Ընդ որում, դա անում է կառավարության լիազորությունների հաշվին: Կառավարության երեկվա նիստում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն՝ այսուհետ ԵՄ-ում եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդին նշանակելու է ոչ թե կառավարությունը, այլ` անձամբ վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդների նշանակումը իրականացվում է ՀՀ վարչապետի որոշմամբ, հետեւաբար` նպատակահարմար է, որպեսզի մաքսային կցորդին եւս նշանակի նա: Իսկ սա իշխանատենչության հերթական դրսեւորումն է:

 

ՆԱԽԱՐԱՐԸ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Armlur.am-ի տեղեկություններով` արդեն տեւական ժամանակ է ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գտնվում է «Նաիրի» բ/կ-ում: Նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը կայքին հայտնել է, որ նախարարը պարզապես հերթական պրոֆիլակտիկ ստուգման համար է այցելել բուժկենտրոն: Նշենք, որ Ս. Թադեւոսյանը նախկինում սրտի վիրահատություն է տարել:

 




Լրահոս