«Վերնիսաժի գործով» դատավարության մեկնարկն՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկում է «Վերնիսաժի գործով» դատավարությունը:

Սույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը: Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին խուլիգանության հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վալերիկ Հովհաննիսյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իր վարած «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևանի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենք և ավտոմեքենան կայանելով ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ու փակելով դեպի փողոց դուրս գալու ճանապարհը՝ գնացել է այդ շենքում բնակվող իր ծանոթի տուն:

Այդ նույն ժամանակահատվածում Գոռ Առաքելյանն իր կնոջ և փոքրահասակ դստեր հետ, իր «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայով փորձել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից և տեսնելով, որ «ԲՄՎ X-6» ավտոմեքենան փակել է ճանապարհը, կանչել է շենքի անվտանգության աշխատակիցներին` գործով վկաներ Էդվարդ Սիրդատյանին և Գրիգոր Ավետիսյանին, ու պահանջել գտնել ավտոմեքենայի տիրոջն ու բացել ճանապարհը:

Անվտանգության աշխատակիցները շենքում փնտրելուց ու գտնելուց հետո ավտոմեքենայի տիրոջն ու նրա ընկեր Ներսես Մելքոնյանին տեղեկացրել են, որ ավտոմեքենան խոչընդոտում է ավտոկայանատեղիի երթևեկությանը` պահանջելով այն դուրս բերել այդտեղից:

Վ. Հովհաննիսյանը և Ն.Մելքոնյանն իջել են ցած, որտեղ ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ  հանդիպել են Գ.Առաքելյանին: Նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Վ. Հովհաննիսյանն ու Ն. Մելքոնյանը քաշքշել են Գ.Առաքելյանին՝ փոխադարձաբար հայհոյելով, հարվածներ հասցնելով ու ծեծի ենթարկելով միմյանց:

Փողոցում գտնվող մարդկանց միջամտությունից հետո ծեծկռտուքը դադարել է, յուրաքանչյուրը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ, բայց քիչ անց Ն. Մելքոնյանը կրկին մոտեցել է Գ. Առաքելյանին ու, հանելով իր բջջային հեռախոսը, հայհոյելով պահանջել է նրա բջջային հեռախոսահամարը` ավելի ուշ հանդիպելու ու պահվածքի համար բացատրություն տալու նպատակով:

Ի պատասխան Գ. Առաքելյանը դուրս է եկել իր ավտոմեքենայից և, հանելով գործով չպարզված հանգամանքներում ձեռք բերած ատրճանակը, մի քանի անգամ կրակել է նախ Ն. Մելքոնյանի ուղղությամբ, ապա` ավտոմեքենայի մեջ նստած Վ. Հովհաննիսյանի: Դրանից հետո Վալերի Հովհաննիսյանը փորձել է փախչել, բայց Գոռ Առաքելյանը մի քանի անգամ ևս կրակել է նրա հետևից` պատճառելով մի քանի հրազենային վնասվածքներ:

Այնուհետև Գոռ Առաքելյանը մտել է շենք, իսկ Ն. Մելքոնյանը գնացել է նրա հետևից: Շենքի ներսում Գ. Առաքելյանը կրկին մի քանի կրակոցներ է արձակել Ն. Մելքոնյանի ուղղությամբ` նրան պատճառելով միջին ծանրության վնասվածքներ:

Գոռ Առաքելյանի արձակած կրակոցներից վիրավորվել են նաև «Վերնիսաժ» տոնավաճառում գտնվող Մյասնիկ Հայրապետյանը, Մնացական Սուքիասյանը  և Ալվինա Բադալյանը:




Լրահոս