Բանակում ոտքը կորցրած զինվորին չի տրամադրվել պրոթեզ զինվորական գրքույկ եվ անձնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ժամկետային զինծառայության ժամանակ ականի պայթյունից ոտքը կորցրած Արման Մանուչարյանին չի տրամադրվել պրոթեզ զինվորական գրքույկ, անձնագիր և անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր։
Հայտարարությունում, մասասնավորապես, ասվում է.
2010 թ-ի նոյեմբերի 19-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված Արման Մանուչարյանը, ծառայություն իրականացնելով Մատաղիսի թիվ 33651 զորամասում, 2012 թ-ի փետրվարի 16-ին վիրավորվել է ականի պայթյունից, որի մասին ծնողները տեղեկացել են Վանաձորի զինկոմիսարիատից՝ հեռախոսազրույցի միջոցով:
Պայթյունի հետևանքով Արման Մանուչարյանը կորցրել է ձախ ոտքը՝ ծնկից ներքև: Կատարվածից հետո նա մինչև 2012 թ-ի ապրիլի 13-ը բուժվել է Երևանի “Մուրացան” բժշկական կենտրոնում:
2012 թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցած դեպքից անցել է չորս ամիս: Չնայած Արման Մանուչարյանը ստացել է բուժում, սակայն նրան չի տրամադրվել զինվորական գրքույկ, անձնագիր, անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պաշտպանական գերատեսչության որևէ ներկայացուցիչ չի այցելել Արման Մանուչարյանին:
Փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Արման Մանուչարյանի մայրը բազմաթիվ անգամ դիմել է Վանաձորի զինկոմիսարիատ, սակայն որևէ տեղեկություն փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ չեն հայտնել, որոնց բացակայության պայմաններում Արման Մանուչարյանը զրկված է հետագա բուժում ստանալու հնարավորությունից: Մասնավորապես, մինչ այժմ լուծված չէ Արման Մանուչարյանի պրոթեզավորման հարցը և նրա հարազատներին հայտնի չէ, թե ով է զբաղվելու այդ խնդրով:
Վերը շարադրվածը վկայում է Արման Մանուչարյանի նկատմամբ պաշտպանական գերատեսչության անտարբերության մասին:
Մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է պատասխանատվություն կրել յուրաքանչյուր զինծառայողի համար ոչ միայն զինծառայության ընթացքում, այլև զինծառայության հետևանքով առաջացած զինծառայողների առողջական և սոցիալական ապահովության խնդիրների լուծմամբ:
Հաշվի առնելով Արման Մանուչարյանի և նրա ընտանիքի ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել նախկին զինծառայողի փաստաթղթերի տրամադրման, նրա առողջական և սոցիալական ապահովության խնդիրների հրատապ և արդյունավետ լուծման համար:




Լրահոս