Մեկնարկել են Երեվանում ուղեվորատար տրանսպորտի երթուղիների մրցույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երեւանի քաղաքապետարանի “Երեւանտրանս” ընկերությունում, այսօր` մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղեւորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը եւ այլն: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Հնարավոր թերություններ հայտնաբերելու պարագայում եթե շարժակազմում անհրաժեշտ քանակի մեքենաներ չապահովվեն, մրցույթը կհամարվի չկայացած: Նման դեպքերում կհայտարարվի նոր մրցույթ, որը կանցկացվի 45 օր հետո:  Մինչ այդ, երթուղին կշարունակի ազգաբնակչության սպասարկումը` այլ ռեսուրսների հաշվին համալրում ստանալու պայմանով: Մինչեւ նոյեմբերի վերջ յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 4-5 երթուղու մրցույթ, որից հետո մայրաքաղաքի երթուղային նոր ցանցը կստանա իր լիարժեք տեսքը եւ ըստ այդմ էլ կկազմակերպվեն ուղեւորափոխադրումները: Մրցույթների անցկացման օրերին տվյալ երթուղիներն այդ օրվա որոշակի ժամանակահատվածում չեն սպասարկվի, ինչի համար Երեւանի քաղաքապետարանը կանխավ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:




Լրահոս