ԱԺ նախկին պատգամավոր (1999-2003թթ.), «Սեւանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադեւոսյանը բաց նամակով դիմելու է Սերժ Սարգսյանին` խնդրելով դադարեցնել Սեւանա լճի հետ կապված ծրագրերը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Պարոն նախագահ, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ վերդառնալ «Սեւանա լճի մասին» օրենքի ոգուն եւ տառին: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է` կենտրոնական անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Սեւանա լճի ափերում արհեստական ձկնաբուծության 74 ֆերմերների ստեղծումը, որը հղի է լիճ լցնելու տարեկան 50000 տ արհեստական կերեր ազոտական, ֆոսֆորական եւ այլ վիտամինային քիմիական խառնուրդների ձեւով, կնպաստեն լճի ճահճացման գործընթացին»:
«Եվ սրա հետ մեկտեղ այն առաջարկությունը, որ առաջիկա հինգ տարում Սեւանա լճից ջրառն ավելացնել 70 մլն խմ, այսինքն՝ սահմանված 170 մլն խմ հասցնելու 240 մլն խմ-ի իր մեջ լճի համար մահացու վտանգ է պարունակում, որպես խմելու ջրի ստրատեգիական պաշար, որպես այդպիսին մենք լիճը կկորցնենք: Եվ ընդհանրապես լճի մակերեւույթի բարձրացման գործընթացը կանգնեցնելը, ուղղակի կնպաստի նրա ճահճացման գործընթացին, դրանից հետո անգամ ջրի 6 մետրի բարձրացումը վիճակը չի փրկի, մենք գործ կունենանք Սեւանա լճի էկո համակարգի անդառնալի կորստի հետ»,-նշված է նամակում:
«Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարցեր է ուղղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:
-Պարոն Գրիգորյան, ըստ Աժ նախկին պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի՝ անհապաղ պետք է դադարեցնել Սեւանա լճի հետ կապված ծրագրերը, քանի որ այն վնասակար է լճի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ:
-Իսկ ով է ապացուցում, որ դա վնասակար է Սեւանա լճի համար: Միջազգային բավականին հեղինակավոր մասնագետներ են աշխատել Սեւանա լճի ծրագրի վրա: Այդ ծրագրում գործողությունները ներկայացված են փուլային տարբերակով.առաջին էտապում մենք պետք է կառուցենք երկու խոշոր ժամանակակից ձկնաբուծական գործարան: Ձկնաբուծական գործարանը կառուցելուց հետո տարիների ընթացքում աճեցրած ձկնկիթը պետք է արդեն բուծեն Սեւանա լճում: Ես կարծում եմ, որ այսօր ո՛չ դուք, եւ ո՛չ էլ ես որեւէ բան այդ առումով չենք կարող ասել, քանի որ ծրագիրն ինքը բավականին մեծ փորձաքննություն է անցել ու ՀՀ-ում համապատասխան մասնագետները տվել են իրենց կարծիքը: Ես բնապահպան չեմ ու չեմ կարող մանրամասն բացատրել ծրագրի բուն էությունը, բայց կոնկրետ գիտեմ, որ ծրագիրը բավականին արդյունավետ ազդեցություն կունենա մարզի ազգաբնակչության համար: Ծրագրի ավարտից հետո, այնտեղ պետք է աշխատի մեր մարզի 5 հազար բնակիչ: Եվ այսօր կանգնել ու չիմանալով, դեռ չքննարկված ու դեռ չսկսված ծրագրի մասին խոսել ու ասել, թե ծրագիրը վտանգավոր ազդեցություն կթողնի Սեւանա լճի վրա, կարծում եմ` ճիշտ եւ կոռեկտ չէ: Կրկնում եմ` ծրագրի վրա աշխատել են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ:
-Գ. Թադեւոսյանը նշել է, որ տարիներ հետո Սեւանա լիճը վերածվելու է ճահճի, քանի որ այդ ձկնաբուծարանները հիմնականում աշխատեու են վտանգավոր նյութերով հագեցած արհեստական կերերով: Ի՞նչ կասեք այս մտահոգությանն ի պատասխան:
-Ուրեմն տարեկան 50 հազար տոննա նյութեր են լցվելու ու այնտեղ մասնագետները նաեւ կոնկրետ բացատրել են, թե դա ինչպես է իրականացվելու: Այդ հարցը առաջինը ես եմ բարձրացրել, դա միանգամից չի լցվելու Սեւանա լիճ, այն լինելու է չափաբաժնով: Ու շատ հաճախակի համապատասխան մասնագետներ ուսումնասիրելու են Սեւանա լճի էկո համակարգը: Միջազգային լիցենզավորված ընկերությունը պետք է մատակարարի կերը ու ոչ մի քիմիական տարր չպետք է պարունակեն այդ կերերը: Ամեն ինչ արվում է, որպեսզի կերի գործարանը կառուցվի ՀՀ-ում: Ու բոլորը շահագրգռված պետք է լինեն, որպեսզի ամեն ինչը համապատասխանի օրենքին: Դեռ չսկսած` դրա անօգտակար ազդեցությունների մասին խոսելն ուղղակի անլուրջ է: Մինչեւ ծրագրի իրականացումը պետք կառուցվեն ձկնաբուծարաններ, ավազաններ, այնուհետեւ ձկնաբուծության զարգացումը ցանցավանդակային տարբերակով պետք է իրականացնեն ու այդ ամբողջ գործընթացը վերահսկվելու եւ տեւելու է շուրջ 7-8 տարի: Եթե դա անգամ մի փոքր վատ ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա, կարծում եմ, որ այդ աշխատանքները կդադարեցվեն ու ցանկացած մեկը չի ուզում, որ Սեւանա լճում վնասակար նյութեր հայտնվեն:
ԱՐԴՅՈՔ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ
Դեռեւս 2013 թվականի մարտին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում էին ունեցել, ինչից հետո երկու կուսակցությունների միջեւ «փոխհրաձգություն» էր սկսվել: Գ. Ծառուկյանի կուսակիցներն անգամ հայտարարեցին, թե իրենք ունեն այդ հանդիպման ձայնագրությունը, որը կարող են հրապարակել: Մեկ տարի հետո գրեթե նույն ժամանակահատվածում երկու կուսակցությունների առաջնորդները կրկին հանդիպեցին:
Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե իր համար անակնկալ չէր Գ. Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ընդդիմություն դառնալ, ԲՀԿ գրասենյակը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Ր. Հովհաննիսյանը թերի եւ ոչ ստույգ մեջբերումներ է կատարել իր ու Ծառուկյանի առանձնազրույցից:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. «Պարոն Ծառուկյանն այն եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Եվ այդ անկեղծությամբ ինքը դեմ դիմաց` աչքերի մեջ նայելով, արտաբերել է, թե բացառվում է, որ ինքը երբեւէ դուրս գա իշխանության դեմ: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը հրապարակեց իր տեսակետը, որ իր ներքին հավատամքն է, որքան ես եմ իրեն ընկալել»:
Հովհաննիսյանի այդ հայտարարությունը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը որակեց որպես քաղաքական եւ մարդկային էթիկայի նորմերի խախտում. «Գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որեւէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը եւ համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն, ու նաեւ հայտարարում եմ, որ կա հանդիպման ամբողջական ձայնագրությունը, որը նաեւ ԲՀԿ-ն պատրաստ է հրապարակել»:
Ի պատասխան` հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` ասելով. «Բավականին հետաքրքիր է, եթե իրենք համարում են փակ հանդիպում ու ձայնագրել են…մենք որ խնդիր չունենք, թող հրապարակեն, ինչ որ հրապարակելու են: Ինձ համար անհասկանալի է իրենց վրդովմունքը, ամեն դեպքում պարոն Հովհաննիսյանն ասել է նույն բանը, ինչ որ ասել էր Ծառուկյանը երկու օր առաջ, այսինքն` ինչն է այդտեղ գաղտնազերծվել, եթե կրկնել է ընդամենը նույն բանը:
Ուրեմն դա գաղտնի ձայնագրություն է, որովհետեւ մենք, համենայնդեպս, դրանից տեղյակ չենք եղել, որ ձայնագրում են: Շատ հետաքրքիր է, փաստորեն, եթե այդպիսի բան են ասում, ուրեմն պարոն Ծառուկյանի հետ հանդիպման գնացող ցանկացած մեկը պետք է պատրաստ լինի, որ իրեն գաղտնի ձայնագրում են, ցավալի է, իհարկե, որ իրենք խոստովանում են, որ նման բան կա»,-նշել էր Հ. Խուրշուդյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել` արդյոք մտավախություն չունե՞ն, որ հնարավոր է` Գ. Ծառուկյանն իրենց հանդիպումը կրկին գաղտնաձայնագրած լինի: «Ոչ, ոչ մի մտահոգություն չի եղել, ու կարծում եմ, որ անցած անգամ պարզաբանվել է, անցած անգամվանը շատ արագ հարթվել է ու մենք որեւէ մտավախություն չունենք»,-վստահեցրեց Ա. Մարտիրոսյանը:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՄԻՇՏ ՇՏԱՊՈՒՄ ԵՆՔ
Ուկրաինական ճգնաժամից ու հատկապես Ղրիմի հանրաքվեից հետո, երբ բավականին սրվել են Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերությունները, երկրորդ պլան է մղվել Մաքսային միության ընդլայնման գործընթացը: Համենայնդեպս, այսօր ՌԴ ուշադրությունը սեւեռված չէ ՄՄ-ի վրա: Հետաքրքիր է, այսօր, երբ Արեւմուտքը ՌԴ-ին սպառնում է պատժամիջոցներով, արդյոք ՀՀ իշխանությունները շարունակում են նույն ջանասիրությամբ իրականացնել ՄՄ-ին անդամակցության գործընթացը. «Ժողովուրդ»-ի այս հարցին իշխող կուսակցության` ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք որպես բարեխիղճ ու նորմալ գործընկեր, մեր գործողություններում չենք հապաղել ու չենք հապաղում: Ավելին՝ մանավանդ այս հարցում մեր քայլերը չենք կապում ուրիշ երկրների հարաբերություններով»:
ԱՆԻՄԱՍՏ ՌԵԺԻՄ
Մոնղոլիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Լուվսանվանդան Բոլդի հետ: Նրանք քննարկել են ՀՀ-ի ու Մոնղոլիայի միջեւ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանմանը… եւ վերջապես` վիզային ռեժիմի դյուրացմանը վերաբերող հարցեր: Ուշագրավն այն է, որ Հայաստանը դյուրացնում է իր վիզային ռեժիմը մի երկրի հետ, որտեղ ոչ իր քաղաքացիներն են շատ գնում, ոչ էլ` այնտեղից են շատ եկողները: Համենայն դեպս, 2013թ. ԱՎԾ ցուցանիշներով, ՀՀ Մոնղոլիայից մուտք գործած անձանց թիվն անգամ 100-ի չի հասնում: Իսկ Մոնղոլիայի հետ ՀՀ արտաքին առեւտուրը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 3.3 տոկոսով:
ԷԼԻ ՀԱՐՑԵՐ
ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել ՀՀ գազամատակարարման ոլորտի ուսումնասիրման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամներից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում եղել է մեկ հիմնական հարց. համապատասխան կառույցներին ուղարկվելիք հարցաշարերը, եւ իրենք քննարկել են դա: Մանուկյանը տեղեկացրեց, որ հարցաշարերը բավականին մեծ են. իրենք ցանկանում են առավելագույնս մանրամասն տեղեկություններ ստանալ հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
ՎՃԱՐՈՎԻ՞
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պետքարաններից (կանանց պետքարանի մասին է խոսքը) օգտվելու համար իրենք վճարել են 100 դրամ: Մինչդեռ նախկինում դրանք անվճար էին: Դիմեցինք Էջմիածնի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին` հետաքրքրվելու, թե ինչու է պետքարաններից օգտվելը դարձել վճարովի: «Մայր Աթոռի տարածքում գործող պետքարաններն անվճար են: Կարգն է այդպիսին: Իսկ եթե իսկապես նման բան է արձանագրվել, ապա ես դա կհանձնեմ կառավարչի ուշադրությանը, համապատասխան միջոցներ ձեռքառնելու պատասխանատուների նկատմամբ»,-հայտարարեց նա: